Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանի քաղաքական զարգացումների հեռանկարը 2020 թվականին

Դեկտեմբեր 26,2019 22:00

Մինչդեռ 2019 թվականը մոտենում է իր ավարտին և աշխարհը պատրաստվում է մուտք գործել 2020 թ․-ի նոր տարին, դեռևս աշխարհի շատ երկրներում և մասնավորապես մեր տարածաշրջանում քաղաքական և ռազմական ու տնտեսական բազմաթիվ խնդիրներ դեռ մնացել են բարդ ու ճգնաժամային վիճակում։ Մեր տարածաշրջանի չկարգավորված կարևորագույն խնդիրներից մեկը, որն ուղղակի կամ անուղղակի ձևով անկասկած ազդում է Հայաստանի ապագա քաղաքա-տնտեսական կողմնորոշումների և աշխարհաքաղաքական ճակատագրի վրա մեր կարևոր հարևան և բարեկամ երկիր՝ Իրանի ներքին ու արտաքին քաղաքական և տնտեսական հարցերի հանգուցալուծումն է տարածաշրջանային և համաշխարհային որոշիչ և դերակատար ուժերի հետ։

Independentpersian կայքում հրապարակված մի վերլուծական հոդվածի համաձայն, Երուսաղեմի ռազմավարության և անվտանգության ինստիտուտի կողմից հրապարակված հետազոտական փաստաթղթի հիման վրա Մերձավոր Արևելքի իրավիճակի գնահատման բաժնում Իրանի անունը ոչ միայն անվտանգության գնահատականների ցուցակի վերին մասում է, այլև վեր է բարձրացվել Հնդկաստանից մինչև Եվրամիություն տարածվող շրջանների գրեթե բոլոր մյուս հարցերից: Հետաքրքիր է, որ Իրանի անունը հիշատակվում է ավելի քան 30 անգամ, բայց Պաղեստինի անունը միայն 10 անգամ: Սա նշանակում է, որ Իսրայելը 2020 թվականի իր գլխավոր սպառնալիքը համարվում է Իրանի վտանգը, որին դիմակայելու համար Իսրայելը կփորձի իր ամբողջ ռազմական, քարոզչական և քաղաքական պոտենցիալներն կենտրոնացնել Մերձավոր Արևելքում, մասնավորապես Սիրիայում և Լիբանանում՝ ջախջախելու Իրանի կողմից հովանավորվող իսլամական զինված խմբավորումների և Հեզբոլլահի առանցքի դիմադրությունը։

Իսրայելական փաստաթուղթը 2020 թվականին նախատեսում է Իրանի համար երկու տարբեր ապագա՝ կա՛մ բանակցել ԱՄՆ-ի հետ, կա՛մ ուժեղացնել իր միջուկային ծրագիրը: Փաստաթղթի հիմնական կանխատեսումը, սակայն, կախված է երկրորդ ենթադրության վրա: Իհարկե սա որքանով կարող է համապատասխանել Իրանում իշխող պաշտոնական կառավարության և խորքային իշխանության հայեցակարգին, մտածելու տեղիք է տալիս։

Դեկտեմբերի 21-ին Տոկիոյում Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ նշելով, որ Իրանն իր շահերի ապահովման շրջանակում ամբողջ ջանքը գործի է դրել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի պահպանման համար, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել էր.«Միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և իրենց պարտավորությունների կատարման մեջ եվրոպացիների թերացումներից հետո, Իրանի կողմից ՀԳՀԾ-ի շրջանակում իր պարտավորությունների փուլ առ փուլ կրճատումն իրականացվել է միջուկային համաձայնագրի շրջանակում»: Սակայն Տոկիոից Թեհրան վերադառնալուց առաջ, Ռոհանին հայտարարել է. «Մենք աշխարհին ապացուցեցինք, որ հավատարիմ ենք ՀԳՀԾ-ով ստանձնած մեր պարտավորություններին և հաշվի առնելով եվրոպական կողմը չի կատարել իր պարտավորությունների մի մասը Իրանը կարող է դուրս գալ ՀԳՀԾ-ից»:

ԻԻՀ նախագահ Ռոհանիի Ճապոնիա կատարած ապարդյուն այցը, իրականում ոչ մի շոշափելի ձեռքբերում չարձանագրեց ՀԳՀԾ-ի շուրջ ստեղծված ճգնաժամի լուծման և ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված խիստ պատժամիջոցների չեղարկման կամ գոնե մեղմացման ուղղությամբ։ Արդեն աշխարհին և մասնավորաբար ԱՄՆ-ի ղեկավարության համար վաղուց ակնհայտ է դարձել, որ Իրանում Ռոհանիի կառավարությունը լիովին կորցրել է իր գործունակությունը և երկրի ներքին ու արտաքին քաղաքականության ուղին որոշվում է այլ ներպետական գերհզոր շրջանակներում։ Գաղտնիք չէ, որպես Իսլամական Հանրապետությունում վերջնական որոշում կայացնող գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիի աջակցության, անհնար կլիներ բանակցել Իրանի միջուկային հարցով 5+1 խմբի հետ և ստորագրել ՀԳՀԾ-ն: Այսօր, չնայած Այաթոլլահ Խամենիի կողմից Ռոհանիի կառավարության ցուցաբերած բոլոր աջակցությանը ՀԳՀԾ-ի իրականացման գործում, Ալի Խամենեիի կանխատեսումը Միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ իրականության է դարձել և իրականում ավարտվել է ՀԳՀԾ-ի կյանքը:

ԱՄՆ-ի, Եվրոպայի և Իրանի գործընկերներ՝ Մոսկվայի և Պեկինի գործունեությունը ՀԳՀԾ-ի վերաբերյալ ցույց են տվել, որ Միջուկային գործարքի բոլոր կողմերը պատրաստ են թաղել այդ մահամերձ հիվանդին, չնայած դրան աջակցելու որոշ ակնհայտ դիրքորոշումներին:

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ Վաշինգտոնի «առավելագույն ճնշում» արշավը կշարունակվի Իրանի դեմ և հաշվի առնելով, որ տնտեսական պատժամիջոցներն իր կործանիչ ազդեցությունն է թողել Իրանի տնտեսության վրա, դա նշանակալի ուղերձ է պարունակում հոգևորակնների իշխանության համար Իրանում, որպեսզի ստեղծված վիճակից դուրս գալու համար փորձեն պատվավոր ձևով հաշվի նստել ԱՄՆ-ի և Արևմուտքի առաջադրած պայմանների հետ, այն երաշխիքով որ Իրանի իսլամական համակարգը կշարունակի պահպանել իր գոյությունը: Ներկա պայմաններում, եթե Այաթոլլահ Խամենեին հրաժարվի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ, ապա Պարսից ծոցում կշարունակվեն Իրանի հարձակողական գործողությունները և Իրան-Իսրայել բախումները Սիրիայում կարող են հանգեցնել ավելի լայն ռազմական գործողությունների: Մյուս կողմից Իրանը կշարունակի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման հաջորդ փուլերն իրականացնել և դա ցույց է տալիս, որ Իրանի խորքային իշխանությունները միանգամայն պատրաստ չեն զիջել իրենց դիրքերն ԱՄՆ-ի և Արևմուտքի ճնշումների դիմաց։

Հատկանշական է, որ դեկտեմբերի 23-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ալի Աքբար Սալեհիի ներկայությամբ տեղի Է ունեցել ծանր ջրով աշխատող Խոնդաբ հետազոտական ռեակտորի երկրորդ կոնտուրի շահագործման առաջին փուլը: Սալեհին հայտարարել է. «Իրանը ՄԱՏԳԱՏԷ-ի արձանագրություններից և ՀԳՀԾ-ից դուրս որևէ այլ պարտավորություն չունի, հետևաբար իրականացնելու է այն գործունեությունը, որը նախատեսել է»: Իրանի վերջին քայլերը վկայում են այն մասին, որ իսլամական համակարգն պատրաստվում է 2020 թվականի երկրորդ կեսին ԱՄՆ-ի հետ բանակցել միջուկային ծրագրի և այլ հարցերի շուրջ, մանավանդ նկատի առնելով Դոնալդ Թրամփի հաղթանակի հավանականությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում: Սակայն, այն ինչ որ կարևոր է Իրանի համար Միջուկային ծրագրի առաջմղումը և հրթիռային կարողության բարձրացումն է, քանի որ Իրանի հոգևոր և ռազմական ծայրահեղական իշխանությունները մտածում են, որ այսուհետ պետք է ամուր դիրքերով մասնակցել ԱՄՆ-ի ու եվրոպական կողմի հետ ցանկացած թեմայի շուրջ՝ բանակցության սեղանին։

Չնայած ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հերթական հռետորաբանությանը և Իրանի վրա գործադրվող խիստ ճնշումներին, միջազգային փորձագետների կարծիքով 2020 թվականին, Իրանի տնտեսությունը ավելի կթուլանա, սակայն այն լիովին չի փլուզի և դա կարող է ազդել Իրանի մոտեցումների վրա տարածաշրջանային քաղաքականությունները ինչ-որ չափով և ժամանակավորապես վերանայման ենթարկելու գործընթացի վրա և սպասել հետագային ստեղծվող առիթների, իր քաղաքական իսլամը տարածելու և իսլամական հեղափոխությունը ծավալելու համար։

Մյուս կողմից, 2020 թվականին Իրանի ներքին քաղաքական դաշտում սպասվում է մեծ փոփոխություններ պետական կառավարման մակարդակում։ 2020 թվականի մարտին Իրանում տեղի է ունենալու իսլամական խորհրդարանի 11-րդ նստաշրջանի ընտրությունները։ Արդեն թեկնածուների արձանագրության և քաղաքական ուժերի դասավորումը վկայում է, որ առաջիկայում ձևավորվող խորհրդարանի մեծամասնությունը կազմելու են հոգևոր իշխանության և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հավատարիմ՝ ծայրահեղական պատգամավորները։ Ավելին, 2020 թ․-ին նույնպես Իրանում տեղի է ունենալու նախագահական ընտրությունները, սակայն դեռ վաղ է նախագահական ընտրությունների արդյունքների մասին կարծիք հայտնել, իհարկե, եթե մինչ այդ Իրանում շարունակվի մնալ նախագահության ինստիտուտը, սակայն մեծ հավանականությամբ շատ մեծ հույսեր չպետք է կապել չափավոր հոգևորականության կամ ռեֆորմիստ կուսակցության հաջողության վրա։

