Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան ու Ադրբեջանը տապալել են «բլից-կրիգը» Արցախի ռազմաճակատում

Հոկտեմբեր 06,2020 19:35

Մոսկվան, Փարիզն ու Վաշինգտոնը մեծ դիվանագիտական ապտակ են հասցրել Ադրբեջանին ու Թուրքիային

Երեկվանից միջազգային հանրությունը մեծ թափով սկսեց արձագանքել Արցախում ընթացող թուրք-ադրբեջանական տանդեմի սանձազերծած պատերազմին:

Նախ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների արտգործնախարարների հայտարարությանն անդրադառնանք, որը խիստ կարեւոր է՝ հնարավոր հրադադարի հաստատման տեսակետից եւ Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին հետագա արկածախնդրությունից հետ պահելու առումով:

Այսպես, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դղիանը եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն վճռականորեն դատապարտեցին ԼՂ-ի հակամարտության գոտում եւ դրա սահմաններից դուրս բռնության աննախադեպ եւ վտանգավոր էսկալացիան, ասվում է համատեղ հայտարարության մեջ: Նախարարներն աներկբա ընդգծեցին, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը ենթադրաբար քաղաքացիական օբյեկտներն էին՝ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքներում՝ ԼՂ-ի հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաեւ այդպիսի հարձակումների ոչ համաչափ բնույթը անընդունելի վտանգ են իրենցից ներկայացնում տարածաշրջանի կայունությանը: Հիմք ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ նախարարները կրկին կոչ արեցին հակամարտող կողմերին անհապաղ եւ առանց նախապայմանների կրակի դադարեցման ռեժիմ հաստատել: ՄԽ-ում համանախագահող երկրները խստորեն հակված են լիարժեք իրականացնել ԵԱՀԿ-ի եւ միջազգային հանրության կողմից օժտված իրենց մանդատը՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Ըստ այդ մանդատի՝ «նրանք կշարունակեն հետեւողականորեն զարգացնել փոխադարձ գործողությունները կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել՝ վերսկսելու կարգավորման գործընթացը գոյություն ունեցող հիմնարար սկզբունքների հիման վրա եւ համապատասխան միջազգային փաստաթղթերին, որոնք լավ հայտնի են երկու կողմերին»:

Չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն 10-րդ օրն է, ինչ փորձում են ղարաբաղյան հարցը ուժի միջոցով լուծել, իրենց պատկերացրած պահանջների հուն բերել՝ այն էլ Թուրքիայի գործուն մասնակցությամբ հետագա բանակցություններում, միջնորդները հստակ Ադրբեջանին ու Թուրքիային վերոնշյալ հայտարարությամբ հիշեցրեցին, թե ովքեր են ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվողները, որ մանդատի շրջանակներում եւ որ սկզբունքների շրջանակներում պետք է ընթանան բանակցությունները:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների արտաքին գերատեսչության ղեկավարների հայտարարությունն, անկասկած, մեծ դիվանագիտական ապտակ է Ադրբեջանին ու Թուրքիային, քանի որ Ադրբեջանը դեռ շարունակում է պնդել, որ Թուրքիան պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման գործընթացում որպես կողմ, իսկ՝ Թուրքիան շարունակում է պնդել, որ շարունակելու է սատարել Ադրբեջանի քայլերին:

Առանձին քննարկումներ են եղել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող պետությունների ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ Մնացականյանը պետքարտուղարի տեղակալ Բիգանին համապարփակ տեղեկատվություն է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորված հրետակոծման, դրա հետեւանքով առաջացած մարդկային եւ նյութական կորուստների վերաբերյալ։ Նա Սթիվեն Բիգանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների ընթացքում միջազգային կոնվենցիաներով արգելված զինատեսակների կիրառմանը եւ խստորեն դատապարտեց այն։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բիգանը կարեւորել է կրակի շուտափույթ դադարեցումը եւ այս ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը: Հայտնի է, որ ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Բիգանը հեռախոսազրույցներ է ունեցել նաեւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեհուն Բայրամովի հետ:

Երեկ տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հերթական հեռախոսազրույցը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցում ընդգծել է Արցախում ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը: Իսկ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ «Կողմերը շարունակել են ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումների քննարկումը: Նշվել է, որ ռազմական գործողությունները սրացում են ստացել՝ ձեռք բերելով լայնածավալ բնույթ: Դժբախտաբար այն հանգեցնում է լուրջ կորուստների եւ քաղաքացիական բնակչության զոհերի»:

Երեկ կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: ՌԴ ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ Լավրովը լուրջ անհանգստություն է հայտնել շփման գծում շարունակվող ռազմական գործողությունների եւ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ: Ռուսական կողմն ընդգծել է շուտափույթ հրադադարի անհրաժեշտությունը:

Նշվում էր նաեւ, որ Ռուսաստանը, ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս համանախագահների հետ միասին, կշարունակի նպաստել բանակցային գործընթացի վերսկսմանը՝ հիմնվելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վրա: Լավրովը հաստատել է պատրաստակամությունը՝ համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը:

Այսօր արդեն Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հանդես եկավ կարեւոր հայտարարությամբ՝ արձանագրելով, որ Հարավային Կովկասը կարող է դառնալ նոր ցատկահարթակ հարյուրավոր ահաբեկիչների համար: Նարիշկինի խոսքով՝ ԼՂ-ի հակամարտության գոտի են ձգվել ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ։ Նա նշել է, որ կասկած չունի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կվերադառնան բանակցություններին:

Այն բանից հետո, երբ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ժամանեց Բաքու եւ Ալիեւի հետ հանդիպմանը կրկին հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին ցանկացած աջակցություն տրամադրել՝ ցանկացած ոլորտում, եթե դրա կարիքը լինի, Արցախը կրկին հրետակոծվում է:

Անտեսելով միջազգային հանրության ու գերտերությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների երեկվա հայտարարությունը՝ Թուրքիան ու Ադրբեջանը շարունակում են լայնածավալ պատերազմն ընդդեմ Արցախի, դրանով իսկ ապացուցելով, որ իրենց պատկերացրած ձեռնտու վիճակը չեն կարողացել ապահովել ռազմաճակատում, ավելին՝ տապալել են «բլից-կրիգ»-ով արդյունք ցուցադրելու ու շահագրգիռ կողմերին «պայմաններ» թելադրելու իրենց գլխավոր նպատակները:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031