Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում եմ` «Ես բնիկ Երևանցի եմ» ֆլեշմոբի հեղինակների մոտ այդ հին Երևանի նկատմամբ կարոտն էր խոսում. Բագրատ Եսայան

Հուլիս 06,2020 12:03

Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արամոյի հարցազրույցից հետո նորից թեժացավ բնիկ-չբնիկի հարցի քննարկումը, նոր տարանջատման սահման կարծես գծվեց։ Արդեն իմ կարծիքն արտահայտել եմ, սակայն կուզեի անդրադառնալ հայտնի նամակը ստորագրած մարդկանց բնութագրումներին։

Նախ, չեմ կարծում նրանք այն մարդիկ են, որ կարիք ունեն «Ես բնիկ երևանցի եմ» ասելով ինքնահաստատվել կյանքում։ Սակայն, այնուամենայնիվ, նրանք ի՞նչ են հասկանում բնիկ ասելով։ Երևանն ու Գյումրին 20-րդ դարում աստիճանաբար դարձան հայ ժողովրդի քաղաքային ենթամշակույթի ստեղծման կենտրոնները։ Եվ այդ պրոցեսում միայն մինչև 1916-17-ը Երևանում բնակվողները չէին, որ որոշիչ դեր ունեցան։ Երևանը քաղաք դարձավ հիմնականում տարբեր տարիներին աշխարհի ու Հայաստանի տարբեր վայրերից եկած բոլոր հայերի կողմից ստեղծած միասնական կոլորիտի արդյունքում։ Ո՞վ կարող է որպես «եկվոր» բնութագրել 20-ականներին Երևան եկած Թամանյանին, 30-ականներին եկած Իսահակյանին, 40-ականներին եկած Գոհար Գասպարյանին, 50-ականներին եկած Վահրամ Փափազյանին ու նրանց հետ այլ հարյուր հազարավորներին, որ ստեղծեցին Երևանը։

Բարդ ճանապարհ անցած այս քաղաքում անցած մեկ դարում միախառնվել են ամեն ինչ՝ ամենաբարձր գիտությունն ու անկրթությունը, դասական դաստիարակությունն ու փողոցային «մշակույթը», ոսկեղենիկ հայերենն ու ժարգոնը, կոմկուսական նոմենկլատուրան ու քրեական հեղինակությունները։ Այս ամենի հետ միաժամանակ Երևանում կար մի յուրահատուկ մթնոլորտ, որը միավորում էր բոլորին, բոլորին դարձնում էր այս քաղաքի մի մասնիկը՝ առանց դասակարգային ու հասարակական շերտերի միջև հակադրությունների։ Իմ հարազատ՝ Ալավերդյանի վրա ապրում էին և Կարեն Դեմիրճյանը, և հեղինակություն Ապերը (հիմիկվանը չէ), ու մեր ծնողները ճանաչում էին ու հարգում էին երկուսին էլ, Բաբկեն Ներսիսյանը, Մինաս Ավետիսյանը, Ժենյա Ավետիսյանը , Գևորգ Չեփչյանը մեր համար մեր համադասարանցիների ծնողներն էին, ու մենք հարգում էինք նրանց առաջին հերթին հենց դրա համար, ու նույնչափ հարգում էինք մեր մյուս համադասարանցու ծնողին՝ Իրաքից 40-ականներին Հայաստան ներգաղթած էլեկտրիկ Հակոբին, որը մեր դասարանի հավաքույթների ժամանակ, շատ համոզելուց հետո պահարանի գլխից իջեցնում էր ջութակն ու մենք, շունչներս պահած, լսում էինք «Չարդաշի» նրա վիրտուոզ կատարումը։ Երևանը քաղաք էր դարձել մեծ դժվարությամբ, Ցեղասպանությունից հետո այստեղ հաստատված խայտաբղետ, տարբեր մտածողություն, սովորույթներ ունեցող շերտերի, Հայրենական պատերազմից հետո վերադարձած զինվորների ու հայրենադարձած սփյուռքահայերի միաձուլումից։

Այստեղ ապրում էին տարբեր մարդիկ, բայց կար նրանց միավորող Մթնոլորտը։ Այս բոլոր մարդիկ հարգում էին իրար, նրանք չէին փորձում կյանքում ուրիշի տեղ զբաղեցնել, իրենց բնույթին օտար դեր «խաղալ», ամեն մեկը գիտեր իր տեղը, ու հպարտորեն, արժանապատվորեն զբաղվում էր իր գործով։ Եվ թվում էր այդ Կոլորիտը չի խաթարվի, քանի որ կային երևանյան բակերը։ Երևանյան բակերում ապրող բոլոր երեխաները հավասար էին, ու նրանք այդ բակի բոլոր բնակիչների երեխաներն էին։

Նրանց մասին հոգ էին տանում բոլորը, դաստիարակում, դիտողություն էին անում բոլոր մեծերը, կանանց ու մեծերի նկատմամբ հարգանքը արյան մեջ մտնում էր ուրիշի օրինակը տեսնելով։ Թատրոն ու կինո էին գնում բոլորը, բանվոր, արհեստավոր կամ մտավորական, քանի որ դա կյանքի մի բաղկացուցիչ մասն էր, և ամոթ էր չգնալը, ոչ թե գնալը։

Եվ ամենակարևորը, Չնայած Երևանի աստիճանաբար աճող բնակչությանը, այս մթնոլորտը չէր վերանում, քաղաք տեղափոխված մարդիկ մերվում էին, վերցնում էին քաղաքի շունչը, ոչ թե փորձում էին քաղաքին պարտադրել այլ բարքեր, նրանք աստիճանաբար դառնում էին երևանցիներ։ Ու նրանք իրենցով էին նաև Երևանը դարձնում այնպիսին, ինչպիսին մենք սիրում էինք մեր քաղաքը։

Բայց հետո եղավ այն, ինչ եղավ։ Հայտնվեցին մարդիկ, որոնք ոչ թե Երևան գալով իրենք դարձան երևանցիներ, այլ իրենց նկարագիրը պարտադրեցին Երևանին, բայց սա արդեն այլ թեմա է։

Կարծում եմ` «Ես բնիկ Երևանցի եմ» ֆլեշմոբի հեղինակների մոտ այդ հին Երևանի նկատմամբ կարոտն էր խոսում։

Բայց սա էլ կանցնի, կզուլալվեն ջրերը, ու կլինի Երևանը, իհարկե, ոչ այնպիսին, ինչպես մենք ենք հիշում, բայց կլինի նույնքան լավը, մի քիչ տարբեր, բայց անսահման սիրելի»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031