Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Տեր-Գաբրիելյան. Երբ չի պակասում խնձորը (պատմվածք)

Հունիս 02,2020 17:28

– Խորապես շնորհակալ եմ, – ասաց Գուրգենը շփոթված:

Ինչպես ասում են այսօր՝ «Գուրգենին կախել էր»: Հրատարակիչն անձամբ զանգահարել էր իրեն և լիքը կոմպլիմենտ արել իր վեպի վերաբերյալ, սակայն, ասել էր, եթե Գուրգենն ուզում է, որ իրենք հրատարակեն՝ պիտի մեծ փոփոխություններ անի, հերոսների անուններից սկսած մինչև ամեն ինչը: Օրինակ, հերոսներն «անցյալ» չունեն, անհասկանալի է, որտեղից են գալիս:

– Ես, իհարկե, մինչև վերջ չկարդացի, այդքան ժամանակ չունեմ, – ասաց հրատարակիչը, – սակայն կեսը կարդացի: Հոյակապ դիալոգներ ունեք, շատ դինամիկ է սյուժեն զարգանում, բացարձակապես հետք չկա ձեր սովորական ջանջալությունից, սակայն…

Գուրգենը մտածում էր, ի՛նչ ասի: Ճիշտ լուծում չէր թվում հինգ տարի առաջ գրված, չարչրկված վեպը վերարտագրելը: Մանավանդ, որ, չնայած հաճոյախոսություններին, հասկանալի էր, որ հրատարակիչը չի հասկացել գործը, չի խորացել: Օրինակ, հերոսների անցյալը, Գուրգենի կարծիքով, լրիվ էլ տրված էր, որքան պետք է:

– Շուկան, – բացատրում էր հրատարակիչը: – Ժամանակակից տենդենցները… Ցանկացած վեպ այսօր պիտի ֆիլմ արվելիք լինի, վեպ այլևս չի գրվում առանց ֆիլմ դառնալու գաղափարը՝ մեջը:

Հրատարակչի բոլոր օրինակներն Ամերիկայի մասին էին, բայց այնպես էր խոսում, ասես Հայաստանն էլ է նույն տենդենցների մեջ:

– Կարո՞ղ եք պատկերացնել, որ ձեր գործը ֆիլմ դառնա:

Ձեռագրի որոշ ընթերցողներ ասել էին, որ շատ կինեմատոգրաֆիկ գործ է: Գուրգենն ուշադիր լսում էր:

– Ես պիտի մտածեմ, – ասաց: – Իսկ այդ փոխելն ի՞նչ կնշանակի:

Հրատարակիչն օրինակ բերեց իրենց ընդհանուր ծանոթ գրողի, որի գործը նոր էր լույս տեսել: Ասաց, որ կես տարի միասին աշխատել են, մի մասն էլ ինքն է գրել, որից հետո, արդյունքում, թեև գիրքը լույս են ընծայել, սակայն մեկընդմիշտ կռվշտվել են:

– Ես այս ամենն ասում եմ անկեղծորեն, – ասաց, – որպեսզի պարզ լինի, դուք հարգելի, կայացած ստեղծագործող եք, բազում գրքեր հրապարակած…

– Եթե հինգ տարի առաջ գրած չլինեի, կընդունեի ձեր առաջարկը, – ասաց Գուրգենը: – Այժմ դժվարանում եմ միանգամից կողմնորոշվել: Խորապես շնորհակալ եմ: Շատ ուրախ եմ, որ այդքան պրոֆեսիոնալ եք մոտենում հարցին:

– Ես համեմատաբար նորեկ եմ գեղարվեստական արձակի շուկայում, – ասաց հրատարակիչը: – Շատ գրքեր եմ կարդացել, որ կողմնորոշվեմ: Օրինակ՝ գիրք այն մասին, ինչպե՛ս պիտի իրեն պահի հրատարակիչը գրողի հետ, ինչպե՛ս է ճիշտ նրա հետ խոսելը:

Ուրեմն «ճիշտ» խոսելու նպատակով էր կոմպլիմենտ անում: Իրականում մերժում է, պարզապես՝ քաղցրացրած, – հասկացավ բութ Գուրգենը:

– Դե, հասկանալի է, – ասաց, սովոր՝ ուրիշներին անհարմար վիճակից դուրս բերելու համար այդ վիճակի մեջ գլխակորույս նետվել անձամբ: – Դրա համար անձամբ հանդիպել է պետք:

– Երբ այս պատուհասն անցնի՝ կապվենք, – ասաց հրատարակիչը:

Հինգ տարի: Ինչպես անցան, ինքն էլ չէր հասկանում: Մեկ է, կոմպլիմենտ լսելը հաճելի է:

– Խնձորներս վերջանում է: Ի՞նչ ենք անելու, – կինը նայեց, մի տեսակ, տարակուսած հայացքով:

