Լրահոս
Օրվա լրահոսը

Պարանայգի՝ Դիլիջանի նոր այցեքարտը. Դիլիջանը քայլ առ քայլ դառնում է երազանքների քաղաք. (Ֆոտոշարք)

Օգոստոս 28,2020 23:03

8-ամյա Էդմոն Խաչատրյանն այսօր գնացել էր Դիլիջանի Պարանայգի՝ փորձելու իր ուժերը: Նա բակի իր ընկերներին հրավիրում է Դիլիջան, բայց զգուշացնում է՝ ճոճախաղի երկրորդ ու երրորդ հատվածները դժվար է հաղթահարել, ամեն մարդու բան չէ:

Պարանայգին կարող է դառնալ Դիլիջանի այցեքարտը: Այն գտնվում է Դիլիջանի քաղաքային կենտրոնական այգում, որն արդեն բարեկարգվել է ու դարձել Տավուշ այցելող զբոսաշրջիկների ու բնակիչների սիրելի վայրերից մեկը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն այսօր այցելել էր այգի: Նա մեզ հետ զրույցում ասաց. «Մենք գործ ունենք գերազանց իրականացված նախագծի հետ: Իմ կարծիքով, նմանատիպ ծրագրերը ամենաշատն են պակասում մեր միջավայրում: Հատկապես քաղաքաբնակ մեր երեխաները կարիք ունեն բնական միջավայրի, կարիք ունեն ֆիզիկական ծանրաբեռնվածության, որը իրենք չեն անի, եթե  դրա մեջ խայծ եւ մոտիվացիա չլինի: Մենք մեր գործընկերների հետ ստեղծել ենք մի միջավայր, որով ստիպում ենք երեխաներին զարգանալ, ֆիզիկական ծանրաբեռնվածության ենթարկվել, խաղալու նաեւ  մեծացնել իրենց համարձակությունը՝ ծառ մագլցելու եւ այլն, որը բոլոր ժամանակներում, անգամ 21-րդ դարի կարողությունների ու հմտությունների մեջ չափազանց կարեւոր է»:

Դիլիջանի զարգացման ծրագիրն իրականացվում է «Զբոսաշրջության և քաղաքաշինության» բարեգործական հիմնադրամի (TUF) կողմից, որը 2020 թվականի հուլիսից ստանձնել եւ իրականացնում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի զբոսաշրջության եւ քաղաքաշինության զարգացմանը միտված բոլոր ծրագրերը: Այս ծրագրերի փաթեթը ներառում է նաեւ Դիլիջանի, Գյումրիի, Արցախի եւ Երեւանի զարգացման նախաձեռնությունները։

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամը, մարզպետի խոսքով, արդեն լուրջ ներդրումներ է արել մարզում, Դիլիջանը որպես կրթական կենտրոն ծրագրի շնորհիվ Դիլիջանը դարձել է կրթամշակութային զբոսաշրջության կենտրոն:

Դիլիջանի զարգացման ծրագրի ղեկավար Նունե Հարոյանն ասաց. «Մինչեւ 2018-ը այգին գտնվում էր շատ վատ վիճակում, անկախացումից ի վեր այստեղ աշխատանքներ չէին կատարվել, ծառերը, բույսերը ամբողջությամբ լքված վիճակում էին, նույնիսկ քաղաքացիները, որոնք այստեղ էին բնակվում, չէին կարողանում վայելել այգին ամբողջությամբ: 2018-ին IDeA հիմնադրամն առաջին փուլով սկսեց այգու բարեկարգման աշխատանքները, նստարաններ տեղադրեցինք, կարմիր ավազը, մեծ ծավալի աշխատանք տարվեց: Իսկ 2020-ի մարտից սկսվեց բարեկարգման երկրորդ փուլը: Նպատակն այդ փուլի ոչ միայն այգին բարեկարգելն էր, այլ նաեւ համայնքի ներուժն առավելագույնս օգտագործելը»:

Այգու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են համայնքի կամավորները, նաեւ եղել են տեղի հովանավորներ: Պարանայգին սոցիալական ձեռներեցության նոր մոդել է, որի նպատակն է պահպանել կանաչ տարածքները: Այգուց ստացած շահույթի մի մասը ներդրվելու է այգու հետագա զարգացմանը, իսկ մի մասը աշխատավարձերն ու այլ ծախսերն է ծածկում:

Դիլիջանի համայնքային կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանի խոսքով՝ «Մենք հարցում ենք արել բնակիչների շրջանում, թե ի՞նչ կուզեք լինի այգում ու ինչո՞վ եք պատրաստ օգնել դուք՝ որպես բնակիչներ, շատերը պատրաստակամություն հայտնեցին: Ով ամրանագործ էր, ամրանների աշխատանքները կատարեց, ով ատաղձագործ էր՝ ատաղձագործի իր ծառայություններն առաջարկեց: Այգին զարդարող հայկական ու ռուսական հեքիաթների հերոսների դեկորատիվ նկարները վերականգնվել են Դիլիջան համայնքի գեղանկարիչների, Հովհաննես Շարամբեյանի անվան մանկական գեղարվեստական դպրոցի ուսուցիչների, Գեղարվեստի ակադեմիայի ուսանողների, կողմից: Ու այդ ամենը՝ համաճարակի ժամանակ: Այնքան հետաքրքիր էր, երբ փորձում էինք փոքր խմբերով անել ու կանոնները պահելով, բնակիչները համայնքային կենտրոն էին անընդհատ զանգում ու ասում՝ ի՞նչ կարող ենք անել, մենք էլ ենք ուզում գալ, օգնել: Համայնքի ուժերով առաջիկայում նախատեսում ենք նստարաններ կառուցել: Այս այգին Դիլիջանի բնակիչների, մեր երեխաների երազանքն էր, արդեն ունենք բատուտ՝ մանկահասակների համար, ունենք Պարանայգի, որը մոտ ապագայում Դիլիջանի այցեքարտերից է դառնալու, ունենք սրճարան: Մի խոսքով, քայլ առ քայլ մենք կունենանք մեր երազած քաղաքը՝ համայնքի ուժերով ու համայնքի ներգրավվածությամբ»:

Եթե չլիներ համավարակը, Պարանայգին շահագործման կհանձնվեր հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության օրը, բայց աշխատանքներն ավարտվել են մայիսին ու այս մի քանի ամսվա ընթացքում արդեն 4000 այցելու է եկել: Այգու տարածքում կան ատրակցիոններ, խաղահրապարակ, ամֆիթատրոն, որտեղ միջոցառումներ են անցկացվում: Այգու բարեկարգման ֆինանսավորումն արժեցել է 350 հազար դոլար, կարուսելները տեղադրվել են դոնորների նվիրատվություններով:

Այգին ստեղծել է նոր աշխատատեղեր, խթանել զբոսաշրջությունը:

Մարզպետը ծրագրի պատասխանատուների հետ շրջեց այգում, ասաց, որ շատ գոհ է թե՛ ճաշակի, թե՛ բնապահպանական առումով, ոչ մի ծառ այստեղ չի հատվել:

Ի դեպ, Պարանայգուց կարող են օգտվել՝ առանց տարիքային սահմանափակման, եթե, ասենք, 90-ամյա պապիկն ուզենա բարդություններ հաղթահարել ու ադրենալին ստանալ, ճոպաններով բարձրանալ, նրան չեն մերժի, ինչպես ասում են՝ դուխը պապիկից, անվտանգությունն իրենցից:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31