Լրահոս
Օրվա լրահոսը

Տաքսիների ոլորտը մղվում է դեպի նախնադար

Մայիս 12,2020 13:02

Գաղտնիք չէ, որ տաքսիները թույլ են տալիս լուծել մի շարք սոցիալական խնդիրներ։ Իսկ ներկա ճգնաժամի պարագայում նաեւ թույլ կտան ֆինանսական ճգնաժամը հաղթահարել բազմաթիվ մարդկանց, որոնք ժամանակավոր կորցրել են իրենց աշխատանքները։ Էլ չասենք այն մասին, որ քաղաքային տրանսպորտը դեռ երկար մնալու է վտանգավոր եւ կարեւոր է ունենալ զարգացած տաքսիների ոլորտ ներկա կորոնավիրուսային ժամանակաշրջանում։

Կառավարությունները անընդհատ փորձում են կարգավորել տաքսիների ոլորտը։ Հիմա էլ նոր օրինագիծ է մտել, որին կարելի է ծանոթանալ այստեղ – https://www.e-draft.am/projects/2452/about

Լավ պահերից կարելի է նշել, որ կառավարությունը հասկացել է արդեն, որ օնլայն տաքսիների ոլորտը ոչ միայն գոյություն ունի, այլ նաեւ արդեն հիմնական դերակատարն է։ Եվ օրինագծում էլեկտրոնային հաշվիչը հավասարեցրել են ավանդականին։ Սակայն, կան խնդիրներ եւ դրանք իսկապես շատ են եւ կարող են պարզապես կազմաքանդել ոլորտը, նորից հետ մղել դեպի 90-ականներ։

Ֆիզիկական անձ տաքսիստները փաստացի արդեն չեն կարողանա աշխատել օնլայն հարթակների հետ։ Փաստացի մարդկանց ստիպում են անցնել նորից հին տաքսի վարելու տարբերակին։ Այսինքն սպանվում է այն, ինչը հենց տեղեկատվական տեխնոլոգիաների իրական նվաճումն է այսօրվա տրանսպորտում․, երբ ամեն անհատ կարող է օրվա մի մասը, օրինակ, աշխատանքից հետո դառնալ ուղևորափոխադրող եւ լավացնել ընտանիքի ֆինանսական իրավիճակը։ Հայաստանում այսօր գործում են տասնյակ հազարավոր տաքսիստներ եւ դրանց 90% հենց այդպես, օրվա ի հատվածը աշխատանքից հետո տաքսի քշելն է։ Իսկ կորոնավիրուսի ժամանակ այդ մարդիկ համ օգնում են մեզ տեղափոխվել կամ առաքում կազմակերպել, համ՝ ընտանիք պահել։

Նոր օրինագծով այս տարբերակով, օրվա մի մասը տաքսիստ աշխատելու համար եւ օնլայն հարթակների հետ համագործակցելու հիմա պետք է գրանցել Ա/Ձ, տարեկան վճարել 350 000, որից 100 000՝ միանվագ։ Եվ քայքայել նյարդերը, հաշվապահություն վարել, ժամանակ ծախսել, որպեսզի հասկանալ մեր ոչ դյուրին հարկային դաշտը եւ աշխատել դրա հետ։ Ինչը, ով շփվել է այս համակարգի հետ լավ գիտի, իսկապես բարդ է։

Փաստացի, գործը հեշտացնելու տեղը, կառավարությունը մարդկանց ստիպում է ընդունել բարդ եւ թանկ նոր խաղի կանոններ։ Որոնք ոչ տաքսիստների համար է լավ։ Ոչ էլ՝ սպառողի։ Քանի որ օնլայն հարթակների դեպքում հնարավոր է որակին հետևել, հեշտացնել բոլոր գործառույթները։ Իսկ հիմա 90% վարորդներին առաջարկվում է վերադառնալ վաղ 90-ականներ։ Ինքն էլ պարզ չէ, թե հանուն ինչու։ Մինչ պարզ է, որ օնլայն հարթակների հետ համագործակցությունը թույլ կտա պետությանը համ ավելի վերահսկելի դարձնել հարկային մասը, համ ավելի բարձրացնել տաքսի ծառայության որակը։ Համ էլ այս ծանր օրերին ավելի հեշտացնել մեր քաղաքացիներին գումար վաստակել՝ հանրությանը օգուտ տալով։