Սոֆին լավ աղջիկ էր: Մեկ-մեկ միայն պսակաժահրից նեղսրտում էր, Գուրգենը մխիթարում էր, օգնում, որ զբոսանքի դուրս գալուց առաջ պարետի թերթիկ-անցաթուղթը լրացնի, դիմակը չմոռանա: Սոֆին որդուն էր կարոտում, սկայպով հաճախ չէին շփվում, որդին հույժ զբաղված էր: Երանության ժպիտը դեմքին՝ Սոֆին զավակին կրծքով կերակրել, մեծացրել և հասցրել էր հե՜, Չեխիա: Երեխան՝ Չեխիայում, էն էլ ինչ՝ նախարար էր աշխատում, օ, զարմանք, օտար երկրում նախարար էր դարձել և մեկ է՝ գիրք չէր կարդում: Մանավանդ՝ հայրիկի: Ասենք, որդիդ որ քո գործերը կարդա՝ օգուտն ի՞նչ, ուրիշնե՛րը պիտի կարդան: Որդին որ կարդար էլ՝ բան չէր անելու, որ հայրիկին օգնի, քանի որ «գործունյա» չէր, որ հայրիկի գործերն առաջ գցի, չեխերեն թարգմանել տա, տպի: «Գործունյա» չէր, դրա համար էլ Հայաստանից հեռացել էր, իսկ Չեխիայում, դու մի ասա, հենց այդպիսի «անգործունյա»-ները նախարար են դառնում: «Սեր եմ ստանում՝ միակ եղած: Կնոջս սերը և որդուս: Բայց սիրո ագահ եմ ես – ավելին եմ ուզում, և գնահատել չգիտեմ: Ո՞վ է իմ իդեալական ընթերցողը: Ինքը՝ ոչ գրող, երիտասարդ՝ որ գիրը դեռ վրան ազդի, որ՝ հիշվի, ինձ՝ անծանոթ… Դե արի ու ճարիր»: Հայոց վեպը չի մահանա: Ինչ-որ շարժիչ կա մարդկանց մեջ. արտադրվում է, անկախ ամեն ինչից: Բայց մի՞ թե հայոց վեպի ընթերցումը կմահանա: Եվ ու՞մ են պետք այդ գերեզմանահատորները:

– Խնձոր է պետք՝ կպատվիրենք:

Համացանցով էին պատվիրելու, առաքիչ տղան բերելու էր մի քանի ժամից, տղային ընդունելու համար պիտի դիմակ և ձեռնոց հագնեին, հետո պիտի սպիրտով ամեն խնձորն առանձին-առանձին մաքրեին և այլն: Նորմալ է: Տնակալում: Պսակաժահր:

Ասում էին. «Տանը նստած եք՝ նոր բան գրեք»: Բոլդինյան աշուն, «Դեկամերոն», բան, – իսկ իր գրածները եկել-հասել էին և կոկորդին կանգնել: Հինգը հատոր ուներ անտիպ: Մեկ մտածում էր՝ պարզապես դնի համացանցում, մեկ՝ դեռ հույսը չէր կտրում, որ կգտնի գոնե մի գրքի հրատարակիչ: Մի գրքի լույս ընծայումը տալիս էր երեք գրքի լույս ընծայման չափ մխիթարանք: Չէ մի չէ՝ հինգհատորյակ: Ղարաբաղցի տատն ասում էր. «Ալմա էիր՝ խընձըրհամն էլ տվեց վրադ»: Փողի հույս էլ չուներ, իրենից փող չուզեն՝ դա՛ էր երազանքի գագաթնակետը: Իրե՛նք կազմակերպեն վաճառքը: Թեկուզև չառնվի շատ, բայց գոնե իր գինը հանելուց մի քիչ ավելի հո կառնվի: Եթե լավ կազմակերպել:

«Ախ, ինչու ես գրող դարձա: Ախ, ինչու էս ցավը կպավ»: Ափսոս չի՞ Սոֆին. նկար է անում, նայում են՝ միանգամից հազարներ, հավանում կամ ոչ… Հիմնականում՝ հավանում:

Բկին էդպես կանգնած հաստ-հաստ, թեև դեռևս աննյութ, հինգը ձեռագիր, երկուսը՝ վեպ, երկուսը՝ ժողովածու, մեկը՝ նոն-ֆիքշն: «Ո՛րն ավարտեմ, ո՛րն առաջ մղեմ, ո՛նց նորի վրա աշխատեմ»:

Էդ քիչ էր՝ ուրիշներին էին կարդում: Հա, թող կարդան, բայց… Է՛լ օտար լեզվով, է՛լ վատ թարգմանած, հա՛ թարգմանում են ու թարգմանում, հեչ կարդալու բան էլ չի, է՛լ գիտական, գիտահանրամատչելի, դասագիրք, է՛լ հոդված, համացանց և ստատուս, է՛լ իր ընկերների գործերը: Իսկ ինքը կարդալ գրեթե չէր կարողանում: «Միթե այդքան դաղալն եմ ես», մտածում էր, «միթե ընկերներիս գործը չեմ կարողանում գնահատել»: Հազարի՜ց մեկ: Սկսում էր, իրեն «դուխ» էր տալիս, որ «լավ է գնում», մեկ էլ՝ մի շրջադարձ, որ չհավանեց՝ և – կանգառ: Էլ չէր կարում շարունակեր: Համացանցն էլ էր խանգարում, դե իհարկե: «Լավ, թող կարդան, բայց ախր արտադրանքը որ էսքան ավելի շատ ա, քան պահանջը, վիճակն ի՞նչ ա լինելու»: Մի քանի տարի առաջ Մոսկվայում էր. գրախանութ մտավ՝ ու հասկացավ, որ եթե իր նույնիսկ մի հատիկ գիրքը թարգմանվեր և այդտեղ լիներ՝ կորչելու էր, մահանալու, թաղվելու մեկընդմիշտ՝ դարակների մեջ ծվարած այդ առատության մեջ: Թեկուզ իր հատորյակը լիներ թարգմանված՝ էլի կորչելու էր: «Ինչու՞ եմ գրում»:

– Շա՛տ ես գրում, – ասում էր գիտնական՝ քչագիր ընկերը: – Բառերը չես ընտրու՞մ:

– Տո, եսիմ, է՛: Ախր շատ էլ չեմ գրում, որ ճիշտը հաշվենք:

– Վեպդ քանի՞ տարում ես գրում:

