Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՍԴ ճգնաժամը լուծված չէ, և չգիտեմ՝ որտեղից այդքան վստահություն վարչապետին ու իրեն սատարող խմբին». Նինա Կարապետյանց

Սեպտեմբեր 26,2020 10:30

«Սահմանադրական դատարանի վերջին երեք դատավորների ընտրությունից ու վարչապետի հայտարարությունից հետո, թե ճգնաժամն այլևս լուծված ենք համարում, ես դադարել եմ ավելի լուրջ հետևել ՍԴ-ում տեղի ունեցող իրադարձություններին»,- «Առավոտի» հետ զրույցում ՍԴ-ի շուրջ կատարվող իրադարձությունների մասին հայտարարեց «Հելսինկյան ասոցիացիա» հ/կ նախագահ Նինա Կարապետյանցը:

Նրա համոզմամբ՝ ՍԴ-ն՝ իր ներկայիս կազմով, այն կազմով դատարանը չէր, որին մենք արժանի էինք և որը մեզ խոստացվել էր հեղափոխությունից հետո. «Հետևաբար ինձ համար կարևոր էլ չէ, թե ով կլինի Սահմանադրական դատարանի նախագահ այն դեպքում, երբ մենք բովանդակային փոփոխություն այդպես էլ չարեցինք: Ավելին, մեր ձայների շնորհիվ իմքայլականները ՍԴ-ն համալրեցին մարդկանցով, որոնք աղերս չունեին հեղափոխության, հեղափոխական գաղափարների, առհասարակ Հայաստանի զարգացման, ապագայի հետ:

Նա ասաց, որ սպասում է հաջորդ հնարավոր զարգացմանը, երբ մենք հնարավորություն կունենանք ստեղծել իրապես անկախ ՍԴ և համալրել այն արժանի մարդկանցով և ոչ թե իրավիճակից ելնելով՝ ինչ-որ առաջադրված անձանցով: Նինա Կարապետյանցին իրավիճակային լուծումները չեն գոհացնում. նա կսպասի այնքան ժամանակ, մինչև մենք հնարավորություն կունենանք այս խնդիրը խորը բովանդակային հարթության մեջ լուծել:

Մեր հիշեցմանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ ինչ էլ լիներ, միևնույն է՝ նման խոսակցություններ լինելու էին, քանի որ հնարավոր չէ, որ մի մարդու բոլորը կողմ լինեն և մեր հարցին՝ արդյոք այս իրավիճակի պատճառներից չէ՞ նաև, որ քաղհասարակությունը բավարար չափով համախմբված չէր, Նինա Կարապետյանցն արձագանքեց. «Իրականում, եթե լիներ ավելի համախմբված քաղհասարակություն, կարծում եմ՝ հնարավոր կլիներ բավարար ճնշում գործադրել և ոչ թե ինչ-որ մեկի սրտով կամ ինչ-որ մեկի սրտի դատավորին բերել դատարան, այլ բերել մարդկանց, որոնք իրենց անցյալում արատավորված չեն եղել: Ինձ համար ապտակի նման մի բան էր Խունդկարյանի հայտնվելը և Խունդկարյանի համար իմքայլականների՝ 80-ից ավելի ձայներով կողմ քվեարկելը: Սա վիրավորանք էր հանրությանը, մարդկանց, որոնք անցել են այդ դատական համակարգերով, որոնք հետապնդվել են, խոշտանգվել, ունեզրկվել:

Ես համաձայն եմ, որ չեն լինում իդեալական մարդիկ, որոնք բոլորի սրտով կլինեն, բայց հաստատ Խունդկարյանը լավագույն տարբերակը չէր: Այդ դատավորներին ԱԺ ամբիոնից լսելով՝ հասկացա, որ վերջնականապես ՍԴ-ի հարցը լուծվեց, բայց ամենավատ իմաստով»:

Նինա Կարապետյանցի հետ զրույցում փաստեցինք՝ երեկ ՍԴ աշխատակարգային նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հայտարարեց, որ իր կարծիքով՝ ՍԴ նախագահի նոր թեկնածուի կարիք ունենք, մյուս կողմից էլ Հրայր Թովմասյանը հայտնեց, որ իր տեղեկություններով՝ նոր սցենար է մշակվում ու հնարավոր է՝ առաջադրվի նոր թեկնածու: Նինա Կարապետյանցն այս առիթով ասաց. «Դժվարանում եմ ասել, քանի որ այնտեղ հավաքված անձինք՝ բացառությամբ մեկ-երկուսի, հստակ պատկերացումներ, անցած ճանապարհ ունեն, և պարզ չէ, թե ով ում ճնշման ներքո է գործում: Համենայնդեպս, ներկա իշխանությունը չեմ կարծում, որ յուրայիններ ունի ՍԴ-ում: Եթե ենթադրում են, որ Վահե Գրիգորյանին իրենք են ընտրել և նա իրենց է ենթարկվելու, ուղղակի լավ չեն ճանաչում նրան, կամ եթե կարծում են՝ Խունդկարյանին իրենք են ընտրել և նա իրենց է ենթարկվելու, ուրեմն իրենք հազարապատիկ լավ չեն պատկերացնում և լավ չեն ճանաչում Խունդկարյանին և մնացած բոլորին: Այնտեղ կարող է լինել շահերի, հետաքրքրությունների բախում, բայց այս իշխանությունը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ ինքը ՍԴ-ում յուրայիններ ունի»:

Մեր հարցին՝ ի՞նչ ժամանակի մասին է խոսքը փոփոխությունների համար, ամենահարմար պահը մի՞թե հիմա չէր, Նինա Կարապետյանցը պատասխանեց. «Հիմա էր հանուն ժողովրդավարության որոշումներ կայացնելու լավագույն ժամանակը, բայց այս իշխանությունները գնացին այլ ճանապարհով: Հուսամ՝ մենք կունենանք այդպիսի իշխանություն, որի խիզախությունը, գիտելիքները շատ ավելի բարձր կլինեն»:

Ըստ Նինա Կարապետյանցի՝ հարցը Խունդկարյանի ընտրությունը չէ, քանի որ ՍԴ նախագահի պաշտոնը ֆորմալ պաշտոն է: Նա մանրամասնեց. «ՍԴ նախագահն առանձնապես մեծ առավելություններ չունի մնացածի նկատմամբ, քանի որ ավելի բարձր պաշտոն, քան Սահմանադրական դատարանի դատավորը, դժվար է պատկերացնել: Սա ֆորմալ առումով պաշտոն է լինելու և ըստ էության էական էլ չէ: Խնդիրն այլ հարթության մեջ է, թե ում հրահանգն են կատարելու ՍԴ-ի տարբեր դատավորներ և ինչ դիրքորոշումներ են ունենալու և ինչ գործողություններ են ձեռնարկելու, ինչպես արել են տարիներ շարունակ, օրինակ, ընտրությունն այդ վստահելիության՝ խնդիրը մնաց բաց: ՍԴ ճգնաժամը միանշանակ լուծված չէ, և չգիտեմ՝ որտեղից այդքան վստահություն վարչապետին ու իրեն սատարող խմբին»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930