Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Թոփչյանը ներկայացնում է 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի անցած ճանապարհը

Դեկտեմբեր 26,2020 13:00

Ըստ մաեստրոյի, հակամարտությունների ավարտից հետո ճգնաժամը դադարում է խնդիր լինելուց։

Յուրաքանչյուր հոբելյան, այն էլ ստեղծագործական հարուստ ճանապարհ անցած կոլեկտիվի համար, հիանալի առիթ է, բացի բարեմաղթանքներից, անդրադառնալու անցած ճանապարհին եւս։ Խոսքը վերաբերում է 95-ամյա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին։

Տարին հոբելյանական է նաեւ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի համար, որն այս պաշտոնում է ուղիղ 20 տարի։ Ի դեպ, նվագախումբն ունեցել է 17 ղեկավար, իսկ 18-րդը՝ Էդուարդ Թոփչյանը, ամենաերկարակյացն է։

Փառահեղ ստեղծագործական ճանապարհ անցած ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարից խնդրեցինք ներկայացնել նվագախմբի նախկին ղեկավարներին, որոնց մեջ թեեւ կան այնպիսիք, որոնք աշխատել են կարճ ժամանակ՝ մեկ տարի, օրինակ՝ Ալեքսանդր Սպենդիարյանը, բայց անգնահատելի են նրանց ձեռքբերումները։

Մեր զրուցակիցը սիրով համաձայնեց եւ հակիրճ ներկայացրեց ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ղեկավար Արշակ Ադամյանին. «1925թ. Երեւանի կոնսերվատորիայի ռեկտոր Արշակ Ադամյանը մարտի 20-ին դասախոսներից եւ ուսանողներից կազմված սիմֆոնիկ նվագախմբի հետ առաջին համերգն է ունենում։ Նվագախմբի կանոնավոր գործունեության շնորհիվ Հայաստանում տարածվում եւ արմատավորվում է սիմֆոնիկ երաժշտությունը։ Ընդամենը մեկ տարի անց նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները ստանձնում է Ռուսաստանից Երեւան տեղափոխված Ալեքսանդր Սպենդիարյանը։

Նվագախմբի հետ նրա առաջին բեմելը ապացույցն էր այն բանի, որ Հայաստանում տեղի կադրերով համալրված սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելու հնարավորություն կա։ 1927-ից երկու տարի նվագախումբը ղեկավարեց Սուրեն Չարեքյանը, այնուհետեւ, մինչեւ 1932թ.՝ Գեւորգ Բուդաղյանը, որից հետո՝ Կոնստանդին Սարաջյանը, որը Մոսկվայից Հայաստան էր տեղափոխվել եւ պաշտոնավարում էր նաեւ Երեւանի օպերային թատրոնում՝ որպես երաժշտական ղեկավար։ Նա Հայֆիլհարմոնիայի համակարգում առաջին անգամ կազմավորեց ինքնուրույն սիմֆոնիկ նվագախումբ։ Հենց այդ պահից էլ Հայաստանում սկսեցին զուգահեռաբար գործել երկու սիմֆոնիկ նվագախմբեր՝ օպերային եւ ֆիլհարմոնիկ։ 1945-67թթ. ֆիլհարմոնիկ նվագախումբը ղեկավարեց Միքայել Մալունցյանը։

Հիշում եմ Էդվարդ Միրզոյանի հակիրճ եւ բովանդակալից խոսքը նրա մասին՝ այն, ինչ արել է Մալունցյանը, արժանի է անսահման շնորհակալության»։ Դիտարկմանը՝ հետո, մինչեւ 1973-ը ղեկավարել է ձեր պրոֆեսորը՝ Օհան Դուրյանը, մաեստրոն պատասխանեց. «Դուրյանի մուտքը նշանավորվեց աչքի ընկնող սիմֆոնիաների պրեմիերաներով։ Որպես նրա ուսանող, կարող եմ ամբողջ դասախոսություն կարդալ, ներկայացնել Օհան Դուրյանի եւ նրա ղեկավարությամբ ֆիլհարմոնիկին կյանքի ուղեգիր տված այդ նշանավոր գործերը, բայց անցնենք առաջ։

Մեր նվագախմբում տարբեր ժամանակներում պաշտոնավարել են Միքայել Տերյանը, Ռուբեն Վարդանյանը, Արամ Քաթանյանը, որոնց ավանդը նույնպես մեծ է նվագախմբի բնականոն ընթացքի, ինչպես նաեւ զարգացման գործում։ Առանձին մի դասախոսության թեմա է Դավիթ Խանջյանի պաշտոնավարման տարիները՝ 1974-81թթ., որը շարունակեց իր պրոֆեսորի՝ Միքայել Մալունցյանի ավանդույթները։ Խանջյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում էին նվագախմբի գեղարվեստական աճի, նվագացանկի հարստացման, հյուրախաղերի եւ այլ խնդիրներ։ Այդ տարիներին տեղի ունեցան ֆիլհարմոնիկի ելույթները Մերձբալթյան հանրապետություններում, Անդրկովկասում, Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլուր։ 1981-85թթ. նվագախումբը ղեկավարեց Վալերի Գերգիեւը, որը առաջին խոստումնալից քայլերն էր անում արվեստում։ Նա Հայաստանում իր աշխատանքը համատեղում էր Լենինգրադի Մարիինյան օպերային թատրոնի դիրիժորի պարտականությունների հետ։ Պետք է նշեմ, որ Գերգիեւը առանձնահատուկ տեղ էր հատկացնում Արամ Խաչատրյանի եւ, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ հետխաչատրյանական սերնդի հայ կոմպոզիտորների գործերին»։