– Առաջինը չորսը տարում գրեցի, վերջինը՝ տասը: Իհարկե, անընդհատ չէի վրան աշխատում, բայց, մեկ է, էդ պաուզան պետք էր, կյանքի փորձը, մոռանալը, նոր հայացքով նայելը, որ հասկանայի, ի՛նչ եմ գրում, որ նյութը «հնանար»՝ գինու պես, գայի արդյունքի: Աշխարհի արագությունն ուր՝ մի լավ բան գրելու արագությունն ուր…

– Հա, էլի, ուրեմն էդքան էլ շատ չես գրում, գրաֆոման ջան:

– Էլ չհաշված՝ համացանցում գրածներս, գործի բերումով գրածներս…

– Դու գրելու մեքենա ես, փաստորեն:

– Չեմ հասկանում, աստված ինձ ինչու է էս չոռը տվել, թե մարդկությանը պետք չէ:

– Մեկնումեկին պետք կգա ի վերջո:

– Հա, ես էլ եմ էդպես մխիթարվում: Կյանքիցս հետո: Կասեն «անաչառ ֆիքսող էր՝ մեր անցուդարձի»:

– Դու էլ՝ կա՛րճ գրիր, բանաստեղծների պես:

– Էն ա գրում եմ, էլի, ֆեյսբուքյան ստատուս:

– Հետո՞: Չեն հավանու՞մ:

– Լավ էլ նորմալ հավանում են երբեմն: Եթե համեմատաբար պրիմիտիվ է: Արդեն մի հատ էլ գիրք դրանցից է կազմավորվում:

«Սուրհանդակը» հազիվ նկատելի նիշ ուներ այն մասում, երբ անծանոթ մեկն է «խնդրում», որ ուզում է իրեն բան հաղորդել: Ուրախացավ, զգուշությամբ կարդաց, ավելի ուրախացավ, բերեց «ծանոթության» դաշտ:

«Պարո՛ն Միքայելյան, բարև ձեզ: Կուզեի ձեզ հետ առցանց պարապմունքներ անցկացնել. զրույցներ՝ արձակի մասին: Համաձայն կլինե՞ք»:

Նայեց ուղարկողի «կիսադեմը»: Լուսանկարն աղջնակ էր: Շատ բան գրած չկար, ինչ որ կար՝ տհաճ չէր, իր լուսանկարները չէին, տորթ և կատու չէր, տոների շնորհավորանք չէր. գրականությունից ցիտատներ, և՝ ոչ տրիվիալ: Հավանեց իսկույն, թեև հեղինակը բան չէր գրում շատ որպես սեփական կարծիք:

«Իհարկե, հաճույքով: Ինչի՞ մասին եք ուզում խոսել»:

«Դու՛ք առաջարկեք»:

Ու՛մ առաջարկեմ, ու՛մ առաջարկեմ:

Առաջարկեց: Երազանքի պես բան էր:

Երբ միացան, ինքը սկզբում տեսանելի էր, աղջնակը՝ ոչ. փոխարենը՝ էլի լուսանկարն էր: Ձայնը՝ սիրուն, քնքուշ: «Կապը կարող է թույլ լինել», ասաց աղջնակը, «դժվար կլինի՞ առանց ինձ տեսնելու»:

Խնդիր չկա: Ինքն էլ անջատեց: Ձայն միմիայն: Այդպես ավելի լավ էր:

Իսկ ամենազարմանալին այն էր, որ շուտով պարզվեց, որ Սիրարփին իր գործերը կարդացել է: Մեկ առ մեկ էր պարզվում: Սկզբում՝ մի պատմվածքը (կարծեց, համացանցում է տեսել): Հետո՝ մյուսը, հետո՝ վիպակը, հետո նաև վեպը: Պարզ դարձավ, որ ինչ ինքը գրել-հրապարակել է՝ Սիրարփին կըլլել է: Եվ ավելին. ո՛չ միայն կարդացել էր ամենը, մարսել, հիշում էր, այլև՝ հասկացել էր:

Այդպես դասերը փոխնիփոխ մեկ՝ ուրիշների գրվածքներին էին վերաբերվում, մեկ՝ իր: Հետո Սիրարփին ասաց, որ դասընկերներ ունի, արդյոք կհամաձայնի՞ պարոն Միքայելյանը, եթե մեծ խմբով մասնակցեն: «Զում» տեղադրել օգնեց համակարգչում, և մեկ աղջնակի փոխարեն տասնհինգ աղջիկ ու տղա իրենց լուսանկարներով զբաղեցրին էկրանը:

Ե՜վ սկսվեց խրախճանքը:

Սկզբում օրը մի ժամ էին դաս անում, հետո՝ երկու, հետո ինքն ասաց «Չեք հոգնու՞մ, երեխեք», ասացին՝ «Ոչ, մենք կարող ենք երեք, չորս ժամ էլ», բայց ինքն արդեն հրաժարվեց. պիտի պատրաստվեր, խոսելու նյութ կուտակեր ամեն պարապմունքից առաջ: Մի քիչ կենտրոնանար՝ արդեն գիտեր, ի՛նչ պիտի ասի, որ հիմարություն չլինի, բայց էլի՝ ընդմիջումներ էին պետք, որ մեջն ասելիքը ետ լցվի, թե չէ դատարկվում էր մինչև ուղնուծուծ ամեն սեսիայից: Էս ի՛նչ երջանկություն է, էս որտեղի՛ց իրանք: Հենց որ ընթերցող էր հանդիպում, հենց որ կոմպլիմենտ էր ստանում՝ արագ մոռանում էր: Որովհետև, – գիտեր, – մարդ ստեղծված է երջանկության համար, և բնական է ընդունում երջանկությունը, որպես սովորական բան: Իսկ էս երեխեքը… Մեկը մեկից խելոք, բայց առաջնորդն էլի Սիրարփին էր, նա՛ էր որոշում, ո՛ր ուղղությամբ տանել զրույցը: Մի օր խոսեցին լեզվի մասին, արևմտահայերենի և արևելահայերենի միավորման խնդիրների, մի օր՝ ոճի. գողական լեզվի, ժարգոնայինի և գրականի: Մի օր Ֆոլքներ քննարկեցին, հետո՝ իր սիրելի գործերից մեկը՝ մոգական մի պատմություն… Երբեմն հիմար հարց էլ էին տալիս, նյարդայնացնում, ասես էս մոլորակից չլինեին, բայց՝ ոչ հաճախ, հիմնականում՝ լավ և ճիշտ: Հետո իր գործընկերների գործերից խոսեցին…

