Լրահոս
Օրվա լրահոսը

Այս օրերին պաշտոնից հրաժարվող պաշտոնյաներին «Իմ քայլի» պատգամավորը համարում է պատասխանատվությունից խուսափողներ

Դեկտեմբեր 01,2020 23:55

«Դավաճան տերմինն օգտագործելիս, այդպիսի մեղադրանքներ հնչեցնելու համար պետք է շատ պատասխանատու լինել, որովհետեւ դա ամենասարսափելի բանն է իմ արժեհամակարգում: Այդպես պարզունակ բառ չէ, որ թեթեւ օգտագործես ու ինչ-որ հարցեր լուծես: Ես ճանաչում եմ իրենց բողոքն արտահայտելու իրավունքը, ինձ համար բացարձակ արժեք է քաղաքացու ազատության իրավունքի այդ աստիճանը: Որպես մեծ թիմի անդամ՝ պատասխանատու եմ այն իրողություններին, որում հայտնվել է  մեր հայրենիքը, պատասխանատվության իմ բաժինն ունեմ, բայց չեմ ուզում այս պահին հոսանքին հակառակ բաներ ասել,  որովհետեւ բովանդակային գնահատականների առումով ունեմ վերապահումներ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով այս օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների տների դիմաց անցկացվող բողոքի ցույցերին, որի ընթացքում քաղաքացիները պատգամավորներին մեղադրում են դավաճանության ու Արցախը հանձնելու մեջ:

Մեր հարցին՝ ինչ նկատի ունեք՝ ասելով, որ կիսում եք պատասխանատվությունը, այդպես է ասում նաեւ Նիկոլ Փաշինյանը, բայց բացի հայտարարությունից՝ ինչ գործնական քայլեր եք անում պատասխանատվությունը կիսելու ուղղությամբ, ի պատասխան մեր զրուցակիցն ասաց. «Բոլոր դեպքերում՝ վաղը չէ մյուս օրը լինելու է ժողովրդի, ընտրողի գնահատականը, դրանից հետո, եթե այդ գնահատականը ունենա համապատասխան հետեւանքներ ու նոր իշխանություն գա, իրավական բնույթի որոշակի գործողություններ իրականացնի, այդ իմաստով եմ ասում՝ ես պատասխան կտամ նմանատիպ հարցադրումներին: Թե չէ հակառակ դեպքում՝ ինչպե՞ս պետք է հասկանանք պատասխանատվություն ենք կիսում արտահայտությունը: Կամ վարչապետը, որ ասում է՝ պատասխանատու է ամեն ինչի համար, դա չի նշանակում, որ եթե հանրապետությունում դժվար իրավիճակ է, վարչապետը պետք է առավոտյան արթնանա եւ հրաժարական տա: Այդ դեպքում ի՞նչ  նշանակում պատասխանատվության զգացում»:

Անդրադառնալով ռազմական գործիչների դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանի որոշումը անգրագիտության հետեւանք էր, ոչ թե դավաճանություն՝ պատգամավորն ասաց. «Չեմ կիսում այդ տեսակետները, որովհետեւ վարչապետը իր որոշումները կայացնում է  համապատասխան մարմինների հետ քննարկելուց հետո: Ինքը ռազմական գործիչ չէ, որ կարողանա ազդել գործընթացների վրա:  Կարելի է շատ քննադատել, հիմա մեզ ասում են նաեւ, որ բազմահազար երիտասարդների արյունն իզուր թափվեց, ես այսօր վստահ եմ, որ իզուր չէր»:

Մեր հարցին՝ այսինքն, պետք չէ՞ր պատերազմն ավելի վաղ կանգնեցնել, մեր զրուցակիցը պատասխանեց. «Մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է, այդ պատերազմների արանքում ընկած  կարճ ժամանակահատվածները հաջորդ պատերազմի պատրաստվելու համար են նախատեսված:  Յուրաքանչյուրն էլ կուզեր շուտ կանգնեցնել, բայց ոչ մի փուլում չի եղել այդ հնարավորությունը ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ պատերազմի առաջին օրերին…2.5 տարվա ընթացքում որոշակի թերացումներ պաշտպանական գերատեսչությունում եղել են: Այդ թերացումների մեջ ունեցել եմ  նաեւ ես իմ բաժինը, որ ժամանակ չեմ գտել հետաքրքրվել, թե մեր պաշտպանական գերատեսչությունն ինչպես է պատրաստվում հավանական պատերազմի, այո՛, մեր թիմը թերացումներ ունեցել է, որովհետեւ ՊՆ նախարարն ընտրվում է մեր կողմից»:

Պատգամավորը չի ընդունում, որ այս պատերազմում ՀՀ-ն պարտվեց. «Ախր ես կոնկրետ պարտություն բառի հետ համաձայն չեմ, եթե մենք պարտվել ենք, դա նշանակում է՝ մեր հակառակորդը հաղթել է, ճի՞շտ եմ հասկանում»:

Մեր հարցին՝ չի՞ հաղթել, պատգամավորը շարունակեց. «Եթե հաղթել է, եկեք  ձևակերպենք նրանց հաղթանակի մեխանիզմը, իրենք ունեցել են երկու նպատակ՝ մաքսիմում նպատակ՝ հայաթափեն Արցախը, մեկընդմիշտ վերացնեն այդ հարցը եւ նպատակ մինիմում՝ շրջանների վերադարձ ու Արցախը, որպես հավանական ինքնավարություն ունեցող սուբյեկտ, Ադրբեջանի կազմի մեջ: Արցախը հայաթափվե՞լ է, նման բան չկա, ամեն ինչ պետք է անենք, որ Հադրութը վերադարձնենք, Շուշիի համար էլ հնարավորություններ ստեղծենք»:

Անդրադառնալով պատգամավորների ու այլ պաշտոնյաների  հրաժարականների որոշումներին՝  պատգամավորն ասաց, որ կարծում է՝ հրաժարվողները խուսափում են պատասխանատվության իրենց բաժնից. «Երբ դուրս ես գալիս խմբակցությունից ու դառնում անկախ պատգամավոր, ինձ համար խիստ անընդունելի է: Իսկ ինչ վերաբերում է  մյուս պաշտոնյաներին գործադիր իշխանությունից հեռացող եւ այլն, ապա կարծում եմ՝ եթե պաշտոնյա ես  եւ քո գործունեության ընթացքում խնդիրներ  ես տեսել, հավաքել ես, որ հետո հարմար  պահին բարձրաձայնես, ապա նշանակում է ո՛չ մարդկային, ո՛չ բարոյական ու ոչ էլ քաղաքական իմաստով քո տեղում չես եղել, էդ խնդիրները հո մեկ օրո՞ւմ չեն եղել: Եվ ժողովրդի ցասմանը արժանանալուց խուսափելու համար հրաժարվելով, այո՛, պատասխանատվությունից խուսափել է նշանակում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031