Լրահոս
Օրվա լրահոսը

Ռազմավարական դաշնակիցն՝ «ակտիվ չեզոք» ռեժիմում

Հոկտեմբեր 05,2020 18:30

Մոսկվան չի պատրաստվում օգնել կողմերից ոչ մեկին, սա է ՌԴ իշխանությունների պաշտոնական դիրքորոշումը

Թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմի 9-րդ օրն է: Միջազգային հանրությունն առայժմ սահմանափակվում է կոչերով՝ ուղղված պատերազմող կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները:

Մոսկվան շարունակում է շփումները Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: Հոկտեմբերի 4-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: «Նախարար Մնացականյանը ներկայացրեց Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունները, դրանց արդյունքում Արցախի խաղաղ բնակչության եւ ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը: Անդրադառնալով Թուրքիայի ապակայունացնող ներգրավվածությանը եւ վերջինիս աջակցությամբ օտարերկրյա զինյալ ահաբեկիչների՝ հակամարտության գոտում տեղակայմանը՝ ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց արտատարածաշրջանային ուժերի անհապաղ դուրսբերումը», ասվում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրությունում։

Ռուսաստանը աշխատանքային շփումների մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ԼՂ-ի հակամարտության կարգավորման հարցով, երկխոսությունը շարունակական եւ բարձր մակարդակի վրա է, իսկ հեռախոսային կապերը անմիջականորեն պետությունների ղեկավարների միջեւ կախված են նրանց աշխատանքային գրաֆիկից եւ նպատակահարմարությունից, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հոկտեմբերի 5-ին՝ հավելելով. «Դա կախված է նախագահների աշխատանքային գրաֆիկից եւ նպատակահարմարությունից: Դուք գիտեք, որ դա ամենեւին չի նշանակում, թե ռուսական կողմը աշխատանքային շփումների պակաս ունի»: Պեսկովը՝ պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչու ՌԴ նախագահը հակամարտության սրման հենց սկզբից երեք անգամ զրուցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, բայց Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Էրդողանի եւ Ալիեւի հետ՝ ոչ։

Մոսկվան, այսպիսով, առայժմ հանդես է գալիս բացառապես պատերազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին հայտարարություններով: Ավելին՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ում ավելի է անկեղծացել: Ահա ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ թեեւ Թուրքիան ամբողջովին աջակցում եւ օգնում է Ադրբեջանին, Ռուսաստանը չի պատրաստվում օգնել կողմերից եւ ոչ մեկին։

Փաստորեն, Ռուսաստանը, թեեւ արձանագրում է, որ Արցախում պատերազմական գործողություններին մասնակցում են վարձկաններ Սիրիայից եւ Լիբիայից, սակայն միաժամանակ ընդգծում է, որ չի պաշտպանում կողմերից եւ ոչ մեկին: «Ռուսաստանը, ի տարբերություն Թուրքիայի, Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտությունում կողմերին չի ընտրում, այլ աջակցում է միայն դիմակայության դադարեցմանն ու խաղաղության հաստատմանը», – ՄԱԿ-ում ասել է Նեբենզյան։

Իսկ սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ռուսաստանի նախագահը չի խոսել ոչ Ադրբեջանի, ոչ էլ Թուրքիայի նախագահների հետ։ Նա որեւէ հայտարարություն չի արել Արցախում բռնկված պատերազմի առիթով, այն դեպքում, որ ողջ միջազգային մամուլը, փորձագետները, քաղաքական գործիչներն արդեն խոսում են հակամարտության՝ տարածաշրջանային ընդլայնման անթույլատրելիության մասին:

Պուտինը նախընտրում է Արցախում պատերազմը քննարկել Բելառուսի նախագահի հետ։ Սեպտեմբերի 2-ին Վլադիմիր Պուտինը եւ Ալեքսանդր Լուկաշենկոն քննարկել են Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Պուտինը խոսել էր նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։