– Ես մտքի մարդ եմ, հոգուս խորքից ասեմ՝ ճիշտ հասկացեք. մի՛տք չեմ գտնում հաճախ վերջերս գրվածներում: Միտք, ուղեղ և ողնուղեղ: Սիրտ՝ լիքը, որքան ուզես, իսկ, ա՛յ, ուղեղ… Բայց երևի ես շատ խիստ եմ…

– Սիրտն է՛լ կա ձեր մեջ, միայն մտքի մարդ չե՛ք դուք: էսպես է՛լ եք գրել, էնպես է՛լ եք գրել:

Իհարկե, հենց որ նշելու բան էր ունենում՝ իսկույն նշում էր ընկեր-գրողներին կոմպլիմենտար կերպով:

– էն պահը, երբ Մոսկվայի հանրակացարանի կռիվն է նկարագրում՝ շա՜տ է դուրըս գալիս: Կարող եմ ժամերով խոսել այդ մի երկու պարբերության մասին:

– Հապա, հապա…

Հետո նրանք խնդրեցին թե առաջարկեցին իր «ձեռագրերն» ընթերցել: Ուրախ էր տրամադրել, չէր վախենում «բացասական կարծիքից», իրեն էլ հենց անտիպների վերաբերյալ կարծիքներ էին պետք, սոված էր նման լսարանի: Բայց դե ինչքա՞ն կարելի է շաղակրատել:

– Ես դժվար եմ լսում, բայց ձեզնից նյութ մատակարարվելը կգնահատեի: Պատմե՛ք ինձ ձեր կյանքի պատմություններից, որ իմանամ՝ լսողներս ո՛վ են, ավելի երկխոսական կազմակերպենք մեր քննարկումները:

– Մենք ուզում ենք ձե՛զ լսել: Մի օր էլ՝ մե՛նք կպատմենք: Բայց մեր խնդիրն այդ է՝ որ դժվար ենք պատմում, ուտել՝ սիրում ենք, պատմել՝ քիչ կարող ենք:

Թե ուտելն ինչ կապ ունի: «Մի օր դա էլ սովորեցնեմ, զբաղվենք կյանքի պատմություն պատմելու հմտությամբ», մտածում էր: Թե չէ՝ իրենց արժեքավոր կյանքերն էլ, իրենց նախնիներինն էլ՝ ինչը որ գիտեն-չգիտեն՝ կանցնեն-կգնան, համրության մեջ կկորչեն, անօգուտ, և տեղը միֆեր կբուծվեն:

«Բայց դե ուզում են՝ խնդրեմ»:

Պատմեց, ինչպես է տարիներով կուտակում սյուժեի մի գիծ, մի բառակապակցություն, մի պատկեր՝ որ հետո հանկարծ օգտագործի ինչ-որ տեղ, ի մի բերի տարիներով գնդած իր անպետք հարստությունը: Կամ՝ ինչպես է, ընդհակառակը, տարիներ շարունակ ճշգրիտ բառը, պատկերը, գույնը որոնում՝ և չգտնում: Կամ՝ տարիներ հետո միայն գտնում: Ոչինչ չխնայեց նրանց խաթր, իր անարժեք «ադամանդները» հանեց-շաղ տվեց համակարգչի էկրանին բուսնած՝ լուռ լսող լուսանկարների առջև: Ինչպես որ՝ բացատրեց. – գրելուց է՛լ չի խնայում, վեպի նյութ է, բայց այս պահին այս պատմվածքում պետք է՝ «կզոհաբերի», հենց այստեղ կարճ կարտացոլի, մի ամբողջ միգամածությունը դարձնելով մի փոքրիկ, հազիվ նշմարելի, հազիվ առկայծող ադամանդիկ:

Պատմեց, ինչպես է տարիներով փորձել հասկանալ, ինչի՛ է պետք գեղարվեստական կարդալը, «վեպի ապոլոգիա» ստեղծել, ինքն է՛լ երբեմն չհասկանալով, պե՞տք է արդյոք, որ դեռ պահպանվի այդ ժանրը: Գեղարվեստական արձակը մարդու իրական մտքերը կարդալու միակ ձև՞ն է՝ հերոսի, ում մտքերը հեղինակը թաքուն քեզ է հրամցնում:

Երևակայությու՞ն ես զարգացնում. քեզնից էլ անկախ ստեղծում ես վարկածներ, ի՞նչ է լինելու, ասես ամեն գրվածը հետաքննական վեպ լինի, սակայն՝ ցանկացա՛ծ սյուժեի դեպքում, – և հետո համեմատու՞մ, քո սպասումի պե՞ս զարգացավ, ո՞չ:

