Լրահոս
Օրվա լրահոսը

Հավերժական «Մեյմանդար»

Հունիս 06,2020 14:00

Իհարկե, հիմա ամենից անշնորհակալ գործն է համավարակից, իշխանություններին կամ ընդդիմությանը հայհոյելուց զատ այլ բանի մասին մտածելը, բայց կան բաներ, որոնք հիմնային են ու պարտավոր են ոչ մի վայրկյան տեղը չզիջել գուցեեւ չափազանց հրատապ, սակայն անցողիկ երեւույթներին: Հիմքում դրված անկյունաքարի ամենաչնչին շեղումն անգամ ամբողջ շինությանը դատապարտում է լինել ծուռ եւ երբեւէ տապալվել. այս մասին կասի ցանկացած ճարտարապետ:

Երբ մեր քարավաններն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մարում էին Դեր-Զորի անապատում, իսկ մարդասիրական օգնություն փութացնող բարեգութ հատուկենտ այլազգի մարդիկ հանդգնում էին մեռնողների գարշահոտությունից միայն դեմքերը ծածկած եւ բավականին հեռվից նայել սեփական աղտեղության, քաղցի ու հիվանդությունների մեջ հանգչող մեր նախնիներին, նրանցից վերապրողները հետագայում հիշեցին, որ սեփական վիճակն իրենց պատկերանում էր որպես աշխարհի վերջ: Աշխարհի վերջի մասին ասվել է մարդկության առաջին կրոնական գրքերից մինչեւ Նիցշե ու մերօրյա քարոզիչներ: Բայց, ինչպես տեսնում ենք, աշխարհը չվերջացավ ո՛չ Դեր-Զորում, ո՛չ էլ մեկ այլ տեղում, թեեւ զոհերը եղան անհամար ու ողբերգական: Ուրեմն մի բան կա «Կյանքից ու մահից էլ անդին», ինչպես Մուշեղ Իշխանը կասեր:

Հիմա հաճախ են մեջբերում Մեծ Բրիտանիայի վարչապետ Չերչիլի՝ արդեն Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ասած միտքը, թե՝ եթե մշակույթը անտեսում են, ապա ինչի՞ համար են պայքարում, ի՞նչն են պաշտպանում: Այդպիսի գիտակցում ունեցող երկիրն էր միայն ունակ դառնալ Ծովերի թագուհի, իր տարածքից տասնապատիկ ընդարձակ գաղութներ ունենալ աշխարհի բոլոր ծայրերում, ստեղծել այնպիսի երկրներ, ինչպիսք են, ասենք, ԱՄՆ-ն, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրալիան…, իսկ այսօր էլ Եվրամիությանը խոսել տալ հիմնականում ի՛ր լեզվով՝ նույնիսկ այնտեղից իր դուրս գալուց հետո:

Իսկ մենք իմպուլսիվ ենք բավականին: Հիշո՞ւմ եք, ժամանակին Մաշտոցի պողոտայի Կոլխոզ-շուկայի համար երկարատեւ ցույցեր ու կռիվներ էին, քաղաքական օրակարգ էր դարձել: Հիմա որեւէ մեկը պե՞տք է ներողություն խնդրի ավելորդ բորբոքվելու եւ բորբոքելու համար, երբ վերակառուցվածն ավելի լավն է ու հարիր: Կամ՝ նմանատիպ վեճեր ու ցույցեր էին Աբովյան փողոցում ԳԱԱ Լեզվի ինստիտուտի շենքի ետեւում բանտված Կաթողիկեն լույս աշխարհ բերել-չբերելու հարցում: Միակ ողջամիտ խոսքն այդ օրերին խորհրդահայ ականավոր քաղկալանավոր Ազատ Արշակյանի միտքն էր, թե պետք է քանդել ինստիտուտի շենքն ու ազատել եկեղեցին՝ հավելելով մայրաքաղաքային նստավայրով, որպեսզի Երեւան այցելած ցանկացած զբոսաշրջիկ առավոտյան արթնանա քրիստոնեական քաղաքակրթության ամենարեւելյան սահմանապահ երկրի եկեղեցիների զանգերի ձայնից: Մենք մի տեսակ ամաչում ենք ինքներս մեզանից, մեր ստորագրություններն անգամ հայատառ չենք անում, հիմա արդեն պապուա-գվինեական դաջվածքներն են մեր մարմինն օտար տառերով «զարդարում»: Ծայրահեղությունների մեջ ենք – կա՛մ խորը նիհիլիզմ է, կա՛մ առաջին նախամարդու նախնին էլ մենք ենք եղել: Այդ արանքում կորսվում են թե՛ բանականը, թե՛ գիտականը, միով բանիվ՝ առողջը:

Նմանատիպ «փոթորիկ» բարձրացվեց Երեւանը պարսիկներից գրաված գեներալ Պասկեւիչի հուշարձանի առիթով, թե քաղաքակիրթ աշխարհն ի՞նչ կասի լեհերի այդ դահճի հուշարձանը մեր մայրաքաղաքում ունենալու մասին: Իսկ մի՞թե այդ նույն քաղաքակիրթ աշխարհի լիդերներն ամեն այցի ժամանակ ծաղկեպսակ չեն դնում հայերիս դահիճ Մուսթաֆա Քեմալի դամբարանին, իրենց մայրաքաղաքներում չեն կանգնեցնում Հեյդար Ալիեւի արձանները: Լա՛վ են անում, քանի որ առաջնորդվում են իրե՛նց ազգային շահով, որը ոչ մի դեպքում չեն ստորադասի մեր հանդեպ ունեցած իրենց մարդասիրական զգացումներին: Մինչդեռ մենք, չունենալով այնքան անհրաժեշտ չափորոշիչներ ու ազգային ելակետ, հայ ժողովրդի ցեղասպանության մեջ մեծ դերակատարում ունեցած ու Ռուս եկեղեցու կողմից սրբադասված Նիկոլայ Բ-ի կիսանդրին ենք սարքում, քծնում ու շողոքորթում: Եթե քծնանքի փոխարեն արժանապատվության գոնե հեռավոր դրսեւորումներ լինեին, ապա Ռուսաստանը ոչ թե «թշնամական» Վրաստանի համար գազի գինը կիջեցներ, այլ «դաշնակից» Հայաստանի, որի ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների մասին վայնասուն չէր հանդգնի բարձրացնել, ու այսօր մենք կունենայինք պաշտպանական հուսալի վահան COVID-19-ի դեմ, հերթական անգամ մեզ չէր զինաթափի մարտից առաջ:

Լուսահոգի պրոֆեսոր Իշխանյանը ժամանակին ԶԱԳՍ-երից դուրս էր գրել Հայաստանում ապրող հայերի՝ իրենց զավակների վրա դրած անունները: Սահմռկեցուցիչ էր. Վլադիմիր, Վալոդ, Սերգեյ, Սերյոժա, Ժոռա ու նմանատիպ անուններն այնքան մեծ թիվ էին կազմում, որի համար իրո՛ք արժեր կարմրել: Ռուսական տիրույթում էինք, ուստի քծնելու համար զավակներին ռուսական անուններով էին կնքում, իսկ քանի որ ազգանուններ ունենալու ժամանակ թուրքական տիրույթում էինք, մեր ազգանունները հիմնականում թուրքարմատ են: Քանի՞ հարյուր հազար հայ ավելին պիտի ցեղասպաներ Ջեմալ փաշան, որ այսօր Հայաստանում հրաժարվեինք Ջամալյան ազգանունից, քանի հարյուր հազար հայ ավելին պիտի ցեղասպաներ Քեմալ փաշան, որ այսօր Հայաստանում հրաժարվեինք Քամալյան ազգանունից…

Կռիվ, ծեծկռտուք, ձերբակալություններ «Մեյմանդարի» շուկայում կլինեն այնքան, քանի դեռ կմնանք թուրքանուն այդ հոգեմտածական տարածքում: Միջադեպի կապակցությամբ «Մեյմանդար» ձեւը շրջանառողը մեր «ուսյալ» հատվածն էր՝ լրագրողները: Մի ակնթարթ է միայն սելջուկը հեռավոր միջնադարում ոտք դրել 6-հազարամյա Օձուն կամ նույնիսկ չի դրել, որի հնավայրերը, տաճարը, ծնած կաթողիկոսը մեր մշակույթի ամենահպարտանալի հատվածներն են, ու թուրքը կամ ռուսը մեղավոր չեն, որ միայն 1950-ականներին այն կրկին Ուզունլարից վերանվանվեց ընդամենը 1950-ականների վերջին, իսկ այսօր էլ խոսակցականում թուրքերեն ձեւն է հնչում:

Վերջին տասնամյակներում սկսվեց սերիալների դարաշրջանը. լույսի պես ուսանողների անուններն այսօր մատյաններում ասես դուրս պրծած լինեն հենց այդ սերիալներից: Կարեւոր երեւալու համար «խառաշո» ասող պաշտոնյաների զավակներն իրենց նույն կարեւորությունը շեշտելու համար այսօր «օքեյ» են ասում: Սա, իհարկե, փոքրիկ խնդիր կարող է թվալ ներկա համաշխարհային վարակային ճգնաժամի պահին, բայց ամեն բան հենց այստեղից՝ հոգեւոր մակարդակից է սկսվում: Հոգուց արված ամեն մի թիզ կորուստն արձագանքվելով՝ նյութականում հազարապատկվա՛ծ է կորուստ դառնում:

Ինքս ժամանակին մի քանի հրապարակում եմ արել, նույնիսկ հանրահավաքներում եմ ձաղկել Ռ. Քոչարյանի ժարգոնային արտահայտությունները: Լսելով մեր այսօրվա պաշտոնական լեզուն՝ ահով սպասում եմ, որ մոտենում է այն պահը, որ բարոյականությունը պահանջելու է ներողություն խնդրել:

Հիմա փոխադարձ մեղադրանքների տարափ է Հայաստանում: Ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, իշխանությունը՝ ժողովրդին, ժողովուրդը՝ դրանց բոլորին եւ գումարած համաշխարհային «դավադիրներին»: Ժողովուրդն ամեն տեղ է ժողովուրդ. եւ մանիպուլացնել պետք չէ, թե վրացիներն ավելի կարգապահ դուրս եկան համավարակի ժամանակ, քան մենք՝ հայերս: Չկա այդպիսի բան: Ժողովուրդները միշտ հետեւում են իրենց ընտրանուն՝ քաղաքական, մտավորական, մշակութային: Ժողովրդի առաքելությունն էլ հենց հետեւելն է իր միջից որպես սերուցք արտազատված ընտրանուն: Ու եթե ընտրանին անկարգապահ է, ապա անկարգապահ է եւ ժողովուրդը. եթե ընտրանին հայհոյում է ու ժարգոնաբանում, ապա այդպիսին է դառնում նաեւ ժողովուրդը: Ընտրանի՛ն է պատասխանատու ժողովրդի վարքի համար: Ընտրանին ազդելու երկու լծակ եւ պարտավորություն ունի: Առաջինը սեփական օրինակն է: Երկրորդը օրենքը հավասա՛ր կիրառելու կամքը:

Եթե առաջին իսկ օրերից Խորհրդարանի ու Կառավարության նիստերին հետեւող ժողովուրդը տեսներ, որ իր ընտրյալները դիմակներով են ու պատշաճ հեռավորությամբ, ինքը կկրկներ: Եթե առաջին իսկ օրերից հեռուստա«աստղերին» նմանակելու բնական հատկություն ունեցող ժողովուրդը տեսներ նրանց վարքը, կրկնօրինակելը պատվի պես բան կհամարեր իր համար: Վրաստանում ավելին չի արվել, քան այս պարզ բաները՝ սեփական օրինակ եւ օրենքի հավասա՛ր կիրառում:

Վրաստանում այդպես էր նաեւ խորհրդային տարիներին. վրացի մտավորականը, բժիշկը, ինժեները, պետական պաշտոնյան իրենց զավակներին տալիս էին բացառապես վրացական դպրոց, մինչդեռ Հայաստանում ոչ միայն պաշտոնյան, բժիշկն ու ինժեները, այլ նույնիսկ հայ գրողներից ու լեզվաբաններից  ոմանք էին իրենց զավակներին ռուսական դպրոց տալիս:

Եվ մանիպուլացնելը, թե համեմատվել պետք չէ որեւէ մեկի հետ, բարոյական չէ: Նույնիսկ Աստված Լույսը զատեց խավարից եւ միայն համեմատության մեջ տեսավ, որ Բարի է: Ո՛ւմ հետ, ի՛նչ մեթոդաբանությամբ համեմատվելը եւս այն չափորոշիչներից է, որ պարտավոր ենք օր առաջ սկսել կիրառելը, ինչպես մեր խայտառակ, այսինքն՝ թուրքահունչ կամ ռուսահունչ անուն-ազգանունները հայացնելը: Իսկ դա իր օրինակով եւս պարտավոր է առաջինն անել ընտրանին: Դա նրա՛ կոչումն է՝ որպես օրինակ ու առաջամարտիկ ծառայելը:

Միքայէլ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ

Պահպանողական կուսակցության նախագահ

«Առավոտ» օրաթերթ
05.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930