Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մեր արդյունաբերության զարգացման համար կտրուկ քայլեր չանենք, 1,3 միլիարդ դոլար ՀՆԱ-ի կորուստ կունենանք». Վազգեն Սաֆարյան 

Օգոստոս 27,2020 16:05

«Եթե, ամսական մեր տնտեսության աճի մեջ 0,8 տոկոս կորուստ ունենանք, տարեվերջին մեր ՀՆԱ-ի կորուստը կլինի 8-10 տոկոս, որը դրամային արտահայտությամբ մոտավորապես կկազմի 1,3 միլիարդ դոլար»,-այսօր այսպիսի կանխատեսում արեց Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Պարոն Սաֆարյանը «Sputnik Արմենիա» մամուլի կենտրոնում ասաց, որ համավարակը աշխարհի երկրներին ստիպել է փոխել իրենց աշխատանքային ռազմավարությունը, եւ Հայաստանը նույնպես պետք է արդյունաբերության ոլորտում փոփոխություններ անի, որպեսզի կորոնավիրուսի  հասցրած տնտեսական վնասները մեղմի:
«Մինչ այժմ մեր ՀՆԱ-ն բացասական չի գնացել, բայց, եթե մեր արդյունաբերության զարգացման համար կտրուկ քայլեր չանենք, պետության կողմից խթանիչ գործառույթներ չիրականացնենք,  արդյունաբերության մեջ կունենաք մինուս»,-նշեց Վազգեն Սաֆարյանը՝ համոզված լինելով, որ մեր արդյունաբերությունը պետք է տեղական հումքի վրա կազմակերպվի եւ կարողանանք այդ ապրանքներն արտահանել: Ըստ նրա, պետք է զարգացնենք սեւ եւ գունավոր մետալուրգիան, կառուցենք պղնձաձուլարան, որ ոչ թե պղնձի խտանյութն արտահանենք, այլ՝ մաքուր պղինձ ստանանք, որի մի մասն օգտագործենք կաբելաշինության ու մեքենաշինության մեջ:

Գյուղատնտեսության մեջ էլ, ըստ տնտեսագետի, կարող ենք գարու ու ցորենի արտադրությունը զարգացնել: Պարոն Սաֆարյանը գտնում է, որ գարեջրի հումքը ներկրելու փոխարեն պետությունը մասնավորի հետ համագործակցությամբ, կարող են հացահատիկային այդ կուլտուրաների արտադրությունը Հայաստանում կազմակերպել:

Անդրադառնալով մեր երկրից արտահանվող ոսկու ծավալներին՝ Վազգեն Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ այն պետք է թողնել Հայաստանում, որի մի մասը կարող է ձեռք բերել Կենտրոնական բանկը եւ պահեստավորել, քանի որ ոսկին ռազմավարական նշանակություն ունեցող ապրանք է, մյուս մասն էլ օգտագործել ոսկերչական արտադրության համար. «Ոսկու արտահանումը տարեկան կազմում է 5-6 տոննա, բայց այն, ցավոք սրտի, ռաֆինացվում է դրսում: Կառավարությունն ուներ 1,4 տոննա ոսկի եւ այն վաճառեց ֆունտ ստեռլինգով: Այսօր մենք ոսկի չունենք: Աշխարհի առաջատար երկրները ոսկի ունեն, մենք  չունենք: Բայց տարեկան երեք տոննա ոսկի ենք ներկրում մեր ոսկերչական արտադրության համար, մինչդեռ մեր ոսկին կարող էր տեղում աֆինաժ արվեր եւ մեր կարիքների համար օգտագործվեր»:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ կարծիք ունի Ամուլսարի շուրջ ստեղծված խնդրի վերաբերյալ, պարոն Սաֆարյանն ասաց, որ Ամուլսարում կա 75 տոննա ոսկի, 100 տոննա արծաթ եւ թորիումի ու ուրանի երեւակումներ, որոնք նույնպես որոշակի քանակությամբ են. «Շրջակա միջավայրի նախարարությունն ասում է, որ պետք է նոր  ՇՄԱԳ արվի, քանի որ շատ հարցերին ուշադրություն չեն դարձվել: Շրջակա միջավայրի նախարարությունը «Լիդիան Արմենիա» ընկերությանը պետք է այդ նյութերի հետ ծանոթացնի, մենք էլ պատրաստ ենք նյութեր տրամադրել, եւ պիտի գտնեն կոնսենսուսը: Պետք է այնպես լինի, որ հանքավայրի օգտագործումը մեր ժողովրդին աղետի չենթարկի, որովհետեւ մի կողմից հոսում է Որոտան գետը եւ, եթե այդ ռադիոակտիվ էլեմենտները թափանցեն գետ, հետո դրանք կարող են ամբողջ  Զանգեզուրը վարակել: Բացի այդ, Որոտանի ջրերը 22 կիլոմետրանոց թունելով հասնում են Կեչուտի ջրամբար, հետո գալու են Սեւան, այնպես որ դրանք խնդիրներ են, որոնք մեր ժողովրդի  համար շատ կարեւոր են: Պետք է այստեղ գտնել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բացառեն ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31