Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք համաձա՞յն ենք ուսուցչին քիչ փող տանք, որպեսզի այդ սուբսիդիան գնա գյուղացու որդու հարսանիքին»․ տնտեսագետը գտնում է, որ գյուղատնտեսական աջակցող ծրագրերի սուբսիդավորումը պետք է վերանայվի

Փետրվար 21,2024 17:34

2023 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 8.7% (մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 2023-ին կազմել է 8,168 դոլար), սա գերազանցել է միջազգային կազմակերպությունների, ՀՀ ԿԲ-ի եւ ֆինանսների նախարարությանը կանխատեսումները, սակայն այն մոտ է կառավարության 2021-2026 թվականների ծրագրով նախանշված վերին շեմին՝ տարեկան միջին աճի տեմպին՝ 7%, բարենպաստ պայմաններում՝ 9%: Այս մասին այսօր «Տնտեսական լրագրողների ակումբ»-ի հրավիրած ասուլիսում ասաց ACSES վերլուծական կենտրոնի տնօրեն, տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։

Ֆանյանի կարծիքով՝ հաշվի առնելով, որ նախատեսում են մի քանի խոշոր ներդրումային ծրագրեր իրականացնել, այդ թվում՝ Ամուլսարի հանքի շահագործումը, ենթադրվում է, որ մեր երկրում տնտեսական իրավիճակը բարվոք կլինի։

«Մեր տնտեսությունում ամենամեծ խնդիրներից մեկն այն է, որ գործազրկությունը կառուցվածքային բնույթ ունի։ Այսինքն, ունենք ոլորտներ, որտեղ իրական մասնագետների մեծ պահանջարկ կա, ասենք շինարարներ, արհեստագործության ոլորտի մասնագետներ, բայց միեւնույն ժամանակ՝ աշխատուժի առաջարկ կա, որը չի համապատասխանում որակական կողմերին։ Օրինակ՝ տասը տարվա փորձ ունեցող ծրագրավորողի պահանջարկ կա, այդ մարդկանց առաջարկը չի համապատասխանում պահանջված կադրերի որակին»,-ասաց Ֆանյանը, նշելով՝ զբաղվածության ռազմավարությունը մշակելիս՝ այսպիսի խնդիրներին կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի։

Շինարարության ոլորտը, որը տնտեսական աճին նպաստող հիմնական ոլորտներից է, ըստ Ֆանյանի, կարող է խնդիրներ ունենալ։

Տնտեսագետի կարծիքով՝ կառուցվող բնակարանները մարդիկ չեն կարողանալու գնել․ «Խոշոր շինարարությունը որոշակի իներցիոն բնույթ ունի։ Օրինակ՝ այն գումարները, որոնք վճարվել են 2020, 2021, 2022, 2023 թվականներին ու դեռ տալիս են շենք կառուցելու համար, այդ շենքերը կհանձնվեն շահագործման, հնարավոր է բնակարանների մի մասը չվաճառվի, գները կնվազեն, բայց քանի որ շենքը կառուցված է, պատրաստի արտադրանք է, իսկ շինարարության դեպքում կառուցապատողները ԱԱՀ-ն վճարում են շենքը հանձնելուց հետո, ուստի դա ՀՆԱ-ի մեջ հաշվարկվելու է։ Հնարավոր է մի իրավիճակ լինի, որ շինարարության ոլորտում անկում լինի, կրկին, քանի որ շենքը կառուցելուց հետո են ԱԱՀ վճարում, մեծ քանակության շենքեր են հանձնվելու, իրավիճակ կլինի, որ կառուցապատողները մեծ հարկեր են վճարում, բայց իրենք իրականում այլ խնդիրներ ունեն»։

Անդրադառնալով կառավարության՝ գյուղատնտեսությանը աջակցող ծրագրերին, Ֆանյանն այն բացասական գնահատեց, եւ նշեց, որ կառավարությունը լավ կանի՝ վերանայի սուբսիդավորման այդ ծրագրերը։

Կառավարությունը սուբսիդավորում է գյուղատնտեսական ծրագրերի վարկերը, ասենք՝ ինտենսիվ այգիներ, ջերմոցներ եւ այլն։

«Մենք ունենք ինքնաբավության խնդիր, այդ առումով պետք է տարբեր համակցված ծրագրեր իրականացնել։ Եթե մենք ուզում ենք մրցունակ գյուղատնտեսություն ունենալ, ապա հարկավոր է ցորենի արտադրությունը մեկ հեկտար տարածքում մեծացնել։ Մեզ մոտ հնարավոր չէ այնպես անել, որպեսզի ցորենի արտադրությունը հեկտարից վեց տոննա լինի, քանի որ հողահանդակները փոքր են։ Հիմա մարդուն ո՞նց պետք է մոտիվացնել, որ արտադրի, եթե այդ մարդը տեսնում է, որ տաքսի կարող է քշել ու 600 հազար դրամ եկամուտ ունենալ, ու դա գերադասի հող մշակելուց։ Ուստի հողատարածքները պետք է խոշորացվեն, դրա համար ժամանակ է պետք։ Նման դեպքում, մարդուն ինչքան էլ փող տան, չի մշակելու։ Այսինքն, պետք է հասկանանք՝ մենք ինչքան ենք վճարում ինչ արդյունքի դիմաց։ Ով չգիտի, որ էկոնոմիկայի նախարարության աջակցող ծրագրերով, երբ վարկերը սուբսիդավորում են, այդ մարդիկ գումարը վերցնում են ու դրա մի մասով համակարգիչ են գնում, երեխայի կրթության համար են վճարում։ Մենք համաձա՞յն ենք, որ ուսուցչին քիչ փող տանք, որպեսզի այդ սուբսիդիան գնա գյուղացու որդու հարսանիքին»,-ասաց Ֆանյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829