Մյուս կողմից, հաշվի առնելով այաթոլլահ Խամենեիի առողջության վիճակը, և վերջերս դատական իշխանության ղեկավար այաթոլլահ Էբրահիմ Ռեիսիի ակտիվությունը երկրի քաղաքական բեմահարթակում, ամենայն հավանականությամբ, առաջնորդի մահանալու դեպքում, Ռեիսին կդառնա Իսլամական հանրապետության առաջնորդը: Անկասկած, Իսլամական Իրանի համակարգում գերագույն առաջնորդը վայելում է երկրի քաղաքական, ռազմական և տնտեսական ամբողջական ուժը և նրա հաջորդի նշանակման գործընթացը կլինի խիստ բարդ ու անկանխատեսելի և բազակողմանի եզրերով։ Սակայն, ներկա պայմաններում համարյա փակ շրջանակներում խոսվում է Էբրահիմ Ռեիսիի անվիճելի ընտրության մասին, չնայած գործող նախագահ՝ Հասան Ռոհաին ևս աչքի տակով նայում է այդ աթոռին, բայց հաշվի առնելով Ռոհանիի և նրա թիմակիցների վարած չափազանց թույլ և անարդյունավետ քաղաքականությանը չի թվում, որ Ռոհանիի այս երազանքն մոտ ապագայում իրականության կդառնա։

Համենայն դեպս 2020 թվականը Իրանի համար կսկսվի չափազանց հետաքրքիր և անկանխատեսելի նոր մարտահրավերներով ներքին և արտաքին ճակատներում, որի համար պետք է պատրաստ լինեն իսլամական համակարգի ղեկավարները և Իրանի հարևան երկրները, այդ թվում Հայաստանի Հանրապետությունը։

Հայաստանի ներկայիս իշխանությունները պետք է փորձեն հավասարակշիռ և տրամաբանական հարաբերություններ պահպանել Իրանի իշխանությունների բոլոր մակարդակներում և խորացնել տնտեսական, մշակութային և առևտրական հարաբերությունները Թեհրանի հետ։ Չնայած Հայաստանը փորձում է Մերձավոր Արևելքի իսլամական-արաբական երկրների հետ զարգացնել իր հարաբերությունները և Իսրայելում բացել Հայաստանի դեսպանություն, ինչը Իրանի իշխող որոշ անկարևոր շրջանակներում զգայնությունների առիթ է ստեղծել, սակայն չի թվում, որ իսլամական համակարգի ամենաբարձր որոշիչ օղակներում Հայաստանի հարաբերությունները Իսրայելի հետ կարող է խանգարել Իրան-Հայաստան հարաբերությունների շարունակման և ամրապնդման վրա։ Հայաստանը պետք է շարունակի պետական և գործարարական մակարդակում ամրապնդել կապերն Իրանի հետ և տնտեսական դաշտում փորձել՝ օգնել Իրանին դուրս գալ ֆինանսական ճգնաժամից։ Իրանն այժմ Հայաստանը դիտում է, որպես ԵԱՏՄ-ի կարևոր և դերակատար երկիր, որին կարելի է վստահել տնտեսական հարաբերությունների և առևտրական գործարքների զարգացման ոլորտներում։ Սակայն, Իրանը նաև Հայաստանին դիտում է, որպես Ռուսաստանի տարածաշրջանային գործընկեր, որն իրականացնում է Մոսկվայի քաղաքականություններն Կովկասյան և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իրանը դեռևս ցանկանում է Հայաստանին տեսնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական ազդեցության գոտում և Երևանի հետ իր հարաբերությունները կարգավորել Մոսկվայի տիրույթում։ Սա մի սխալ մտածելակերպ է, որն մնացել է իրանցիների քաղաքական մտածողության խորքում Հայաստանի նախկին իշխանությունների վարած ռուսամետ քաղաքականության արդյունքում, բայց այսօրվա դրությամբ և հաշվի առնելով Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները և Իրանում սպասվող քաղաքական ու տնտեսական ինչու չէ նաև գեոպոլետիկական տեղաշարժերը, Հայաստանի նոր իշխանությունները պետք է ավելի մեծ ջանքեր գործադրեն Իրանի հետ հարաբերությունները վերագնահատելու և վերակառուցելու հնարավորինս անկախ և Ռուսաստանի ազդեցություններից հեռու և մեր ազգային շահերին համապատասխան հիմքերի վրա, որը ընդունելի կլինի թե՜ Թեհրանի և թե՜ Երևանի համար։

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031