Լրահոս
Օրվա լրահոսը

Հակոբ Ղազանչյանը` «Մետաքս» թաղամասի հուշերի, երեւելի ծնողների ու ավարտված արվեստագետների մասին

Հոկտեմբեր 10,2019 23:00

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի հետ Aravot.am-ի «Հաջողության պատմություն» խորագրի ներքո բավականին անկեղծ ու զգացմունքային զրույց ունեցանք: Aravot.am-ի խնդրանքով, նա որոշ դրվագներ պատմեց իր մանկությունից, ծնողներից, հուշեր, որոնց մասին երբեւէ չէր բարձրաձայնել:

Հին Երեւանի «Մետաքս» թաղամասում ծնված, մեծացած Հակոբ Ղազանչյանը սիրով է հիշում, թե ինչպես էր լույսը բացվելուն պես վազում բակի տղաների հետ ֆուտբոլ խաղալու, նաեւ իրենց փոքրիկ բակի հավաքույթներն է հիշում հոր` Երվանդ Ղազանչյանի ընկերների հետ:

Aravot.am-ի հարցին` իր կարծիքով ի՞նչ ասել է երեւանցի, Հակոբ Ղազանչյանը պատասխանում է, որ օրինակ, իրենց հին երեւանյան թաղամասում բարոյական այլ նորմեր էին գործում, այնտեղ կարեւորվում էին ընկերասիրությունը, ազնվությունը: Ասում է` թաղամասում համարյա բոլորն էին վատ ապրում, սակայն մարդիկ միմյանց նկատմամբ հարգանքով էին լցված, որեւէ մեկը մյուսի հանդեպ տմարդի չէր պահում իրեն: Հիշում է, որ պապին աքսորել էին, եւ հայրը առանց հոր էր մեծացել, բայց կարողացել էր կայանալ ու գնալ իր երազանքների հետեւից…

«Ես այդ թաղամասի հետ կապված միայն վառ հուշեր ունեմ…Մեր փոքրիկ, կիսախարխուլ տունը, որի երկու պատերը հարեւանների տան պատերն էին, ինձ համար աշխարհի 7 հրաշալիքներից մեկն է: Դրանից հետո շատ լավ բնակարաններ եւ շքեղ տներ եմ ունեցել, բայց միեւնույն է, եթե այսօր այդ տունը լիներ, ես կգնայի այդտեղ ապրելու»,-հավաստիացնում է մեր զրուցակիցը:

Հոր մասին խոսելիս, Հակոբ Ղազանչյանը չի կարողանում թաքցնել հուզմունքը, ասում է` Երվանդ Ղազանչյանի ֆենոմենն իր համար անբացատրելի է, առանց հոր մեծացել է մի թաղամասում ու այնպիսի միջավայրում, որը հաստատ չէր տրամադրում սիրել թատրոնը: Երվանդ Ղազանչյանն իրեն պատմել է, որ բակի քրեական հակումներով տղաները, որոնք իր լավ ընկերներն էին, թույլ չեն տվել իրեն մասնակից լինել ինչ-ինչ գործողություններին: Հոր հետ կապված մեկ այլ պատմություն է բարձրաձայնում. «Պապայի դասարանում եղել են երկու «դավաճանի» տղաներ, որոնց հայերը աքսորված էին: Այն ժամանակ դպրոցներում դասամիջոցներին երեխաներին բուտերբրոդներ էին տալիս, սակայն, պապան ասում էր, որ իրեն ու մյուս «դավաճանի» տղային չէին տալիս, բայց հենց դուռը փակվում էր, ողջ դասարանը մեկնում էր իր բաժին հացը իրենց…Այդպիսի միջավայրում է հայրս մեծացել: Նա մեզ որեւէ խորհուրդ չի տվել, թե ինչպես ճիշտ ապրենք, մենք այդ ամենը տեսել ենք…: Հայրս ու մայրս չափից ավելի հոգատար ծնողներ էին: Հայրս երբեմն մոռանում էր, որ 60 տարեկան եմ»:

Հիշում է, թե ինչպես իրեն ուղարկեցին Մոսկվայում սովորելու, թեեւ դժվար էր ծնողների համար, ու հետո ամեն ինչ արեցին, որ վերադառնա Հայաստան. «Ես բոլոր շանսերն ունեի այնտեղ կայանալու, ես Անդրեյ Գոնչարովի ուսանողն էի, որը հսկայական թատրոնի ղեկավար էր, մենք մեծ սիրով բաժանվեցինք, բավական մեծ շրջապատ ունեի…Բայց ծնողներս ցանկանում էին, որ վերադառնամ….Որոշել էի Կապանի թատրոնից հետո գնալ, բայց Գյումրիի երկրաշարժը եղավ, այնտեղ այնպիսի տրամադրություն էր, որ ես պետք է մնայի: Իմիջիայլոց, ես ամեն ինչով Գյումրիին եմ պարտական, 5 տարի այնտեղ եմ սովորել եւ դպրոցս այնտեղ եմ ավարտել: Ես գտնում եմ, որ ինչ ձեռքբերում ունեմ կյանքում, տվել է այդ դպրոցը եւ ԳԻՏԻՍ-ը Մոսկվայում»:

Ծնողների մասին խոսելիս Հակոբ Ղազանչյանն ասում է՝ մորից` Գալյա Նովենցից ժառանգել է անսահման նվիրվածությունը ընտանիքին. «Յուրաքանչյուրի մայրն էլ իր համար հարազատ է, դրա համար չեմ ուզում համեմատել…Ուղղակի կփաստեմ, որ եթե անգամ Բանգլադեշ երկրում էլ լինեի, մայրս Ամերիկայից զանգում, հարցնում էր` ինչպես եմ…Հիշում եմ, որ երեխա ժամանակ, երբ հիվանդանում էի, հենց գիտակցությունս տեղն էր գալիս, մորս` ինձ նայող արցունքոտ աչքերն էի տեսնում…Մաման ուրիշ երեւույթ էր, հետո այդ ամեն ինչը նա կինո տարավ: Ու հիմա, երբ իր մասնակցությամբ ֆիլմերը նայում եմ, ամեն ինչ կրկին վերապրում եմ»:

Հարցին` երբ է առաջին անգամ թատրոն ոտք դրել, Հակոբ Ղազանչյանը ժպտալով պատասխանում է` 2-3 ամսականում. «Ես ծնվեցի Երեւանում, բայց ծնողներս Կապանում էին աշխատում: Փոքր ժամանակ կուլիսներում հերթով ինձ պահել են, հետո ով իր կտորը խաղացել, պրծել է, եկել ինձ գրկել է: Ես ուրիշ աշխարհ չեմ տեսել… Մի բան է թատրոնը տեսնես հանդիսասրահից, մի բան է՝ կուլիսներից: Մի ամբողջ աշխարհ են դերասանների զրույցները, գրիմանոցները, նայում ես դահլիճից՝ բեմում լուրջ կերպար է կամ վախենալու կախարդ է, մեկ էլ դրսում տեսնում ես ծխում է, ուրախ-ուրախ խոսում է, այդ կոնտրաստը շատ հետաքրքիր է…Ես մեծացել եմ այդ աշխարհում, նույնն էլ իմ աղջիկը` Մարիամիկը»:

Հակոբ Ղազանչյանն ասում է՝ կարող է հիասթափվել անկայուն ու անկանխատեսելի մարդկանցից. «Ես կայուն մարդկանց եմ սիրում, դա «Մետաքսից» եկող գիծ է…Ես աշխատում եմ այդպիսին լինել, երբեք ինձ թույլ չեմ տվել որեւէ դավաճանական քայլ որեւէ մեկի նկատմամբ»: Ամենամեծ նվերը համարում է իր երեխաներին ու թոռներին: Երջանիկ լինելու համար կարծում է, որ պետք է նախ եղածով բավարարվել. «Ես սխալներ շատ եմ թույլ տվել ժամանակին, օրինակ, ցանկացել եմ ավելի շքեղ տուն ու մեքենա ունենալ, հետո պարզվել է, որ ձգտման ճանապարհին կարող է եղածն էլ կորի»: Մեր զրուցակիցը իբրեւ օրինակ ցույց է տալիս Երվանդ Ղազանչյանի հեռախոսը, որը չի անջատել, այն դեռ աշխատում է. «Հորս ասում էի, պապ, արի գոնե մի քիչ լավ հեռախոս գնենք քեզ համար, ասում էր` հեռախոսը նրա համար չի՞, որ համարը հավաքես ու խոսես մեկի հետ: Ինքն ինքնաբավ ու եղածով բավարարվող մարդ էր»:

Հ. Պարոնյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորն իրեն հաջողակ մարդ չի համարում: «Գտնում եմ, որ նորմալ արվեստագետը չի կարող իրեն հաջողակ համարել, որովհետեւ ովքեր իրենց հաջողակ են համարում, ուրեմն ավարտված արվեստագետներ են, էլ անելիք չունեն այս կյանքում»,-հիմնավորում է նա: Նաեւ կատակով հավելում է, որ մի քիչ նախանձում է անդարդ մարդկանց:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` Հակոբ Ղազանչյանի անձնական արխիվից:

Գլխավոր լուսանկարը` Նարեկ Ավագյանի:

Հարցազրույցն ամբողջությամբ` տեսանյութով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031