Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի «թողած ժառանգությունն» ու Նիկոլ Փաշինյանի «կետը»

Հունվար 29,2020 12:00

Քանի դեռ Փաշինյանը պաշտոնապես չի հայտարարել, որ ՀՀ-ն մերժել է Մադրիդյան սկզբունքները 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցյալ շաբաթ կրկին արծարծեց Սերժ Սարգսյանի թողած ժառանգության թեման՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման պատմությանը: Նա մեջբերեց վերջերս մամուլում հրապարակված հոդված, որը պատմում էր, թե Սերժ Սարգսյանը որ կետում է թողել Ղարաբաղի բանակցային գործընթացը: Փաշինյանը կետ առ կետ անդրադարձավ այդ ժառանգությանը, ու ասաց, որ քանի որ դրա վերաբերյալ հերքում չի եղել, այդ թվում՝ խոսքը վերաբերում է յոթ շրջանների վերադարձին Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը:

Նա մեջբերեց այդ հոդվածից կտորներ. «Պարբերություն առաջին, երեք հիմնական պարբերություն է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են (այնպես, ինչպես դրանք կապված են միմյանց հետ)` 7 շրջանների` Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Կուբաթլիի, Քելբաջարի եւ Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը: Կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր եւ կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկության դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն եւ կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները:

Տարածաշրջանում քաղաքական, առեւտրային, տնտեսական եւ հումանիտար կապերի ամբողջական կարգավորում, դրացիական համագործակցության վերականգնում, Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում: Պարբերություն երկրորդ. վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են առաջին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները: Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքները այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը, եւ դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը: Խաղաղապահ ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով, բացառությամբ Քելբաջարի եւ Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների:

Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ: Պարբերություն երրորդ. միեւնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչեւ վերջնական կարգավորման որոշումը Լեռնային Ղարաբաղի՝ պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ սա այն ժառանգությունն է, որը եղել է առկա բանակցությունների սեղանին: «Հիմա մեզ մեղադրում են, որ մենք այս ժառանգությունը կորցրել ենք: Որ պահին հենց այս նույն կետից Հայաստանի Հանրապետությունը ցանկանա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի: Ես առաջարկում եմ՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն` այս տեքստն իրենց համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ու Արցախի ժողովուրդը ասի՝ ընդունելի է, թե ոչ: Եթե Արցախի ու Հայաստանի ժողովուրդը կորոշի, որ սա է բանակցությունների հիմքը, ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանին»,- ասաց Փաշինյանը:

Ղարաբաղյան բանակցային գործընթացին առնչվող հայտարարությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների կողմից պարբերաբար ցնցումներ են առաջացրել կարգավորման ողջ պատմության ընթացքում: Օրինակ, ամեն անգամ, երբ հրապարակվում էին Մադրիդյան սկզբունքները՝ հայաստանյան մամուլն ու համացանցը փոթորկում էր: Տպավորություն էր ստեղծվում, թե ամեն անգամ նոր սկզբունքներ են «գաղտնազերծվել», մինչդեռ դրանք տարիներ շարունակ բանակցված նույն սկզբունքներն էին:

Մեր հանրությանը, փորձագիտական դաշտին հայտնի չէ, թե այդ սկզբունքների համատեքստում կոնկրետ կետերն ինչպես են մեկնաբանվում, ինչ են դրանք ենթադրում, հենց այդ նպատակով են ընթանում բանակցությունները, այլապես միջնորդները Հայաստանի ու Ադրբեջանի իշխանություններից կպահանջեին պատասխանել՝ այս մի քանի սկզբունքները նրանք ընդունո՞ւմ են, թե՝ ոչ: Այդ պատասխանը տալու համար տարիներ անհրաժեշտ չէին լինի կողմերին:

Վերջին անգամ կարգավորման սկզբունքների շուրջ թոհուբոհը բարձրացավ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի հրաժեշտի ասուլիսից հետո, երբ նա ներկայացրեց Ղարաբաղյան խնդրի` բանակցային սեղանին դրված հիմնական սկզբունքները:  2017թ. օգոստոսին ժամանակավոր համանախագահ Ռիչարդ Հոգլանդն ավարտում էր աշխատանքը՝ զիջելով այդ պաշտոնը արդեն մշտական համանախագահ Էնդրյու Շեֆերին: Հոգլանդը լրագրողներին ներկայացրեց փաստաթուղթ, որտեղ, ինչպես ասված է փաստաթղթի գլխագրում` շարադրված են «Վեց տարրեր (վերցված Մադրիդյան սկզբունքներից), որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղում կայուն համաձայնության հաստատման համար»: Այդ փաստաթղթում ներկայացված էին այն սկզբունքները, որոնք բանակցվել էին եւ շարունակում էին մնալ բանակցությունների սեղանին, այսինքն՝ բանակցությունների հիմք էին:

Մեջբերենք Հոգլանդի ընթերցած հայտարարության այդ հատվածը. «Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը, կողմերը պետք է պարտավորվածություն ստանձնեն որոշելու վերջնական իրավական կարգավիճակը` ապագայում անցկացվելիք փոխհամաձայնեցված եւ իրավականորեն պարտադիր կամարտահայտության միջոցով: Միջանկյալ կարգավիճակը ժամանակավոր բնույթ կկրի: Նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմանների մեջ մտնող այն տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է միջանկյալ կարգավիճակ ստանա, որը, առնվազն, անվտանգության եւ ինքնակառավարման երաշխիքներ է տրամադրում: Լեռնային Ղարաբաղի հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Որեւէ համաձայնություն հնարավոր չէ առանց հաշվի առնելու Ադրբեջանի ինքնիշխանությունը, եւ ընկալումը, որ այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է վերականգնվի: Պետք է լինի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ կապող միջանցք: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի ապահովի անվտանգ անցում, սակայն այն չի կարող ընդգրկել Լաչինի շրջանն ամբողջությամբ: Կայուն համաձայնությամբ պետք է ճանաչվեն բոլոր ներքին տեղահանվածների եւ փախստականների իրավունքները` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր: Համաձայնությունը պետք է ներառի անվտանգության միջազգային երաշխիքներ, որը կներառի խաղաղապահ առաքելություն: Գոյություն չունի որեւէ սցենար, որի դեպքում խաղաղությունը կարող է ապահովվել առանց լավ մշակված խաղաղապահ առաքելության, որը վայելում է բոլոր կողմերի վստահությունը»: Այնուհետեւ Հոգլանդը հարկ էր համարել հավելել, որ ժամանակն է, որպեսզի կողմերը «պարտավորվեն խաղաղ բանակցություններ վարել` հիմնվելով մինչեւ այժմ կատարված աշխատանքի վրա»: Դեսպանի խոսքով, այս կետերում ներկայացված է միջազգային միջնորդների ընդհանուր քաղաքականությունը, դրանք հիմնված են մադրիդյան սկզբունքների վրա, որոնք էլ բանակցային սեղանին դրված փաստաթղթի հիմքում են. «Սա երկարատեւ քաղաքականություն է, այն կապված չէ այս կամ այն համանախագահի հետ, սա մեր ընդհանուր քաղաքականությունն է: Անշուշտ, առաջարկվող ծրագիրն ավելի մանրամասն է եւ ծավալուն, սակայն սա ցանկացած խելամիտ կարգավորման հիմքն է, եւ բոլոր կողմերը համաձայն են այս հարցում»:

Ինչ վերաբերում է հակամարտության կողմերի դիրքորոշմանը, ապա Ռիչարդ Հոգլանդն ընդգծել էր. «Նույնիսկ եթե նրանք համաձայն չեն առաջարկվող ծրագրի առանձին կետերին, նրանք միեւնույն է՝ համաձայն են քննարկել այն, կարծում եմ այժմ հենց դա է կարեւորը»:

Նշյալ մամլո ասուլիսին ներկա ադրբեջանցի լրագրողներին անհանգստացրել էր այն փաստը, որ դեսպանի ներկայացված կետերում հատուկ նշված չէ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, որը, դեսպանի խոսքով, պետք է քննարկվի. «Խաղաղության հիմքը պետք է համապատասխանի հելսինկյան սկզբունքներին, որոնք ներառում են տարածքային ամբողջականության սկզբունքը: Միտումնավոր չէ, որ տարածքային ամբողջականություն ձեւակերպումը բաց է թողնված, դա հարց է, որը պետք է քննարկվի վերջում»,- ասել էր Հոգլանդը՝ հավելելով, Լեռնային Ղարաբաղը տարբերվում է Աբխազիայի, Հարավային Օսիայի կամ Մերձդնեստրի հակամարտություններից եւ ունի երկար տարիների պատմություն. «Այս խնդիրը չի սկսվել խորհրդային նախկին երկրների անկախացումից հետո: Լեռնային Ղարաբաղը խնդիր էր, որը շարունակվել է տասնամյակներ, եթե ոչ դարեր»:

Հայաստանյան տիրույթում հերթական մեծ աղմուկն ու թեժ քննարկումները շտապեց հանդարտեցնել ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը վստահեցրեց, որ Հոգլանդի արած հայտարարության մեջ հայկական կողմի համար որեւէ վտանգավոր բան չկա. «Նայեք նախորդ բոլոր հայտարարությունները, կտեսնեք նույնը»: Անդրադառնալով հրապարակված դրույթների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը` նախկին ԱԳ նախարարը նշել էր. «Հայաստանը բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ: Այլ հարց է, որ Ադրբեջանն է խուսափում ինչ-որ ձեւով իր դիրքորոշումը հայտնելուց եւ ոչ միայն խուսափում է, այլ ձեւացնում է, որ ոչ մի այդպիսի առաջարկներ, սկզբունքներ, գոյություն չունեն»:

Ի դեպ, ուշագրավ էր, որ ամերիկացի համանախագահը այդ տեքստը հրապարակեց հենց այն օրը, երբ Սոչիում նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկում էին ղարաբաղյան հարցը:

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի հայտարարել, որ Հայաստանը մերժել է Մադրիդյան սկզբունքները, նշանակում է, այդ սկզբունքները շարունակում են բանակցվել: Ընդ որում, հնարավոր է, դրանց մեծամասնությունն, օրինակ, հայկական կողմի համար անընդունելի է, քանի որ դրանց ինչ-ինչ դետալներ չեն բավարարում հայկական կողմին: Բայց քանի դեռ դրանք բանակցությունների սեղանին են՝ դրանք բանակցությունների հիմք են:

Որ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ պաշտոնական Երեւանը մերժել է մինչ այժմ բանակցած Մադրիդյան սկզբունքները՝ պետք է ներկայացնի, թե ինչ է առաջարկում, կամ քննարկվում հայ-ադրբեջանական հանդիպումներում, ասել է թե՝ իր «կետը»: Այդ կետը միայն «կարգավիճակ եւ անվտանգություն» բառերը չեն, դրանք նաեւ՝ կարգավորման ողջ տրամաբանությունն ու փիլիսոփայությունը պետք է նախանշեն:

Ամփոփումը՝ վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.01.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031