Իսկ ռուսական պետական քարոզչամեքենան շարունակում է ոչ թե հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններում Ռուսաստանի՝ «ակտիվ լոյալ» պահվածքին անդրադառնալ, այլ օրինակ՝ շոշափել Հայաստանում «ռուսական դպրոցների փակման» թեման, կամ՝ հարցը, թե ո՞ր առաջնորդն էր ավելի լավ պատրաստվել վերջին հարցազրույցներին՝ Փաշինյա՞նը, թե՞ Ալիեւը: Բնականաբար, ռուսաստանյան թոք-շոուների մշտական այցելուներն արձանագրում են «լավ նախապատրաստված դիվանագետ Ալիեւի» առավելությունը, թեեւ պատահում են նաեւ բանախոսներ, որոնք համարձակվում են արձանագրել, որ «լավ պատրաստվածությամբ» ստի ու կեղծիքի հեղեղ է հնչում Ադրբեջանի նախագահի շուրթերին: Իսկ ռուսաստանյան որոշ պարբերականներ ավելի հեռուն են գնացել. մինչ 9 օր է արյուն է թափվում Արցախում, ռուսները Հայաստանում իշխանափոխության սցենարներ են քննարկում, ակամայից բացահայտելով իրենց նպատակները Հայաստանի ներքաղաքական կյանքում իրենց ակնկալած վերադասավորումների առթիվ եւ Կրեմլի ներկայիս «ակտիվ լոյալության» իրական պատճառները Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմում:

Այնպես որ՝ Կրեմլի «ակտիվ լոյալությունը», ըստ ամենայնի, դեռ կշարունակվի:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններից շարունակում է ակտիվությունը Ֆրանսիայի նախագահը: Օրեր առաջ նախագահ Էմանյուել Մակրոնը մեղադրեց Թուրքիային սիրիացի ջիհադիստներին Լեռնային Ղարաբաղ ուղարկելու մեջ: «Այժմ մենք ունենք տեղեկատվություն, որը վկայում է, որ ջիհադիստական խմբավորումների սիրիացի գրոհայիններն անցել են Գազիանթեփ Լեռնային Ղարաբաղի պատերազմի թատերաբեմ հասնելու համար», -Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում նշեց Մակրոնը՝ հավելելով. «Սա շատ լուրջ նոր փաստ է, որը փոխում է իրավիճակը»: Մակրոնը Թուրքիայից պահանջեց բացատրել ջիհադիստ գրոհայինների ժամանումը Ադրբեջան եւ ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին: «Կարմիր գիծը հատվել է, ինչը անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին», ասաց Մակրոնը:

Հոկտեմբեր 4-ին փարիզամերձ Ալֆորվիլ հայաշատ քաղաքի քաղաքապետ Լյուկ Կարվունասի կոչով տեղի է ունեցել հանրահավաք` ի համերաշխություն Արցախի եւ Հայաստանի, որին ներկա է եղել Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, չի վերաբերում միայն Հայաստանին: Այն վերաբերում է ողջ աշխարհին: Մենք կանգնած ենք իսկական մի պատերազմի առջեւ, որը սկսել է Ադրբեջանը Թուրքիայի ռազմական օգնությամբ եւ նրա բերած լրացուցիչ ուժերով», նշել է Օլանդը:

Ֆրանսիայի 173 գործիչներ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հետ համագործակցությամբ Le Journal du Dimanche թերթում հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Ֆրանսիայի իշխանություններին վերանայել իրենց ռազմավարությունը Հայաստան-Ադրբեջան հակամարտության մեջ: Նրանք անբավարար են համարում հանրապետության նախագահ Էմանյուել Մակրոնի առաջարկությունը` միջնորդություն ստանձնել երկու կողմերի միջեւ բանակցությունները վերսկսելու համար: Նրանք պահանջում են, որ Ֆրանսիայի իշխանությունները «խստորեն դատապարտեն ադրբեջանական հարձակումը եւ պահանջեն Ադրբեջանի կողմից կատարվող բռնությունների անմիջական դադարեցումը», իսկ պահանջը չբավարարվելու դեպքում ավելի մեծ օգնություն ցուցաբերեն Լեռնային Ղարաբաղի իշխանություններին, որը կարող է լինել այդ իշխանությունների օրինականության լիակատար եւ ամբողջական ճանաչումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող Միացյալ Նահանգները հոկտեմբերի 2-ին կրկին հանդես է եկել հայտարարությամբ: ԱՄՆ պետքարտուղարը հույս է հայտնել, թե Ղարաբաղ սիրիացի գրոհայինների տեղափոխվելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հույս է հայտնել, որ Գազիանթեփով Ադրբեջան ուղարկված սիրիացի իսլամիստների մասին տվյալները սխալ կլինեն։ ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ խոսքը երկարամյա հակամարտության մասին է, եւ «երբ լարվածությունը սրվում է, երրորդ երկրները ռազմամթերք են տրամադրում, սպառազինություն, իրավիճակը բարդանում է, մեծացնում մարդկային զոհերի վտանգը եւ նվազեցնում խաղաղության հնարավորությունը»։ Fox News-ին տված հարցազրույցում պետքարտուղարը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում շարունակվող լայնածավալ գործողություններին, հայտարարել է, որ հակամարտությունը չպետք է միջազգային բնույթ ստանա, եւ որ կողմնակի ուժերը պետք է հեռու մնան։

Հայտնի է, որ Միացյալ Նահանգները Թուրքիա է գործուղել վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին` Պետդեպարտամենտի Եվրոպական եւ եվրասիական բյուրոյի ղեկավար Ֆիլիպ Ռիկերին` տարածաշրջանային խնդիրները, այդ թվում` ղարաբաղյան հարցը քննարկելու համար: «Մենք ուզում ենք թուրքական կողմի հետ քննարկել այդ հարցը», ասել էր Պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչը, հավելելով. «Մենք կարող ենք նվազեցնել լարվածությունը»: Դեսպան Ռիկերն Անկարայում հանդիպել է նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընին, բանակցել է Թուրքիայի ԱԳ նախարարի եւ այլ պաշտոնյաների հետ:

Նկատենք, որ հոկտեմբերի 4-ին երեկոյան ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մամլո ասուլիսում ուշագրավ հայտարարություն էր արել. «Ադրբեջանի զինված ուժերն այսօր որեւէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացել իրականացնել՝ կորուստներ կրելով հետ են շպրտվել: Դա նաեւ այն պատճառով, որ թուրքական զինված ուժերի ամենագործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր մեր հակաօդային եւ այլ ստորաբաժանումների գործողությունների շնորհիվ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույց էր ունեցել Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը: «Երկու զրույցներում էլ ես կոչ արեցի անհապաղ թուլացնել լարվածությունը եւ վերադառնալ բանակցությունների` Մինսկի խմբի հովանու ներքո», – գրել էր Բրայանը Թվիթերում:

Ինչ վերաբերում է հարեւան Իրանին, ապա այնտեղից եւս մտահոգ հայտարարություններ են հնչում: Անցյալ շաբաթ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույց է ունեցել Նիդերլանդների եւ Ավստրիայի պաշտոնակիցների հետ ու մի շարք հարցերի թվում քննարկել նաեւ ԼՂ-ում շարունակվող ռազմական գործողությունները: Իրանի պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Զարիֆն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում զարգացումների կապակցությամբ։

Հոկտեմբերի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հայտարարել էր՝ իր երկիրը ոչ մի դեպքում թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն: «Բախումների Կովկաս տեղափոխումը շատ ավելի մեծ աղետի կհանգեցնի, քան ղարաբաղյան հակամարտությունը», ասել էր Իրանի պաշտոնյան:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031