Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսեցի տխրել, որ երեկ իրար համբուրողները էսօր իրար վրա թքում են»

Դեկտեմբեր 09,2019 12:30

Հարցազրույց Սուքիաս Թորոսյանի (Տոտո) հետ

– Տասնամյակներ շարունակ միաժամանակ հանդես եք գալիս մշակութային մի քանի ոլորտներում. որպես ռեժիսոր Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագծերում իրականացրել եք համաշխարհային օպերային գրականության շուրջ 15 նմուշ՝ բեմադրություններից մինչեւ բեմականացումներ, որպես գեղանկարիչ միայն անհատական ցուցահանդեսներով հանդես եք եկել նաեւ արտասահմանյան երկրներում, այդ թվում՝ Բելգիայում, Բուլղարիայում, Լիբանանում եւ այլն, երգիծանկարիչ եք՝ Երգիծանկարիչների ասոցիացիայի նախագահը: Մեր հանդիպման առիթը ձեր առաջին գրքի՝ «Փոքր երկրի մեծ իրադարձությունները» հրատարակումն է: Մենք ձեր բազմաժանր գործունեությունը հաշվում ենք շուրջ կես դար, իսկ դո՞ւք:

– Գործունեությունս սկսել եմ երեք տարեկանից, այն էլ Ազգային օպերային թատրոնում: Չէ, մի զարմացեք, համապատասխան կերպարներով հանդես եմ եկել Վարդան Աճեմյանի բեմադրած «Անուշում», հետո արդեն՝ որպես երեխա, դերերս շարունակվեցին «Մադամ Բաթերֆլայ», «Բժիշկ Այբոլիտ», «Թագավորի հարսնացուն» ներկայացումներում: Ամբողջ օրը օպերայում էի: Հետո բոլորի պես սկսվեցին դպրոցական տարիները, որն ավարտեցի ու գնացի Լենինգրադ՝ Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիա: Վեց ամսից հետո վռնդեցին՝ սյուրռեալիզմի ոճում ստեղծագործելու համար: Ընդամենը կտավին պատկերել էի մարդկային բաց գանգ ու մեջը խրել սովետական լոզունգներ: Դե, վռնդեցին, եկա Երեւան: Պարզվեց՝ այստեղ արդեն տեղեկացված են իմ մասին: Մի խոսքով՝ բուհի դռները փակ էին իմ առջեւ: Հետո-հետո ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա ու ավարտեցի՝ ստանալով արդյունաբերական էսթետիկայի նկարիչ-կոնստրուկտորի որակավորում:

– Կարելի՞ է եզրակացնել, որ այդ մասնագիտությունը ձեր սրտով չէր:

– Այո, բայց հենց սովորելու տարիներին Վարդան Պետրոսյանի հետ բուհում ստեղծեցինք թատրոն-ստուդիա (1980թ.), որը հետագայում դարձավ հանրահայտ «Ոզնիներ» թատրոնը: Հա, չմոռանամ, «Ոզնիներից» առաջ Վարդանի հետ հիմնել էինք «Տիտանիկ» թատրոն-ստուդիան: Այդ անունը ենթատեքստ ուներ՝ մեծ նավերը վաղ թե ուշ խորտակվում են: Հետո էլ Արամայիս Սահակյանի հորդորով էր, որ «Տիտանիկը» «Ոզնիներ» վերանվանեցինք ու հրավիրեցինք նրա որդուն՝ Վահրամին: Մեր ներկայացումներին շատ դեմքեր են մասնակցել՝ Արմեն Մազմանյանից, Քրիստ Մանարյանից մինչեւ Ֆրեդ Դավթյան եւ այլն:

– Մի խոսքով՝ հեղափոխական եք եղել:

– Ինձ հիմա շատ հաճախ հարցնում են՝ հակահեղափոխակա՞ն եք, պատասխանում եմ՝ ողջ կյանքս եմ հեղափոխական եղել, հիմա ո՞նց կարող եմ հանկարծ փոխվել: Ու եթե մեկ-երկու հոգու կարողացել եմ, ասենք՝ իմ երգիծանկարներով, գեղանկարչական գործերով կամ ներկայացումներով հեղափոխել, ուրեմն միսիաս կատարել եմ:

– Բայց, ուզեք թե չուզեք, ստացվում է, որ դուք նոր՝ հակահեղափոխականի դեր եք ստանձնել: Հիմա՞ ինչի եք ձգտում:

– Հեղափոխությունը սկիզբ ունի, բայց ոչ ավարտ:

– Կբարձրաձայնե՞ք ձեր այսօրվա հակահեղափոխական երկու լոզունգներից:

– Ուսումնասիրեք գիրքս, որտեղ կգտնեք ոչ թե մեկ-երկու, այլ, կներեք անհամեստությանս համար՝ բազմաթիվ լոզունգներ կամ ծանոթ դեմքեր՝ Լեւոնից մինչեւ Ռոբ, Սերժ ու Նիկոլ…

