«Ինչքան էլ այս իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հասկանալով, թե չհասկանալով, գնում է մի ճանապարհով, որը կազմաքանդում է պետությունը, բայց նա չի կարող ամեն ինչ կազմաքանդել»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանը։
Դիտարկմանը, թե Արցախի կորուստը եւս շատերն անհնար էին համարում, բայց հիմա ոչ միայն Արցախ չունենք, այլեւ Արցախի մասին խոսելն է քիչ-քիչ արգելվում, պատասխանեց․ «Ընդամենը պետք էր, որ Հայաստանի ամբողջ քաղաքական էլիտան իրեն դրսեւորեր պետական մտածողությամբ եւ կարողանար գնալ խնդրի լուծմանը։ Մենք այն ժամանակ զգուշացնում էինք, որ եթե հիմա խնդիրը չենք լուծում, կանցնի մի 10-20 տարի, կկորցնենք այն, ինչ ձեռք ենք բերել, որովհետեւ դա անհեռատես քաղաքականություն էր։ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, այդ սխալ մտածելակերպի եզրափակիչ ակորդն էր։ 1998-ին մենք իշխանությունից հեռացանք Ղարաբաղի խնդրի պատճառով, մենք վճռականորեն գնացինք խաղաղության գործընթացին, եւ այդ խնդիրը 100 տոկոսով լուծվում էր այդ ժամանակ: Չստացվեց, քանի որ մեր դեմ դուրս եկան ամբողջ քաղաքական դաշտը, բանակը։ Այդ սխալը, որ կատարվեց, պետք է ունենար հետեւանքներ՝ մենք զգուշացնում էինք, որ Ադրբեջանը զարգանալու է, ուժերի հավասարակշռությունը փոխվելու է, եկավ հասավ Նիկոլ Փաշինյանին: Որքան էլ ասում ենք, որ մեր դիրքերը թույլ էին, ռազմական բալանսի առումով զիջում էինք, տնտեսական բալանսի առումով զիջում էինք, բայց այդ ճակատագրական որոշումը Նիկոլ Փաշինյանը կայացրեց 2019-ին, երբ մերժեց բանակցությունները, որից հետո պատերազմը դառնում էր անխուսափելի, նա գիտակցված դա արեց՝ դառնալով այս մեծ արհավիրքի պատասխանատուն»։
Խոսելով Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավոր տարբերակների մասին՝ Աբրահամյանն ընդգծեց, որ միշտ եղանակ կա, ձեւ կա՝ դա անելու․ «Քաղաքական ուժերի մեծ համախմբման, մեծ շարժում սկսելու պարագայում հնարավոր է իշխանության հարցը լուծել եւ հեռացնել այս ազգակործան իշխանությանը, բայց շատ մեծ խնդիր է նման շարժում կազմակերպելը։ Որպեսզի այս համակարգը ցնցվի, իր դեմ պետք է դուրս գա ուժ»։
Արմինե ՆԱՎՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