Մենք զրուցեցինք տաքսիստների հետ, որոնք օգտվում են օնլայն հարթակներից։

48-ամյա Դավիթ Համբարձումյանը (անունը փոխված է) արդեն 6 տարի է՝ հիմնական աշխատանքից հետո մեքենա է վարում ու փորձում հավելյալ գումար վաստակել՝ թեթևացնելով ընտանիքի ֆինանսական բեռը։ Իհարկե, ինչպես ինքն է ասում, վաստակածը մեծ գումար չէ, բայց փոքր գումարով էլ փոքր խնդիրներ է լուծում։ Սակայն շրջանառության մեջ դրված նոր օրենքը, ըստ նրա, վարորդներին կզրկի գումար աշխատելու՝ անգամ այդ փոքր հնարավորությունից։

«Հայաստանում ամեն երկրորդ կամ երրորդ ընտանիքում կա վարորդ, որը տաքսի է վարում որպես հիմնական աշխատանք կամ հիմնական աշխատանքից դուրս։ Եթե այս օրենքն ընդունվի, կստացվի, որ աշխատանքային ժամերից հետո մեքենա վարողներն ամբողջ եկամուտը կամ գուցե դրանից ավելին պետք է վճարեն պետությանը»,-ասում է Դավիթ Համբարձումյանը՝ նշելով, որ վարորդները դեմ չեն ներդրում ունենալ պետական բյուջեի ձևավորման գործում, բայց դա պետք է լինի խելամիտ հաշվարկների հիման վրա։

Դավիթ Համբարձումյանի համար նաև անհասկանալի է, թե ինչու է տարանջատում դրվում փողոցի և օնլայն տաքսիների միջև։

«Իմաստը ո՞րն է և ի՞նչ տարբերություն կա, թե ինչ տարբերակով ես սպասարկում ուղևորին։ Կարևորը՝ լիցենզավորված ես և կատարում ես ամենամյա վճարումները։ Բացի այդ, նոր օրենքը ենթադրում է, որ վարորդը պետք է ՍՊԸ կամ ԱՁ բացի, որպեսզի կարողանա օնլայն ծառայություններից օգտվել, ինչը նշանակում է՝ պետք է հաշվապահ վարձել, որոշակի պարբերականությամբ հաշվետվություններ ներկայացնել և այլն»,-ասում է նա՝ ավելացնելով, որ այս օրենքը մեկ այլ՝ ոչ պակաս կարևոր խնդիր էլ է առաջացնելու․ «եթե անվճարունակ լինելու պատճառով վարորդների զգալի մասը հրաժարվի օնլայն հարթակներից, ինչը միանգամայն իրատեսական կանխատեսում է, մի՞թե մեր փողոցներն այնքան տարողունակ են, որ բոլոր մեքենաները կարողանան կանգնել փողոցներում և ուղևորի սպասեն»,-ասելիքն ամփոփում է Դավիթը։

Մտահոգությունը կիսում է 28-ամյա Գարիկ Սահակյանը (անունը փոխված է), ով մոտ 4 տարի է՝ հիմնական աշխատանքից հետո մի քանի ժամ մեքենա է վարում՝ ընտանիքի համար ապահովելով հավելյալ եկամուտ։ Ասում է՝ եթե այս օրենքն ընդունվի, այլևս չի վարի մեքենա։

Գարիկը վստահ է՝ նոր օրենքը կանդրադառնա նաև ուղևորասպասարկման որակի վրա։

«Ինձ նման մարդիկ, որոնք կրթված են, ունեն հիմնական աշխատանք, այլևս չեն վարի մեքենա, քանի որ ծախսը բոլորովին չի արդարացնի եկամուտը»,-ասում է նա՝ համոզմունք հայտնելով, որ այս օրենքի ընդունումից հետո օնլայն հարթակներից օգտվող վարորդների թիվը կիսով չափ կկրճատվի, ինչը կունենա շատ լուրջ սոցիալական հետևանք։

Ինչպես տեսնում եք, տաքսիստների մոտեցումները եւ պատկերացումները տարբերվում են կառավարության առաջարկած ծրագրերից։ Ամենահետաքրքիրը այն է, որ օրինագիծը մտցվում է կառավարություն արտակարգ դրության օրերին, երբ տաքսիստները նույնիսկ բողոքի ակցիաներ անցկացնելու հնարավորություն չունեն։ Հասկանալի չէ, թե ու՞մ է այս ամենը օգուտ տալու։ Վնաս տալու է գրեթե բոլորին։

Armtimes

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031