Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդապետ Արմեն Վարդանյանը նահատակվեց հանուն հայրենիքի․ հրամանատար-ռազմիկը չդադարեց լինել առաջնորդ ու հայր` կյանքում ու ծառայողամարտական գործունեության մեջ

Հունվար 30,2021 23:20

Գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը նահատակվել է հանուն հայրենիքի։

Հրամանատար Վարդանյանին զինվորական կարգով հրաժեշտ տալու արարողությունը տեղի կունենա ս/թ. հունվարի 31-ին, ժ. 17։30-ից, ոստիկանության զորքերի 1033 զորամասում (Իսակովի 25), հուղարկավորությունը` փետրվարի 1-ին, ժ. 13։00-ից, Էջմիածնի Արամ Մանուկյան 69 հասցեից, քաղաքային գերեզմանատանը։

Արցախյան 2-րդ պատերազմն, ավա՜ղ, մեզանից խլեց ընտրյալներին։
Կորուստն անդառնալի է, վիշտն` անբուժելի։

Ոստիկանության զորքերի համար անսփոփ է կորուստը` 42 նահատակված հերոսների անմահացմամբ. անմահների զորախումբ, որ աներեր գլխավորեց հրամանատար ՎԱՐԴԱՆՅԱՆԸ։ Շուշի բերդաքաղաքի մատույցներում պատմությունը գրչեց կիսատ մնացած մի արծվաթռիչք վարք, որ Վարդանյանի զորախմբի հերոսապատում է կոչվելու։

Հրամանատար-ռազմիկ, ով չդադարեց լինել առաջնորդ ու հայր` կյանքում ու ծառայողամարտական գործունեության մեջ։ Ու անգամ մահին ընդառաջ գնաց գիտակցաբար` մենակ չթողնելով իր զավակ-զինծառայողներին։

Հրամանատար ու Մարդ, ով հայրենիքի հանդեպ նվիրման քայլող օրինակ էր մեր կողքին։ Հրամանատար, ով հավերժ կապրի իրեն ճանաչող ցանկացած մեկի սրտում իր վեհությամբ։ Հրամանատար, ում հանդեպ հարգանքը չի մարի` իր համեստ ու բարի վարք ու բարքի շնորհիվ։

Հրամանատար, ով հետագիծ է թողել ոստիկանության զորքերի կայացման գործում։

Հրամանատար Վարդանյանի կորուստը ոչ միայն մարդկային խորը ցավ է, այլև մասնագիտական անդառնալի կորուստ ոստիկանության զորքերի անձնակազմի ու ողջ կառույցի համար։

Ցավը բոլորինս է։ Սակայն մեր զորակցությունը խորին խոնարհումով` ՎԱՐԴԱՆՅԱՆ ընտանիքին։

Հիշատակդ վառ կմնա մեր սրտերում, հրամանատա՛ր։

Գնդապետ Արմեն Մամիկոնի Վարդանյանը ծնվել է 1974թ. -ի սեպտեմբերի 21-ին Էջմիածին քաղաքում: 1991թ.-ին ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցը: 1993թ.-ին զորակոչվել է ծառայության ՀՀ ԶՈՒ: 1994 թ.-ին ընդունվել և 1999 թ.-ին ավարտել է Հունաստանի Ցամաքային Զորքերի ռազմական ակադեմիան:

1999 թ.-ից անցել է ծառայության ՀՀ ՊՆ N զորամասում, որտեղ զբաղեցրել է դասակի, վաշտի հրամանատարի, գումարտակի հրամանատարի տեղակալի և գումարտակի հրամանատարի պաշտոնները: 2007-2009 թթ. սովորել է ՌԴ ՊՆ համազորային ակադեմիայում, այնուհետև ծառայությունը շարունակել է ՀՀ ՊՆ N զորամասում, որտեղ զբաղեցրել է գումարտակի հրամանատարի և հրամանատարի մարտական պատրաստության գծով տեղակալի պաշտոնները:

2012-2018թթ. ծառայության է անցել ՀՀ ՈԶ հասարակական կարգի պահպանության գնդում (1033 զորամաս)որպես հրամանատարի 1-ին տեղակալ-շտաբի պետ, 2018 թ. մարտի 26-ին նշանակվել է ՀՀ ՈԶ գլխավոր վարչության շտաբի պետի տեղակալ-օպերատիվ բաժնի պետի պաշտոնին:

2018 թ. հուլիսի 27-ից զբաղեցնում էր ՀՀ ՈԶ ՀԿՊ գնդի (1033 զորամաս) հրամանատարի պաշտոնը:

Գնդապետ Ա. Վարդանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է ՀՀ նախագահի կողմից՝ «Հասարակական կարգի գերազանց ապահովման համար» մեդալով և այլ գերատեսչական պարգևներով:

Ամուսնացած է, ունի մեկ որդի և երկու դուստր:

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031