Լրահոս
Օրվա լրահոսը

17 նոր դատավոր կավելանա, որից 8-ը՝ Երեւանում. Բադասյանը նոր նախագիծ է բերել

Փետրվար 02,2021 16:07 Share

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ներկայացրեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով բեռնաթափվելու է դատարանների ծանրաբեռնվածությունը: Նախատեսվում է դատավորների թիվն ավելացնել: Մասնավորապես, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորների թիվն ավելանալու է 17-ով, որից առնվազն 8-ը՝ Երեւանում:

«Իմ քայլի» պատգամավոր Սերգեյ Ատոմյանը հարցրեց. «Եթե մենք 10 դատավոր ենք տալիս Երեւանին, 10-ը՝ մարզերին, ստացվում է, որ ամեն մարզին մի դատավոր է ավելանում: Արարատի եւ Վայոց ձորի մարզերի դատարանների ծանրաբեռնվածությունը մեծ է»: Բադասյանն էլ պատասխանեց, որ մասնագիտական դատարանները եւս նպաստելու են ծանրաբեռնվածության նվազմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը առաջարկեց, որ դատավոր ընտրելիս, երբ չափանիշները սահմանվում են՝ ունենա իրավագիտության բակալավրի որակավորում, բարձրագույն կրթության վերաբերյալ դիպլոմ եւ այլն, օրենքում ամրագրեն, որ միայն բակալավրի դիպլոմ ունենալու դեպքում նաեւ 5 տարվա մասնագիտական փորձ ունենա, եթե մագիստրատուրա չի ավարտել:

Հարակից զեկուցող Սուրեն Գրիգորյանն ասաց, որ նախագիծը նաեւ ԲԴԽ-ի գործընկերների հետ են քննարկել ու եթե առաջարկներ լինեն, մինչեւ երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն կլինի:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը առաջարկեց, որ դատավոր դառնալու քննությունները թեստով լինեն:

ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը Վլադիմիր Վարդանյանի առաջարկը ճիշտ համարեց:

«Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց, որ եթե կարգավորում լինի, քննությունների ընթացակարգը դյուրինացնեն, օրինակ, դատախազների համար, որովհետեւ շատերը հենց այդ բարդ ընթացակարգի համար չեն ուզում դատավոր դառնալ: Նախարարը պատասխանեց, որ պետք է ոչ թե դյուրինացման մասին խոսել, այլ՝ արդարության. «Ունենք փակ շղթա՝ ով է հիմնականում դառնում դատավոր՝ այն մարդիկ, ովքեր դատավորի օգնական են աշխատել, կամ դատական դեպարտամենտում են աշխատել: Վերարտադրվում են անընդհատ: Գործող համակարգում հաճախ ոչ թե ստուգում ենք գիտելիքը ու տրամաբանելու ունակությունը, այլ՝ հիշողությունը, եթե դու Վճռաբեկի որոշումը հիշում ես՝ խնդիրը լուծում ես: Հետեւաբար պետք է մտածել այս փակ շղթան կոտրելու մասին»:

«Բնակչության հաշվարկով ՀՀ-ում դատավորների թիվը քիչ էր ու սա հնարավորություն է, որ թիվը մեծանա ու կարողանանք ավելի լավ արդարադատություն իրականացնենք»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728