Իսկ գուցե ամենակարևորը ոչ թե հերոսներն են, այլ՝ հեղինակն ի՞նքը. գուցե իրական հերոսն ամեն գործի հեղինա՞կն է, ում մտքի ձևերին ես ծանոթանում և՝ հավանում կամ ոչ, իրենից բան սովորում կամ՝ ոչ: Ինքը՝ իր գրի սահմաններում՝ ազատ, գրեթե աստծո պես, և մի քիչ էլ այդ ազատությունից՝ վարկածներ երևակայելու, – շնորհում է քեզ՝ ընթերցողիդ, և մի քիչ աստված ես դառնում, աստվածանում, համենայն դեպս՝ աստծո բանը գուցե մի փոքր զգաս:

– Այդ սյուժե՛ն եմ մտմտում տարիներ շարունակ: Դոկտոր Մոռոյի պես՝ վիրահատե՞լ մարդուն, որ ուղեղի ընկալունակությունն ավելանա, հավելյալ ուղեղի մա՞ս ներկարել: Ժամանա՞կը շատ պարգևել, կյանքը երկարեցնել, որ այդքան չտառապի ռեսուրսի սահմանափակությունից, չխճճվի ինֆորմացիայի տարափի մեջ: Կլոնավորվի՞ – որ կլոններից մեկը փող աշխատի, մյուսը՝ վեպ կարդա: Բայց՝ ուղեղներն իրար միացած աներևույթ կերպով, այնպես, որ մեկի կարդացած վեպն իր կլոնի կողմից ընկալվում է նույնությամբ: Իսկ գուցե անել այնպես, որ ավելի քի՞չ կարողանա քնել, ավելի քի՞չ սովածանա, – և խնայված ժամանակը նվիրի դրան: Հույս ունեի՝ պսակաժահրի այս օրերին այդպիսի առիթ կստեղծվի, մարդիկ կծարավեն, վեպ կկարդան: Բայց՝ ոչ. բոլորը՝ մեխված իրենց էկրաններին: Ինչպես մենք՝ հիմա… Կամ՝ գոնե վերջին, մահվան պահին՝ երբ ամբողջ կյա՛նքն է մարդու աչքերի առջև հառնում՝ գուցե այդ ժամանա՞կ հանկարծ – հրաշքով – ընկալի աշխարհի բոլոր այն վեպերը, որ չի հասցրել կարդալ կյանքի օրոք… Բայց՝ ի՜նչ օգուտ: Ինչպե՞ս լուծել այդ թնջուկը, ինչպե՞ս մարդկանց «սենսորային սով» պարգևել՝  դեպ վեպը, ծանր, ինտելեկտուալ, ոչ մոդայիկ գեղարվեստական արձակը: Պարզապես հնոտի եմ… Անցել-գնացել է վեպերի դարը, ուշացած եմ, ասես մետրանպաժ եմ ծնվել կամ մեքենագրուհի՝ համակարգչի դարաշրջանում:

Լռեց: Լսարանն էլ էր լուռ մի առ ժամանակ:

– Դուք անպայման կգտնեք այդ սյուժեի լուծման տարբերակ, խոստանում եմ, – ասաց Սիրարփին:

– Շնորհակալ եմ, – ասաց զգացված Գուրգենը: – Առայժմ փնտրում եմ: Բայց գուցե սա պրագմատիկա է, արվեստի հանդեպ կիրառվելիս՝ անհարիր: Հազար այսպիսի պատճառ կարելի է բերել: Կարդու՞մ են: Այո: Վեպ է՞լ են կարդում: Մի քիչ, բայց՝ արտասահմանյան կամ դասական: Իսկ ինչի՞ է պետք հենց ժամանակակից հայրենի վեպը…

Նախապատրաստում էր Մաթևոսյանի «Անտիպների» քննարկումը, իսկ դա դժվար էր լինելու, մտածում էր, որի՛ց սկսի, Մաթևոսյանի՞ց, Պըլտեանի՞ց: Ո՞րն է ավելի հեշտ:

– Պարո՛ն Միքայելյան, մենք վարձի վերաբերյալ երբևէ ոչինչ չենք քննարկել, – մի օր ասաց Սիրարփին: – Բայց պետք է վարձահատույց լինենք, չէ՞: Մենք գոհ ենք, դուք էլ պիտի գոհ լինեք:

– Ես էլ եմ գոհ:

Փող քննարկելուց լավ չէր, բնականաբար:

– Այնուամենայնի՞վ:

– Այն, ինչ ինձ պետք է, մեկ է վարձներդ չի հերիքի, – կատակի փորձեց տալ:

– Ասեք, ի՞նչ է պետք:

– Ձեզ պես ընթերցող ունենալուց բացի միակ բանը, որ պակաս եմ համարում՝ որ գիրքս հրատարակվի: Բայց դա թանկ արժե, մեր պարապմունքներից թանկ:

– Մենք կարող ենք դա անել, թեև մի փոքր այլ ձևով:

– Ի՞նչ իմաստով:

– Մեր գրքերի ձևերն այլ են:

– Ինչ ձևի էլ լինի՝ գիրքը գիրք է: Որ ինձնից դուրս գա, ձեզ, ձեզպեսներին հասնի, մնա, ընթերցվի, քննարկվի:

Եվ ահա մի օր՝ այդ զրույցից ոչ շատ անց, Սիրարփին ասաց.