– Երկլեզու ներկայացված ձեր գրքի խորագիրը ընտրելիս հավանաբար հեռահար նպատակ եք ունեցել, որ աշխարհը մեծ երկրների թվում կնկատի նաեւ մեզ:

– Ես համոզված եմ, որ Հայաստանը ամենախոշոր, մեծ երկրներից մեկն է աշխարհում: Թող էդ մեծ երկրների տիրակալները ձեւեր չթափեն՝ իբր քարտեզի վրա չենք երեւում ու մեր տեղը չգիտեն: Շատ լավ էլ գիտեն, որ դարեր շարունակ մենք մեր մասին նույնիսկ հիշեցրել ենք՝ մասնակցելով քաղաքական խոշոր իրադարձությունների:

– Օրինա՞կ…

– Դա կլինի հռոմեական, բյուզանդական, օսմանյան պատմություններից մինչեւ, օրինակ՝ մայդան: Թվարկածս պատմություններում հայի միտքն ու դուխն է երեւացել: Ավելին, հայը հանդես է եկել իբրեւ ճշմարտության ասպետ: Այս դեպքում խոսքս հայի տեսակի մասին է: Թող իմանան, որ մեր դուխը մի՛շտ է տեղը եղել, թող թերթեն պատմության էջերը ու կտեսնեն, որ եղել են ժամանակներ, որ էդ դուխը մեզանից առաջ է անցել…

– Անդրադառնանք գրքին, որի ներածականում ձեր կենսագրությունն է, բայց ոչ ստանդարտ ձեւակերպումներով: Գրում եք՝ երբ «Առավոտում» առաջին երկու երգիծանկարներս տպագրվեցին, ծանոթներիցս մեկն ասաց՝ առավոտ շուտ ո՞ւր ես գնում, պատասխանեցի՝ Առավոտ: Հետո որ հասկացավ նկատի ունեմ «Առավոտ» օրաթերթը, հորդորեց՝ գործ չունես, էնտեղ գնալու տեղ չի, էնտեղ արդեն մի գազան Տոտո է հայտնվել, քո գործերը չեն էլ նայի: Ծանոթս չգիտեր, որ Տոտոն իմ կեղծանունն է: Ներածականում, այո, ինքս եմ ներկայացրել ինձ, բայց դա շարունակություն ունի ու, եթե դրա կարիքը հասունանա, այն տեղ կգտնի հաջորդ գրքում:

Դատելով ձեր երգիծանկարներից, հեղափոխությունից հետո էլ չփոխվեցիք…

– Նախ ուրախացա, որ մեր ժողովուրդը զարթնեց, բայց հետո սկսեցի տխրել, որ երեկ իրար համբուրողները էսօր իրար վրա թքում են: Մեծ հաշվով՝ յուրաքանչյուր մարդ ինքն իրենից պիտի սկսի հեղափոխությունը, ինչը ամենօրյա աշխատանք է պահանջում:

– Ասում են, որ ոչ վաղ անցյալում ձեր որոշ ծաղրանկարներ, մասնավորապես երկուսը, դժբախտաբար, իրականացել են կամ պատմություն դարձել:

– Այդ երկու նկարները պատմական են: Երբ Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը միացան եւ դաշինք կնքեցին, որպես խորհրդանիշ վերցրեցին Գեղարդի հայտնի Պռոշյանների դամբարանի հարթաքանդակը: Ես բարձրաձայնել եմ այդ սխալ ընտրության կապակցությամբ, երգիծանկարովս էլ փորձեցի զգուշացնել, բայց լսող չեղավ: Օգտվելով ռուս նկարիչ Վասնեցովի «Ասպետը ճանապարհի խաչմերուկում» հայտնի նկարից, ավելացրել եմ ընտրատուփը՝ մեջքին կապված, եւ ուղեցույցը՝ Գեղարդի հարթաքանդակով քարը… Ուրիշ մեղքեր էլ ունեմ երգիծանկարների տեսքով, բայց դրանք չեմ ցուցադրի, քանի որ անբացատրելի կանխագուշակումներ կան:

– Ինչպե՞ս է, որ Տոտոն մինչ օրս կոչում չունի:

– Իսկ ո՞վ է ասում, որ չունեմ: Էն՝ որ հարգում են, սիրում, կոչում չի՞… Հասկանում եմ՝ ինչ եք ուզում լսել: Էդ ձեր ասած կոչումները, իհարկե, բոլորին նկատի չունեմ, բոլոր ժամանակներում դրանք օգտագործվում են այս կամ այն մշակութային ոլորտը խրախուսելու նպատակով՝ սկսած ռաբիսից մինչեւ… Դա էլ ուղիղ համեմատական է տվյալ ժամանակի իշխանության ճաշակին: Մեկ օրինակ բերեմ. Կարեն Սերոբիչի օրոք նույնիսկ օպերային թատրոնի միմանսի դերասաններն են արժանացել կոչումների…

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
9.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031