Մեր զրուցակիցը հիշատակեց նաեւ 1985-ից մինչեւ 2000թթ. գեղարվեստական ղեկավարներ Ռաֆայել Մանգասարյանի, Մարտին Ներսիսյանի, Վահագն Պապյանի, Միքայել Ավետիսյանի եւ Լորիս Ճգնավորյանի անունները, նշելով, որ այդ դժվար տարիներին ֆիլհարմոնիկը ոչ միայն մեկնում էր արտասահման հյուրախաղերի, այլեւ ելույթներ ունենում մեր մարզերում, նույնիսկ Երեւանի հիմնարկ ձեռնարկություններում։ Ընդգծեց նաեւ բոլոր ժամանակներում ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտների, իր խոսքերով՝ իսկապես նվիրված աշխատանքը։ Այստեղ ընդհատեցինք մաեստրոյին, քանի որ 2000 թվականից ֆիլհարմոնիկի գործունեությունը մշտապես «Առավոտի» ուշադրության կենտրոնում է եղել որպես Հայաստանի թիվ 1 նվագախումբ։ Լայն ընթերցողին տեղեկացնենք, որ 2007-ից Էդուարդ Թոփչյանը լոնդոնաբնակ թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ համատեղ հիմնեց Երեւանյան միջազգային երաժշտական ամենամյա փառատոնը։

Իսկ մաեստրո Թոփչյանը մինչ նվագախմբի գեղարվեստական ղեկավարի եւ գլխավոր դիրիժորի պաշտոնը ստանձնելը 1991 թվականին հիմնել է «Սերենադ կամերային նվագախումբը, որը հանդես է եկել եվրոպական երկրներում շուրջ 700 համերգով։ Ֆիլհարմոնիկ նվագախումբն էլ, առանց չափազանցության յուրաքանչյուր տարի, պատահել է նաեւ տարին երկու անգամ, հյուրախաղերի է մեկնել եվրոպական եւ ԱՊՀ երկրներ, ինչպես նաեւ ԱՄՆ։ Այս առիթով երաժշտագետները մեզ հետ զրույցներում մշտապես նշում են, թե Թոփչյանի օրոք ֆիլհարմոնիկը իր ամենուրբաթյա ելույթներով եւ արտասահմանյան ուղեւորություններով ձեռք է բերել պատկառելի փորձ, հատուկ ընդգծելով հայաստանյան եւ համաշխարհային պրեմիերաների մասին։ Երաժշտագետները նշում են նաեւ Թոփչյանի օրոք ձայնագրված CD-ները եւ, իհարկե, Երեւան այցելած դասական երաժշտության իսկապես համաշխարհային աստղերին։ Թոփչյանի մասին խոսելիս նրան անվանում են նաեւ «օպերասեր դիրիժոր», քանի որ նրա ղեկավարությամբ տարբեր ձեւաչափերով ներկայացվել են համաշխարհային օպերային գրականության մոտ 15 գործեր, այդ թվում՝ «Աիդա», «Սեւիլյան սափրիչը», «Տուրանդոտ», «Օթելլո», «Պայացներ», «Եվգենի Օնեգին», «Մադամ Բաթերֆլայ», «Սիմոն Բոկանեգրա», «Դոն Ժւան» եւ այլն։

Մաեստրոյի հետ մեր զրույցը չէր կարող շրջանցել կորոնավիրուսի ու պատերազմի թեման։ Իհարկե, ֆիլհարմոնիկը կորոնավիրուսի շրջանում աշխատում էր օնլայն, պատերազմի օրերին էլ զբաղված էր ռազմաճակատի համար տարբեր աշխատանքներ կատարելով եւ առաջինն էր մեր երաժշտական կոլեկտիվներից, որը դեկտեմբերի 11-ին համերգի հրավիրեց հանդիսատեսին։ Դրանից հետո կոլեկտիվը հանդես է եկել Բեթհովենյան 4 սիմֆոնիաների կատարումներով, հիմա էլ հրավիրել է փոքրիկներին Չայկովսկու «Շչելկունչիկը» լսելու, որն ուղեկցվում է ժամանակակից տեխնոլոգիաներով պատկերների ցուցադրությամբ։

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ մեր երկրում բոլոր ոլորտներում առկա ճգնաժամին, ինչի առիթով մաեստրո Թոփչյանն ասաց. «Ճգնաժամը մի եզրույթ է, որը ցույց է տալիս անհետաձգելի, բայց ժամանակավոր բնույթի խնդիր։ Ըստ իս, եթե գլոբալ դիտենք, ճգնաժամի գաղափարը խաբուսիկ բնորոշում է տալիս մշակութային ավերածությանը՝ որպես ժամանակավոր անկայունության արդյունքի, որը հակամարտությունների ավարտից հետո դադարում է խնդիր լինելուց։ Ես ինձ իրավունք կտամ խոսել միայն երաժշտարվեստի մասին։ Ոչ միայն մեզ, այլ աշխարհին են հայտնի մեր փայլուն երաժիշտները։ Մեր ոլորտում անհրաժեշտ է վերանայել կրթական ծրագրերը եւ կրթել սկսել փոքրուց։ Այս միտքը ես շեփորում եմ վաղուց»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
25.12.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ashot says:

    Նշված, բոլոր ղեկավարների օրոք, հայ երաժշտությումը ունեցել է անընդմեջ վերելք, իսկ Թոփչյանի օրոք մոռացվել են մեր դասականներից շատերը … Հարգանքով՝ Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031