– Պարո՛ն Միքայելյան, ձեր գիրքը պատրաստ է, տպաքանակը՝ հինգ հազար, բայց եթե պետք լինի՝ կշատանա. ցույց տա՞մ ձեզ:

Եվ տեսահոսքը միացրեց:

Սիրարփին չկար էկրանին, փոխարենը՝ մի գունդ էր, կապույտ, ասես սառը հրով պատված, ոսկյա շողեր կայծկլտող:

– Սա՛ է ձեր գիրքը:

– Սա գի՞րք է:

Գուրգենը, իհարկե, էդպես էլ կարծում էր, որ մի բան այլ կերպ է լինելու: Արդեն հասկանում էր, որ այդպիսի երեխաներ չեն լինում:

– Մեր գրքերն այսպիսին են:

– Իսկ կկարողանա՞ք գոնե հինգ օրինակն ինձ հասցնել:

– Երբ պսակաժահրն ավարտվի՝ իհարկե:

– Գրախանութներում է՞լ կլինի:

– Անպայման: Մեր բոլոր գրախանութներում:

Այդ «մերը» Սիրարփին կրկին ընդգծեց, ինչպես արդեն եղել էր: Գուրգենը հասկանում էր, որ դա «իր» իմացած գրախանութները չեն:

– Իսկ ինչպե՞ս են այն կարդում:

– Այ՛, այսպես:

Եվ Սիրարփին ձեռքը ցույց տվեց էկրանի վրա, հետո ընկղմեց կապույտ հրով պատված գնդի մեջ: Իր ձեռքն էլ էր կապույտ, և, իհարկե, մատները յոթն էին ու՝ երկա՜ր, երկա՜ր: Հուր գրքի մեջ հուր ձեռքն առկայծում էր, ասես… ասես…

– Դե այսքան բանը որ տեսել եմ, – ասաց Գուրգենը: – Կարող եք երևալ ամբողջությամբ:

– Լավ, – ասաց Սիրարփին և երևաց:

Կանաչ ամպ էր, միջից դուրս եկող՝ բազու՜մ երկա՜ր շոշափուկ-ձեռքերով, ամեն ձեռքին՝ յոթական մատ: Ոչ դեմք ուներ, ոչ մարմին:

Գիրքն արարածից քիչ էր տարբերվում. երկուսն էլ՝ գնդահուր:

– Դուք իմ մասին ամեն ինչ գիտեք, – ասաց Գուրգենը: – Դուք հիմա դու՛ք ասեք, ովքեր եք:

Քանի որ չվախեցավ՝ մյուս երեխաները բոլորը երևակվեցին էկրանի վրա. բոլորն էլ ամպիկներ էին շոշափուկներով, միայն թե ամեն մեկը՝ տարբեր գույնի:

– Մենք Այրվող Սարդի Միգամածությունից ենք, – ասաց Վահրամը:

– Էս պատուհասը դու՞ք եք բերել գլխներիս:

– Պարո՜ն Միքայելյան: Մի՞թե դուք հավատում եք դավադրությունների տեսություններին:

– Սոֆի, մի արի տես, բան տեսնու՞մ ես:

Սոֆին մոտեցավ էկրանին, նայեց.

– Վախենա՞մ:

– Չէ, ուզում եմ ուղղակի ստուգեմ ինձ:

– Սա՞ է քո խմբակը:

– Այո:

– Դիմակներո՞վ են բոլորը:

– Չէ, սա դիմակներ չեն, չե՞ս տեսնում:

– Երեխեք, բա չեք վախենու՞մ վարակվել:

– Մեզ պսակաժահրը չի սպառնում, – ասաց Վահրամը: – Մեզանում այլ հիվանդություններ կան:

– Բա ինչի՞ մինչև հիմա չէիք երևում:

– Սրանից հետո կերևանք:

– Ուրիշներին է՞լ եք այցելում:

– Մեզ միշտ պետք է միտք և խոսք, թարմ, խորը միտք և խոսք:

Սոֆին, գլուխը ճոճելով, վերադարձավ իր գործին՝ նկարելուն:

– Ես նրանց կնկարեմ ծաղիկների ձևով, – ասաց:

– Իսկ պսակաժահրն ի վերջո կանցնի՞:

– Ավաղ, մենք ապագան գուշակել չենք կարող: Ձեզնից շատ բան չգիտենք: Իմացածներիս հիման վրա՝ կարծում ենք, այո: Մենք կարող ենք միայն կերտե՛լ ապագան, – ասաց Վահրամը:

– Հիմա դուք իրո՞ք աղջիկ և տղա եք:

– Մենք աղջիկ ենք, տղա, բամբուռ և գծոն, – ասաց վարդագույն Ադելաիդան: – Մենք չորս տեսակի ենք և՝ դրանց խառնուրդները: Ես, օրինակ, աղջիկ եմ: Իսկ Սիրարփին՝ գծոն:

– Իսկ բոլորդ միասի՞ն ինչպես եք կոչվում:

– Տաղածարավ:

– Բայց երեխա՞ եք, պատանի՞:

– Պարո՛ն Միքայելյան, դուք ինքնե՛րդ եք գրել, որ ամեն արարած էլ պատանի է մինչև կյանքի վերջ, մանավանդ՝ երբ սովորում է: Միայն մարմինն է փոխվում, հոգու ներսում՝ բոլորս էլ պատանի ենք: «Ինչքա՜ն տարբեր են մարդիկ, մեկը երեսուն տարեկանում՝ նախարար, մյուսը հիսունում՝ երեխա»…

– Իսկ ինչու՞ այսքան ժամանակ չէիք երևում, իսկ այժմ որոշեցիք աչքիս երևալ:

– Համոզվեցինք, որ չեք վախենա, – ասաց Սիրարփին: – Հետո՝ ժամանակն է, որ մենք հեռանանք:

– Այդքան շու՞տ: Ինչու՞:

– Դժվար է բացատրելը, բայց մեր հայրենիքը սպասում է մեզ: Մենք եկանք, հետազոտեցինք, համտես արեցինք ձեր մշակույթը… Այժմ կան այլ խնդիրներ, թեև շատ ափսոսալու ենք, որ հեռու ենք ձեր հոյակապ մոլորակից: Նաև՝ կապի մեջ կմնանք, մենք կարող ենք հեռվից միանալ ձեր համացանցին: Ձեր գրքերը ձեզ կհասցնենք… Երբ ձեզ հասնեն՝ դրանք իսկական գիրք կդառնան, ձեր իմացած ձևի: Եվ կլինեն ձեր բոլոր գրախանութներում:

– Դուք նույնիսկ սովորել եք մեր լեզուն…

– Գրականությունը մեր հաց ու ջուրն է, – ասաց Վահրամը: – Դուք ինքներդ եք գրել, որ իրական թարգմանությունն անհնարին է: Չէ որ դուք չեք սիրում ծուռտիկ թարգմանություններ, որոնց միջից կորչում է հեղինակի ոճի բույրը: Մերն է՛լ է այդ սկզբունքը. գրականություն համտես անելու համար մենք սովորում ենք տվյալ գրականության լեզուն: Դա է՛լ էր պատճառը մեր ուշացման:

– Մենք, երևի, ձեզանից լիքը սովորելու բան ունենք:

– Մի՛ անհանգստացեք: Մենք կապված ենք անքակտելի կապերով. դուք մեզանից կարող եք ստանալ ամենագլխավորը՝ ինչ դու՛ք եք սիրում. ուշադրություն ձեր գրածներին, դրանց խորը ներքին վերլուծություն…

– Իսկ դու՞ք:

– Իսկ մենք ձեզանից ստանում ենք ձեր գրածները, ձեր մտքինն ու ողնուղեղինը, ինչպես դուք եք ասում: Արդար է:

– Իսկ եթե մեր այդ մտքինը, տաղանդինը, ողնուղեղինն ու լեզվինը սպառվե՞ց:

– Չի սպառվի: Չէ՛ որ «խնձորը երկրագնդիս երեսից չի պակասում: Եվ ինչքան շատ լինի՝ այնքան լավ»:

– Բայց ինչու՞ հենց ես:

– Մենք շատերին ենք այցելության գալիս: Չէ՛ որ մենք շատ ենք: Մեզ շա՜տ է պետք ձեր գիրն ու գրականությունը:

Գուրգենը կարող էր այսպես զրուցել անվերջորեն: Եթե իրենք չասեին, որ հերիք է, կմոռանար ուտել, քնել, ի վերջո կմեռներ՝ այս զրույցի հերթական ալիքին տրված:

Էնքա՜ն հարց կար տալու: Գուրգենը սովոր էր զսպվել, շատ հարցեր չտալ: Ինչ կուզեն՝ իրենք կասեն: Բայց չէր դիմանում…

– Իսկ դուք գաղտնի՞ք եք: Կարելի՞ է ձեր մասին պատմել:

– Իհարկե: Ավելին. ում դուք պատմեք ձեր գործընկերներից՝ շատերին մեր այլ երեխաներ այցելած կլինեն, նրանք կճանաչեն մեզ:

– Մի՞թե մեզ ասելու բան չունեք: Չէ՞ որ դուք շատ առաջ եք քաղաքակրթության մակարդակով:

– Դուք ճիշտ ուղու վրա եք: Միայն թե պիտի հրաժարվեք պատերազմներից: Մեկ էլ… թափանցիկ է լինելու ամեն ինչ, և դա ազատության սահմանափակում չէ:

– Ի՞նչն է թափանցիկ լինելու:

– Դե, հիշում եք, որ բողոքում էիք, որ կա երկու իրականություն՝ գռեհիկ խոսակցականը և զտված գրականը: Այդ գռեհիկ խոսակցականի մաս են հայհոյանքները և շատ այլ բաներ, որոնց մասին, ասում էիք, մարդիկ հրապարակայնորեն չեն խոսում, կա՛մ խոսում են ինտիմ իրադրության մեջ, կա՛մ՝ հատուկ հանգամանքներում: Ասենք՝ ձեր սեքսուալ նախասիրությունների մասին կա՛մ կխոսեք մասնագետի հետ, կա՛մ՝ այն անձի, որի հետ ինչ էլ որ անեք փոխադարձ համաձայնությամբ՝ ճիշտը դա է: Եվ մասնագետը հատուկ բառեր կգտնի, դրա մասին խոսելու համար:

– Դե, հա…

– Այդ հատուկ բառերը կմիավորվեն հասարակ բառերին: Շատերը կիմանան ձեր բոլոր գաղտնի մղումները: Բայց դուք կլինեք մարդասեր, և ոչ մի արգահատելի բան չի լինի այդ մղումներում: Եվ նրանք կդառնան ոչ գաղտնի:

– Իսկ մարդկանց կյանքը երկարելու՞ է:

– Այո, կամաց-կամաց: Սակայն ավելի արագ երկարելու է կյանքի առողջ մասը:

– Իսկ բնությունը, բնությունը վերականգնվելու՞ է:

– Իհարկե: Չէ որ չի կարելի թույլ տալ, որ խնձորն աշխարհիս երեսից պակասի:

– Իսկ ուրիշ քաղաքակրթություններ կա՞ն: Գրականություն ունե՞ն:

– Մենք ձեզ կպատմենք մի օր, ետ կգանք և կպատմենք բարիպոպի քաղաքակրթության մասին:

– Սյուժե կտա՞ք ինձ:

– Ո՛չ, դու՛ք մեզ տվեք: Այդ մի բանը մեզնից չեք ստանա: Ձեզ չեն գնահատում, բայց դրանով հենց սյուժե են տալիս: Դա պիտի լա՛վ հասկանաք: Հենց որ սկսեցին գնահատել՝ սյուժեի հոսքը կսկսի կտրվել:

– Չե՞ք ափսոսում, որ չեք գրում:

– «Ամեն հաց ուտող հո հացահատիկ չի՞ ցանում»:

