Լրահոս
Օրվա լրահոսը

Փետրվարի կլիմայական բնութագիրը

Փետրվար 02,2021 12:37 Share

Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5…-8°C, որը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից: Առաջին տասնօրյակը բնորոշվում է առավել ցածր ջերմաստիճաններով, այնուհետև ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է:

Փետրվարին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության տարածքում շատ բազմազան է: Ըստ բարձրության ջերմաստիճանը նվազում է: Մինչև 800 մետր բարձրության վրա (Իջևան, Ալավերդի, Բերդ, Մեղրի) միջին ամսական ջերմաստիճանը դրական է` մոտ 2°C, 800-1000 մետր բարձրության վրա (Արարատյան դաշտ, Վայոց Ձոր ցածրադիր մասեր)` -1…-2°C, 1000-1500մ բարձրության վրա (Լոռի, Արագածոտնի և Սյունիքի նախալեռնային շրջաններ)` -2°C, 1500-2000 մետրի վրա (Շիրակ, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններ, Գեղարքունիք)` -4…-6°C: Փետրվար ամսվա բացարձակ նվազագույն ջերմաստիճանը` դիտվել է Պաղակնում` -41°C (1947թ), և Աշոցքում` -40°C(1946թ.): Երևանում փետրվարի միջին ջերմաստիճանը –0.9°C է, իսկ բացարձակ նվազագույնը` -26°C դիտվել է 1928թ-ին, -27°C 1972թ: Խիստ ցուրտ փետրվարներ դիտվել են 1949, 1950, 1969, 1972, 1976, 1979, 1986, 2017 թվականներին: Մասնավորապես 1976թ.-ին հանրապետության տարբեր շրջաններում այն 6-80-ով ցածր էր հունվարի միջին ջերմաստիճանից: Գյումրիում և Պաղակնում օդի միջին ջերմաստիճանը եղել է -16… -18°C, այսինքն նորմայից ցածր ` 10-12°C):

Երևանում 1885-2010թթ. ժամանակահատվածում 16 անգամ դիտվել են խիստ ցուրտ փետրվարներ, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է -8°C:

Սովորաբար փետրվարը հունվարից տաք է, սակայն տարիների 15-20%-ի դեպքում միջին ամսական ջերմաստիճանը փետրվարին հունվարից ցածր է եղել:

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+6°C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +20°C(1955թ.), Կապանում` +26°C(1955թ.):

Փետրվարին տեղումների քանակը հանրապետությունում կազմում է 41մմ, որը տարեկան նորմայի 7%-ն է: Սակայն այդ քանակը տարածքում բաշխվում է անհամաչափ: Տավուշի և Սյունիքի հովիտներում միջինը դիտվում է 27-29մմ, Արմավիրի և Արարատի մարզերում 21մմ, 1200-2000մ բարձրությունների վրա 32-37մմ, 2000-2500մ բարձրությունների վրա` 40-50մմ, ավելի բարձր` մինչև 80մմ: Երևանում տեղումների քանակը միջինը կազմում է 30մմ: Տեղումների քանակը զգալիորեն տարբեր է և ըստ տարիների` 1975,1985 թթ. փետրվարին հանրապետության տարբեր շրջաններում տեղացել է ամսական նորմայի կրկնապատիկ, առանձին շրջաններում եռապատիկ քանակը (Հրազդան, Սիսիան, Արմավիր, Գավառ): Փետրվարը տեղումներով առատ է եղել 1928, 1938, 1952, 1956,1984, 1990, 1997,2006 թվականներին:

Հանրապետության տարածքում հիմնականում դիտվում է ձյուն, սակայն հովտային շրջաններում տարիների 20%-ի դեպքում դիտվել է անձրև: Այդ շրջաններում փետրվարին ձնածածկը կազմում է 8-14 օր: Նրա բարձրությունը չի գերազանցում 7սմ-ը, դիտվում են տարիներ, երբ ձյունը վերանում է փետրվարի առաջին տասնօրյակին: Հովտային շրջաններում առանձին դեպքերում կայուն ձնածածկ բոլորովին չի առաջանում:

Լեռնային շրջաններում ձնածածկը պահպանվում է ողջ ամսվա ընթացքում և բարձրությունը հասնում է 20-40սմ, բարձր լեռնային շրջաններում` 70-150 սմ: Փետրվարին հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը 72% է :

Մառախուղով օրերի թիվը փետրվարին միջինը դիտվում է 1-8օր: Մառախուղներ դիտվում են հիմնականում լեռնանցքներում և ցածրադիր վայրերում: Երևանում փետրվարին միջինը 8 օր դիտվում է մառախուղ (1974թ. և 1993թ. համապատասխանաբար 22 և 25օր): Փետրվարը հունվարի համեմատ ավելի քամոտ է, զգալիորեն քչանում է անդորր օրերի քանակը: Քամու առավելագույն արագությունը առանձին վայրերում փետրվարին հասնում է 20-30մ/վրկ, իսկ լեռնանցքներում և բարձր լեռնային գոտում` մինչև 35մ/վրկ, պոռթկումները` 40մ/վրկ: Լեռներում և լեռնանցքներում հաճախ դիտվում է բուք, միջինը` 7-12օր:

Փետրվար ամսվա ամսական կանխատեսումը (2021թ.)

Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+4°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8…-10°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15…+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -29…-31°C, առավելագույնը` +20…+22°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 18…34 մմ):

Շիրակի և Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0…-2°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10…-15°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7…+10°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -34…-36°C, առավելագույնը` +12…+14°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 19…57 մմ):

Լոռու մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3…+6°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -8…-12°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +14…+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-30°C, առավելագույնը` +15…+18°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 25…33 մմ ):

Տավուշի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +5…+7°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -4…-7°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +17…+22°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -17…-20°C, առավելագույնը` +20…+23°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 27…30մմ):

Վայոց Ձորի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում՝ +4…+5°C, լեռնային շրջաններում` 0…-2°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև -6…-9°C, լեռնային շրջաններում` -12…-15°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում նախալեռնային շրջաններում՝ ցերեկը մինչև +14…+16°C, լեռնային շրջաններում` +7…+10°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` նախալեռնային շրջաններում` -22…-25°C, լեռնային շրջաններում` -30…-33°C, առավելագույնը` նախալեռնային շրջաններում՝ +20…+23°C, լեռնային շրջաններում` +11…+14°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` նախալեռնային շրջաններում 30…32մմ, լեռնային շրջաններում 70…73մմ ):

Սյունիքի մարզ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում +8…+10°C, նախալեռնային շրջաններում` +3…+6°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը հովտային շրջաններում մինչև` -2…-7°C, նախալեռնային շրջաններում` -8…-13°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ հովտային շրջաններում՝ ցերեկը մինչև +18…+23°C, նախալեռնային շրջաններում` +15…+20°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` հովտային շրջաններում` -18…-21°C, նախալեռնային շրջաններում` -29…-32°C, առավելագույնը` հովտային շրջաններում +24…+27°C, նախալեռնային շրջաններում` +14…+17°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` հովտային շրջաններում 16…32 մմ, նախալեռնային շրջաններում 23…54 մմ ):

Երևան քաղաք

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4…+5°C, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5…-7°C, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17°C (դիտված պատմական բացարձակ նվազագույնը` -25…-27°C, առավելագույնը՝ +19…+21°C): Ամսական տեղումների քանակը ենթադրվում է նորմային մոտ (նորման` 21…34 մմ):

Շրջակա միջավայրի նախարարութան «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728