Լրահոս
Օրվա լրահոսը

Խաժակյանը պաշտոնեական կեղծիքի մասին նոր փաստաթղթեր է հրապարակել

Դեկտեմբեր 28,2019 17:00

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր հատուկ քննչական ծառայությանը ներկայացրեց, իր բնորոշմամբ՝ պաշտոնեական լիազորությունների անցման եւ պաշտոնեական կեղծիքի գործով նոր փաստաթուղթ: Այդ փաստաթղթերը Խաժակյանը ներկայացրեց նաեւ լրագրողներին:

Ըստ Խաժակյանի, այդ իր ձեռքի տակ եղած փաստաթուղթը վկայում է այն մասին, որ քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ինչ-ինչ պատճառներով, իրականում չի նշանակել քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար.ց«Եվ Հայկ Սարգսյանի կողմից ստորագրված 70- ից ավել իրավական ակտերը առ ոչինչ են: Իմ ձեռքի տակ են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի Վահե Խաչատրյանի կողմից քաղաքապետին ներկայացված զեկուցագիրը՝ համարակալված, պաշտոնական փաստաթուղթ, որը մակագրված է քաղաքապետի կողմից: Այս զեկուցագրի ողջ էությունն այն է, որ Վահե Խաչատրյանը զեկուցում է քաղաքապետին, ասելով՝ առաջին կարգադրությամբ քաղաքապետը հանձնարարել էր Հրաչյա Սարգսյանին քաղաքապետի ԺՊ նշանակել Հայկ Սարգսյանին, մինչդեռ գործուղման որոշման նախագծերը, քանի որ, մեջբերում եմ՝ չեն նշագրվում անձնակազմի կառավարման բաժնի պետի կողմից, տվյալ որոշման մեջ թյուրիմացաբար բաց է թողնվել այն հանգամանքը, որը համաձայն վերը նշված կարգադրության 3-րդ կետի՝ լիազորությունների վերապահման կետի, պետք է Երեւանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետի ԺՊ նշանակեր Հայկ Սարգսյանին: Սա նոր բացահայտում է, որ այդ լիազորությունները  Հրաչյա Սարգսյանը չի դրել Հայկ Սարգսյանի վրա, ինչը  նշանակում է, որ տվյալ դեպքում  մենք գործ ունենք մի դեպքում՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու հետ, որը քրեական օրենսգրքով նախատեսված հոդված է, մյուս դեպքում՝ իրավապահները պետք է քննեն՝ ինքնիրավչության հոդվածով քրեական գործ հարուցել, որովհետեւ Հայկ Սարգսյանը քաղաքապետի որոշումների եւ կարգադրությունների տակ  ստորագրել է այն պարագայում, երբ նա դրա հիմքում չուներ որեւէ իրավական ակտ»:

Խաժակյանը կասկածի տակ է դնում ՀՔԾ-ի՝ անաչառությունը, քանի որ, ինչպես ինքն ասաց, երեկ ՀՔԾ-ում այս գործի առնչությամբ իրեն տվել են անտեղի հարցեր. «Ինձ տվել են հարցեր, որոնց բովանդակությունն ոչ այնքան հասկանալի էին: Ես այդտեղ  որոշակի բացասական միտում եմ տեսնում: Ինձ հարցնում են՝ ինչո՞ւ չեք դիմել դատարան, որովհետեւ օրենքով ավագանու խմբակցության ղեկավարը կարող է վիճարկել քաղաքապետի  գործողությունները դատարանում: Ես ՀՔԾ ներկայացուցչին նեկայացրեցի իմ տեսակետը՝ եթե մենք խոսում ենք պաշտոնական  լիազորություններն անցնելու եւ պաշտոնական կեղծիքի մասին, որոնք քրեական գործողություններ են, դատարանը որպես իրավական խնդիրը չէր կարող քննել: Հետո հարցնում են՝ ո՞րն է եղել հետեւանքը, որը բացասական է եղել հանրության եւ համայնքի օրինական շահերի համար: Տվյալ դեպքում 70-ից ավելի իրավական ակտերն են վնասը, որոնք առ ոչինչ են, համայնքային իշխանության հեղինակությանը հասցված վնասն է եւ հենց այս մասով է, որ իմ պահանջը շատ հստակ է՝ պետք է հարուցվի քրեական գործ: Քաղաքապետարանն այս փաստաթղթով նաեւ այլ հանգամանք է մատնանշում, որը  վկայությունն է այն բանի, որ իրենք  շատ լավ հասկանում են, որ այդ փաստաթղթերը առ ոչինչ են: Այն է՝ Վահե Խաչատրյանը իր զեկուցագրում քաղաքապետին ասում է՝ ելնելով վերը նշված հանգամանքներից, առաջարկում եմ ձեզ Երեւանի քաղաքապետի  կարգադրությամբ կամ որոշմամբ վերահաստատել Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանի ընդունած կարգադրություններն ու որոշումները եւ քաղաքացիների կամ իրավաբանական անձանց կողմից այդ որոշումների հետ կապված դիմումների ներկայացման դեպքում՝ շտկել փաստաթղթերը: Իրավական առումով սա նույնիսկ աճպարարություն չէ, սա ոտքերը սրբել է մեր իրավական համակարգի վրա, որովհետեւ, երբ ընդունում ես, որ դա իրավական ուժ չունի եւ հետո «պոստ ֆակտում» ասում ես, որ վերահաստատել,  նշանակում է՝ դու ընդունում ես, որ դա չունի իրավաբանական ուժ, իսկ քաղաքապետն առավել եւս չունի իրավասություն վերահաստատելու որեւէ փաստաթուղթ»:

Այսինքն, Խաժակյանի ներկայացմամբ, Հրաչյա Սարգսյանին հանձնարարվել է  քաղաքապետի ԺՊ նշանակել Հայկ Սարգսյանին, ինչը չի արել:

«Ես գիտեմ որ ուղղությամբ են փորձելու հետագա քողարկումներն ու շտկումներն անել, եւ եթե հանկարծ այդ ուղղությամբ գնան՝ նոր կեղծ փաստաթղթեր ստեղծեն, ես պետք է ասեմ, որ ունեմ այս խաղի Ջոկերը, որը վերջնականապես իրենց բոլոր հարցերին կտա պատասխաններ, բայց եթե մենք գործ ունենք մի իրավական համակարգի հետ՝ ՀՔԾ-ի հետ, որը առաջնորդվում է գործի նպատակներով եւ ոչ քաղաքական նպատակահարմարություններով, ապա համոզված եմ, այդ Ջոկերը ինքնուրույն գործի մեջ ի հայտ կգա այն ժամանակ, երբ ՀՔԾ-ն ցուցաբերի անկողմնակալություն ու պատշաճ քննի»,-ասաց Խաժակյանը: Նրա ներկայացմամբ՝ այսօրվա նոր կեղծիք բացահայտող իր ներկայացրած փաստաթուղթը քաղաքապետարանը ստեղծել է այն բանից հետո, երբ Խաժակյանը նոյեմբերի 26-ին ավագանու նիստում այդ մասին խոսել է. «Հետո  դեկտեմբերի 2-ին նոր հայտնաբերել են Հայկ Սարգսյանի ստորագրված ակտերում հիմք չի եղել, դա ինքնիրավչություն է  եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Տարեվերջյան բացահայտումս պաշտոնեական լիազորությունների անցման և կեղծիքի վերաբերյալ. գնդակը ՀՔԾ դաշտում է

Gepostet von Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան am Samstag, 28. Dezember 2019

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Խաժակյանի հայտարարությանը. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում» արեց՝ ՀՔԾ դռների դիմաց ներկայացնելով քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ստորագրությամբ եւ դեկտեմբերի 2-ով թվագրված մի փաստաթուղթ։ Պարոն Խաժակյանը լրագրողների հետ զրույցից հետո մտավ ՀՔԾ, իր խոսքով, իր այդ բացահայտած փաստաթուղթը վարույթն իրականացնող պաշտոնյային ներկայացնելու։

Տեղեկացնում եմ հանրությանն ու պարոն Խաժակյանին, որ նա ուշացել է՝ նույն փաստաթուղթը ՀՔԾ նույն պաշտոնյային նախօրեին ներկայացրել է աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը՝ անձամբ։

Մանրամասները՝ հաջորդիվ։

Հ.Գ. Պարոն Խաժակյանի բոլոր «ջոկերները», կարծես թե, «վեցնոց» են դուրս գալիս»:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անցած մի քանի ամիսների ոգով նոր «ահասարսուռ բացահայտում»…

Gepostet von Hakob Karapetyan am Samstag, 28. Dezember 2019

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031