Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցական տարիքի երեխաներին սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների մասին կրթելու են. Հայաստանը նոր կոնվենցիա է վավերացնում

Ապրիլ 27,2020 19:22

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը քննարկման ներկայացրեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը:

Այս կոնվենցիան վավերացնելու դեպքում Հայաստանը ստանձնելու է օրենսդրական եւ այլ պարտավորություններ երեխաների սեռական շահագործման եւ սեռական բռնության բոլոր ձեւերը կանխարգելելու եւ դրանցից պաշտպանելու համար:

Փոխնախարարը նշեց, որ կոնվենցիան վավերացնելով՝ պետք է Հայաստանը ապահովի, որ տարրական ու միջնակարգ կրթության ընթացքում երեխաները ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ: Այդ տեղեկությունները պետք է հարմարեցված լինեն նրան տարիքին, ընկալման հնարավորություններին ու կրթական համակարգի առանձնահատկություններին: Ծնողների հետ պետք է աշխատանք տանեն, որպեսզի երեխաներին մատուցեն սեռական դաստիարակություն՝ հատկապես ուշադրություն դարձնելով վտանգավոր, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումը ներառող իրավիճակները:

Երեխայի նկատմամբ սեռական բնույթի գործողությունները, մանկական մարմնավաճառության հետ կապված, մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված հանցագործությունները, երեխայի մասնակցությունը պոռնոգրաֆիայի ցուցադրությունների մեջ, երեխային սեռական բնույթի գործողություների դրդելը, երեխայի սեռական այլասերումը քրեականացնող օրենսդրություն պետք է լինի: Ավելին, այդպիսի հանցագործություններ կատարելու համար դատապարտվածների ինքնության եւ գենետիկ բնութագրերի՝ ԴՆԹ-ների վերաբերյալ տվյալները պետք է հավաքեն ու դրա համար պետք է նշանակվի ազգային իրավասու մարմին:

Կոնվենցիան ԵԽ անդամ 47 պետություններից 45-ը վավերացրել են, այդ թվում՝ Ադրբեջանը: Մնացել են Հայաստանն ու Իռլանդիան:

Փոխնախարարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, թե Հայաստանում երեխաների նկատմամբ սեռական բռնության քանի դեպք է եղել: 2017-ին Քննչական կոմիտեի վարույթներում քննվել է երեխաների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 265 քրեական գործ, որից 101-ը սեռական բնույթի է եղել: 2018-ին քննվել է երեխայի նկատմամբ հանցագործությունների 317 քրգոր, որից սեռական բնույթի 76-ը սեռական բնույթի են: 2019-ի միայն առաջին կիսամյակի ընթացքում ՔԿ վարույթում երեխայի նկատմամբ արդեն 51 սեռական բնույթի հանցագործությունների վերաբերյալ գործ է արձանագրվել: Իսկ տարվա կտրվածքով երեխայի նկատմամբ 91 սեռական բնույթի հանցագործությունների քրեական գործ է քննվել անցյալ տարվա ընթացքում: Ընդ որում, մեր վիճակագրության մեջ չի նշվում, թե այս դեպքերից քանիսն են կատարվել ընտանիքի անդամի կողմից, մինչդեռ կոնվենցիան վավերացրած երկրները նաեւ այդպիսի վիճակագրություն են վարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930