Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդվեդևը՝ Փաշինյանին. «Մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան»

Հոկտեմբեր 25,2019 23:15

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:

«Հարգելի Նիկոլ Վովայի, ևս մեկ անգամ սրտանց ողջունում եմ Ձեզ: Մենք պարբերաբար հանդիպում ենք միջկառավարական խորհրդի նիստերի շրջանակում: Հայաստանը նախագահում էր Եվրասիական տնտեսական միությունում, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այդ նախագահության համար, քանի որ այնտեղ կարող են լինել տարբեր իրավիճակներ, և կարծում եմ, ամեն ինչ եղել է շատ արժանապատիվ:

Սա լավ հնարավորություն է քննարկել երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունը, ներդրումները, մեր երկրների միջև համագործակցությունը: Ընդհանուր առմամբ, մեզ մոտ ամեն ինչ հաջողությամբ զարգանում է, բայց դա չի նշանակում, որ չկա կատարելագործելու բան: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկել: Ես դա հաճույքով կանեմ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար»,- նշել է Դմիտրի Մեդվեդևը:

«Հարգելի Դմիտրի Անատոլիի, թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար: Իհարկե, մենք այսօր հանդիպում ենք Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի առիթով, կազմակերպությունում ավարտվում է մեր նախագահությունը: Ցանկանում եմ ընդգծել, որ մեր նախագահությունն արգասաբեր ստացվեց: Այս տարի ուժի մեջ մտավ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև համաձայնագիրը, մենք պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի հետ, այժմ էլ` Սերբիայի հետ:

Կարծում եմ մեր որոշ գործընկերների հետ համագործակցությունը զարգանում է բավականին լավ տեմպերով: Երկրների աշխարհագրությունը, որոնք ունեն պայմանագրեր Եվրասիական տնտեսական միության հետ, ընդլայնվում է:

Եվ իհարկե, սա շատ լավ առիթ է` քննարկելու մեր երկրների միջև երկկողմ համագործակցության հարցերը: Ջերմորեն եմ հիշում Ձեր այցը Հայաստան, մենք բավականին արդյունավետ աշխատեցինք, լավ նիստ անցկացրեցինք: Ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ժամանակ մենք քննարկեցինք Հայաստանից Ռուսաստան արտահանմանը վերաբերող հարցեր, մասնավորապես գյուղատնտեսական ապրանքների, և ցանկանում եմ ընդգծել, որ անցած ժամանակահատվածում, փառք Աստծո, որևէ խնդիր չենք ունեցել: Իհարկե, Վերին Լարսի անցակետն աշխարհագրական առումով դժվարություններ ունի և շատ լավ է, որ Ռուսաստանը պատրաստվում է այնտեղ վերակառուցման աշխատանքներ իրականացնել»:

Հանդիպման ընթացքում երկու երկրների վարչապետները քննարկել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային թեմաներին:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031