Լրահոս
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանն արձանագրեց այն կարմիր գծերը, որոնք չպետք է խախտվեն

Դեկտեմբեր 28,2019 12:00

Ստեփանակերտը ողջունում է Երեւանի քայլերը ԼՂ հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ

Դեկտեմբերի 23-ին Երեւանում կայացավ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը: Սա երկրորդ համատեղ նիստն էր, առաջինը կայացել էր այս տարվա մարտի 12-ին՝ Ստեփանակերտում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ Հայաստանի եւ Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին ներկա էին նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ եւ ԱՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս նիստում անկյունաքարային էր ղարաբաղյան հակամարտության թեման, Արցախի անվտանգության հարցը: Նիկոլ Փաշինյանը հարկ համարեց արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն էականորեն ավելացրել են Արցախի սուբյեկտայնությունը եւ ընդգծել Հայաստանի եւ Արցախի իշխանությունների հարաբերությունների իրավահավասար բնույթը. «Ակնհայտ է, որ Արցախյան հիմնահարցում հնարավոր չէ արձանագրել որեւէ նշանակալից առաջընթաց առանց ժողովրդական վստահության առկայության եւ արտահայտման: Այս տեսակետից առավել քան էական է հակամարտության գոտում ապրող մարդկանց կարծիքը, քանի որ նրանք են լինելու խաղաղ կարգավորման որեւէ տարբերակի հետ կապված օգուտների եւ ռիսկերի անմիջական կրողը: Այս իրողությունն առավել քան ընդգծում է Արցախի ժողովրդի եւ նրա կողմից ընտրված իշխանության դերը խաղաղ կարգավորման գործընթացում»:

Նա հիշեցրեց, որ բանակցային պրոցեսի հենց առաջին օրերից ընդգծվել է Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցային գործընթացին, եւ այս տեսակետից չափազանց տարօրինակ է, որ շատ դեպքերում որոշ կառույցներից մենք լսում ենք գնահատականներ, նեգատիվ գնահատականներ Արցախում տեղի ունեցող ընտրությունների վերաբերյալ: Նա վստահեցրեց, որ Հայաստանը կշարունակի հանդես գալ որպես Արցախի համապարփակ անվտանգության երաշխավոր, հիշեցնելով՝ օգոստոսի 5-ի Ստեփանակերտի հրապարակում իր հայտնի ելույթը:

Խոսելով հրադադարի խախտումների մասին, որոնք, ըստ նրա՝ վտանգում են հակամարտության գոտու քաղաքացիական բնակչությանը եւ վնասում են խաղաղ գործընթացի ծավալմանը, Փաշինյանը հավելեց. «Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հետեւողականորեն իրականացնել հրադադարի ամրապնդման պայմանավորվածությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի կարողությունների ընդլայնման միջոցով: Նույնքան կարեւոր են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստման ծրագրերը, որոնց շրջանակում տեղի ունեցավ լրագրողների փոխանակումը: Ի տարբերություն մարդկանց շփումների ոլորտի այլ ծրագրերի, այս փոխանակումն իրականացվեց ոչ թե այս կամ այն երրորդ կողմի ուրվագծած շրջանակում, այլ հակամարտության բոլոր կողմերի պետական մարմինների միջոցով»:

Խոսելով Մադրիդյան երեք սկզբունքների եւ 6 տարրերի մասին, Փաշինյանը դարձյալ ընդգծեց, որ դրանք պարզաբանման կարիք ունեն. «Այստեղ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունի Արցախի կարգավիճակի հարցը: Արդյոք առաջարկվող սկզբունքները եւ տարրերը հնարավորությո՞ւն են տալիս, որպեսզի Արցախը պահպանի եւ զարգացնի իր կարգավիճակը Ադրբեջանի ինքնիշխանությունից, տարածքային ամբողջականությունից դուրս, թե այս սկզբունքները եւ տարրերը կոչված են սահմանափակելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչպես դա պնդում է Ադրբեջանը: Ինչպես արդեն նշեցի՝ Մինսկի խմբի համանախագահների մեկնաբանությունն այս հարցում էապես տարբերվում է Ադրբեջանից, ինչն, իհարկե, լավատեսության հիմքեր է տալիս առաջարկվող բանակցային հիմքի հանդեպ: Այսուհանդերձ, Հայաստանը եւ Արցախն ի վերջո պետք է պայմանավորվեն Ադրբեջանի հետ, ուստի անհրաժեշտ է շարժվել երկիմաստությունից դեպի միասնական ընկալման ձեւավորում»:

Նա զգուշացրեց, եթե Ադրբեջանը փորձում է հարաբերական դարձնել ինքնորոշման իրավունքի կամ ուժի չկիրառման սկզբունքի իրականացումը, ապա հարաբերական է դառնում երրորդ սկզբունքը եւ ի վերջո շարունակում է գոյատեւել այն իրավիճակը, որ մենք այսօր ունենք. «Հայաստանի եւ Արցախի՝ միասնական հայ ժողովրդի անվտանգությունը պահանջում է հակամարտության կարգավորման կանխատեսելի միջավայր եւ սցենար: Այն մոտեցումը, որ հակամարտության կարգավորումը կոչված է բավարարել միայն մեկ կողմի առավելագույն պահանջները եւ կարիքները՝ փակուղային է եւ այդ մոտեցման հետեւանքով է, որ չնայած հայկական կողմի եւ համանախագահների ջանքերին՝ վերջին 25 տարում հնարավոր չի լինում կարգավորել հակամարտությունը: Կարծում եմ՝ առարկայական քննարկումների նպատակը նախեւառաջ պետք է լինի հակամարտության կարգավորման համաձայնեցված սկզբունքների հաստատումը ոչ միայն սկզբունքների անվանումներով, այլեւ բովանդակությամբ: Բայց հարկ եմ համարում նաեւ նշել, որ 1986-87թթ. ստատուս քվոյին կամ դրա որեւէ մոդիֆիկացիայի վերադառնալը որպես հակամարտության կարգավորման ձգտում ներկայացնելու փորձերն անտեղի են եւ չեն բխում հակամարտության էությունից ու բովանդակությունից»:

Փաշինյանը ընդգծեց, որ Արցախի հարցի կարգավորման հայեցակարգային մակարդակում ՀՀ-ն առաջարկել է շատ պարզ, հասկանալի սկզբունք, կրկնելով մի քանի անգամ հնչեցրած իր միտքը՝ Արցախի հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Ղարաբաղի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի համար եւ Ադրբեջանի ժողովրդի համար: «Ցավոք, սակայն, մենք մինչեւ օրս Ադրբեջանի ղեկավարի կողմից նման հայտարարություն չենք լսել եւ կարծում եմ՝ հակամարտության կարգավորմամբ շահագրգիռ բոլոր միջազգային կառույցներն ու գործընկերներն իրենց առաջ խնդիր պիտի դնեն քաջալերել Ադրբեջանի նախագահին՝ հանդես գալ նման հայտարարությամբ, համաձայնել հասկանալի եւ տրամաբանական բանաձեւի հետ, որովհետեւ այն ընկալումը, թե հակամարտության կարգավորման սցենարը պետք է բավարարի կողմերից մեկի պատկերացումները եւ արհամարհի մյուս երկու կողմերի պատկերացումները, բանակցային գործընթացում տեղապտույտ են ստեղծելու: Առավել եւս կարծում եմ, որ բոլորն են հասկացել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: Նման փորձերն աղետալի հետեւանքներ կունենան հենց առաջին հերթին Ադրբեջանի համար», -նկատեց նա:

Փաշինյանն այսպիսով 2019թ. փակում է հայկական կողմի դիրքորոշումներն ամրացնելով՝ Ալիեւի վրա թողնելով պատասխանատվությունը՝ բանակցություններում առաջընթաց չապահովելու տեսանկյունից, այն առումով, որ նա Ադրբեջանի կողմից զիջման հնարավորության վերաբերյալ որեւէ հայտարարություն մինչ օրս այդպես էլ չի արել:

Փաշինյանի նպատակը նաեւ Հայաստանի եւ Արցախի քաղաքական վերնախավերի միահամուռ լինելն արձանագրելն էր: Եվ այս հարցում նա պատասխան արձանագրում ստացավ նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանի մակարդակով: Բ. Սահակյանն էլ շեշտեց, որ ՀՀ-ն եւ ԱՀ-ն մեկ հայրենիքի երկու անբաժան հատվածներն են, մենք ունենք միասնական նպատակներ ու միանման տեսլական կարեւորագույն հարցերի լուծման առնչությամբ. «Այս տեսանկյունից անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի անցկացումը հնարավորություն է տալիս բազմակողմանի քննարկել մեր առջեւ ծառացած խնդիրները, գտնել դրանց լուծման օպտիմալ տարբերակներ եւ ընդունել հիմնավորված որոշումներ: Կարծում եմ, որ նման ձեւաչափով քննարկումները կլինեն մշտական եւ կդառնան մեր ազգային օրակարգում ընդգրկված հարցերի դիտարկման հիմնական հարթակներից մեկը»:

Բ. Սահակյանն արձանագրեց նաեւ, որ Հայաստանը հանդիսանում է Արցախի անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը. «Մեր առջեւ ծառացած կարեւորագույն հրամայականներից մեկը հանդիսանում է ներհայկական միասնականության շարունակական խորացումն ու ընդլայնումը: Բնական է, որ առաջնային խնդիրներից եղել եւ մնում է Արցախի անվտանգության ապահովումը: Մենք միասին իրականացնում ենք մեծածավալ աշխատանքներ մեր հայրենիքի պաշտպանունակության ամրապնդման, զինված ուժերի մարտունակության հետեւողական բարձրացման, զինծառայողների սոցիալական եւ կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Եվ այն, որ բանակաշինությանն առնչվող որոշ հարցեր այսօր ընդգրկված են անվտանգության խորհուրդների համատեղ նիստի օրակարգում՝ դրա վառ ապացույցն է»:

Գալով ղարաբաղյան հակամարտությանը, Բակո Սահակյանն ընդգծեց, որ Ստեփանակերտի մոտեցումները մնում են անփոփոխ. «Մենք կողմնակից ենք ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորմանը, բանակցային գործընթացի բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությանը: Մեզ համար ողջունելի են պաշտոնական Երեւանի քաղաքականությունն ու քայլերն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի լիարժեք ձեւաչափը վերականգնելու ուղղությամբ: Իհարկե, մենք իրատես ենք եւ հասկանում ենք, որ լիարժեք ձեւաչափի վերականգնումը բարդ ու ժամանակատար գործընթաց է»: Միեւնույն ժամանակ Բ. Սահակյանը հարկ համարեց ընդգծել, որ հայկական դիվանագիտության կարեւորագույն առաջադրանքներից է Արցախի, որպես աշխարհաքաղաքական ինքնիշխան գործոնի եւ սուբյեկտի, կարգավիճակի պահպանման անհրաժեշտությունը, ինչն իր հերթին ընդլայնում է ճկուն քաղաքականություն վարելու մեր հնարավորությունները: «Այս ամենը լավ գիտակցում է նաեւ մեր հակառակորդը՝ դիմելով տարբեր մանիպուլյատիվ հնարքների: Այդ շարքին են դասվում, մասնավորապես, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի որպես առանձին սուբյեկտի շահարկումը եւ չդադարող քայլերն այն բանակցային գործընթացի մեջ խցկելու ուղղությամբ: Սրանով նրանք փորձում են խոչընդոտել լիարժեք ձեւաչափի վերականգնումը եւ զուգահեռ Արցախի անկախ ու կայացած պետություն լինելու փաստն իրականությունից տեղափոխել վիրտուալ տիրույթ: Բնական է, որ այդ բոլոր փորձերը մենք պետք է չեզոքացնենք՝ փոխադարձաբար իրար լրացնելով եւ անելիքները ճիշտ բաշխելով»:

Արցախի նախագահը, փաստորեն, ներկայացրեց այն վտանգավոր խաղը, որը ադրբեջանական կողմը փորձում է բանակցային գործընթացում գործի դնել՝ հավասարեցնելով Արցախի Հանրապետությունն ու «ադրբեջանական համայնքին»: Նա, ինչ-որ առումով, նաեւ պաշտոնական Երեւանին հասկացնել տվեց, որ այդ դաշտում պետք է զգույշ խաղալ:

Վերջում՝ Արցախի նախագահն արձանագրեց. «Մեզ համար չի կարող լինել վերադարձ անցյալին՝ լինի դա կարգավիճակի, թե սահմանների առումով: Կարգավորման որեւէ տարբերակ չի կարող վտանգի տակ դնել Արցախի Հանրապետության անվտանգությունը եւ նրա բնականոն կենսագործունեությունը: Սրանք այն նշաձողերն են, որոնք երբեք չպետք է իջեցվեն եւ այն կարմիր գծերը, որոնք երբեք չպետք է խախտվեն»: Հատկանշական է, որ Բակո Սահակյանը ողջունեց Հայաստանի պատրաստակամությունը՝ «գործուն աջակցություն ցուցաբերել այս ընտրությունները պատշաճ մակարդակով անցկացնելու, տարբեր երկրներից դիտորդական առաքելություններ ներգրավելու հարցում»:

Թերեւս, պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 2019թ.-ը կորսված տարի է համարում ԼՂ հակամարտության կարգավորման համար: Նա երկրի 4 խոշոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում դժգոհել է հայկական կողմից, ՀՀ իշխանություններին մեղադրելով «ոչ կառուցողական» դիրքորոշման մեջ. «Հայաստանի իշխանությունները զբաղեցնում են ապակառուցողական դիրքորոշում, եւ բանակցությունների ընթացքում ձեռք չի բերվել ոչ մի լուրջ առաջընթաց: Հայաստանի ղեկավարության հակասական եւ իրար բացառող հայտարարությունները միայն հիասթափություն են առաջացնում: Հայաստանի իշխանությունները հայտարարում են այն մասին, որ Ադրբեջանը պետք է ԼՂ-ի հետ բանակցություններ վարի: Անհեթեթություն է: Այսօր ԼՂ-ում զինծառայողների 90 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են, այդ իսկ պատճառով բանակցություններն ընթանում են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ», -նշել է նա, ամփոփելով. «2019-ին բանակցությունների ձեւաչափը մնացել է անփոփոխ՝ չնայած Հայաստանի կողմի այն փոխելու բոլոր փորձերին: Կարծում եմ, որ դա մեր դիվանագիտական հաջողությունն է»։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 27.12.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031