Նրանք գնացին: Էլի խոսեցին գրականությունից, էլի՝ Գուրգենի գրվածքներից, լեզվի համնուհոտից, իսկ հետո էկրանը մթնեց, և այլևս կարիք չկար պատրաստվելու վաղվա խելակորույս դասի: Ասենք, Գուրգենն այս շաբաթների ընթացքում այնքան էր ջլատվել, որ շատ էլ լավ էր, որ կարիք չկար: Լիցքաթափվել էր: Նոր կուտակ պիտի կուտակեր: Եվ գիտեր. շուտով կարոտելու է աշակերտներին:

… Իսկ հետո դա եկավ՝ կարոտախտը: Էլի մնաց միայնակ: Այո, գիտեին իր որոշ ընկերները, ծանոթ էին, նույնպես շփվել էին Այրվող Սարդի Միգամածությունից եկած տաղածարավների հետ: Սակայն… բառերը խունանում էին, իրար գիրք կարդալ չէին կարողանում, կամ՝ չէին ցանկանում, կամ՝ նախանձը, կամ էլ նույնիսկ բարությունը թույլ չէին տալիս՝ իրար գործ քննարկել…. Էլի եկավ ուտվելու սովը, երբ քո ներսից ծորում է՝ իսկ սպառողն անհայտ է, չկա, և այնքա՜ն շատ բան ունի սպառելու՝ ճոխ ու լի – իսկ իրեն այդքանը պետք չէ… Ժամանեցին նույնիսկ գրքերը, հոյակապ հրատարակություն, իր սիրած խմբագրմամբ, մաքուր սրբագրած, իր սիրելի տառատեսակով և տաղանդավորագույն նկարազարդմամբ, և՝ շա՜տ էժան: Բոլորը գնում էին, զարմացած, որ այդ խրախճանքն արժի ընդամենը հազար դրամ, այն էլ՝ հաստ կազմով: Եվ սակայն, ինչպես և գուշակում էր Գուրգենը, կրկին երջանկությունը նորմալ, առօրեական բան էր, կրկին՝ չէր բավարարում, հաջորդ փու՛լն էր պետք երջանկության՝ իր հաջո՛րդ գործերի քննարկումը, վերլուծությունը:

Եվ մի օր «սուրհանդակում» հանկարծ նորից բոցավառվեց Սիրարփիի կարմիր 1-ը:

– Սիրարփի, դու՞ ես: Վերադարձե՞լ եք:

– Ե՛ս եմ եկել, – ասաց գծոնը փոքր-ինչ դողդոջուն ձայնով:

– Ի՞նչ է պատահել:  Ամեն ինչ նորմա՞լ է:

– Սոված եմ, – ասաց Սիրարփին: – Կներեք: Ճամփի վրա էի, չհասցրեցի բան ուտել:

– Բայց ես քեզ ինչո՞վ կարող եմ կերակրել:

– Իսկ դուք նոր բան գրե՞լ եք:

– Մի քիչ…

– Կուղարկե՞ք:

Գուրգենն իսկույն, առանց վայրկյան կորցնելու, ուղարկեց:

– Շնորհակալություն: Էլ չկա՞:

– Վիգեն Սեպուհյանի նոր վեպը կուզե՞ս:

– Փորձեմ…

Վիգենը վերջերս էր իր վեպն ուղարկել Գուրգենին, Գուրգենը, ինչպես սովորաբար, հաճույքով սկսել էր, կամաց-կամաց ավելի ու ավելի դժվարությամբ կարդացել մեկ քառորդի չափ՝ և լռվել: Ուղարկեց:

– Ինչպե՞ս է:

– Ոչինչ: Մի քիչ պրիմիտիվ է, բայց կուլտուրական է գրում և՝ հետաքրքիր բաների մասին: Որպես վկայություն՝ լավ է: Որպես արձակ՝ ես ավելին եմ ուզում:

– Բա ի՞նչ անենք, որ սոված չմնաս: Ուրիշ բան չունեմ տվյալ պահին: Ինչ ունեի-չունեի՝ արդեն համտես ես արել: Գուցե գնաս ա՞յլ գրողի մոտ, կունենաս, չէ՞, էլի ծանոթ:

– Ես ձե՛զ եմ սիրում, – ասաց Սիրարփին կամացուկ, և Գուրգենը թևաթափ եղավ:

Ի՞նչ ասել այդպիսի դեպքերում:

– Դուք գլու՛խ ունեք, է՛:

– Գլու՞խս քեզ տամ:

– Գուցե այն մոտեցնե՞ք էկրանին:

Վամպիրները ծծում են մարդու արյունը: Կան հոգեբանական վամպիրներ, սակայն տաղածարավները դրանցից չէին: Գուրգենն արդեն տրվել էր նրանց, որպես սնունդ, և չէր պակասել: Նույնիսկ գիտեր, թե ինչու. որովհետև ինֆորմացիան, երբ դրանով կիսվում էիր, հասցեատիրոջդ մոտ ավելանում էր, իսկ քեզ մոտ՝ չէր պակասում: Այնպես որ ինֆորմացիայով սնվողները եռանդդ չեն քամում, կամ՝ քիչ են քամում, վերականգնելի:

Գուրգենը ճաղատ գլուխը կռացրեց և մոտեցրեց համակարգչի տեսախցիկին: Հետո վերնաշապկի կոճակներն արձակեց և մազոտ կուրծքը մոտեցրեց նույնպես:

– Առանց սրտի՝ ուղեղն ու ողնուղեղը քիչ է, – ասաց: – Ահա՛ քեզ ես: Խնձորս անպակաս է: Կե՛ր:

Եվ տրվեց երանության:

Գևորգ ՏԵՐ-ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Վանաձոր ԻնֆոՏուն / Vanadzor InfoTun ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930