Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ադրբեջանցիները ժեստերով հայհոյում ու սպառնում են հայերին. Ստեփանակերտի բնակիչ

Մարտ 03,2021 11:23

Ադրբեջանցիները քաղաքացիական հագուստով անարգել շրջում են Արցախում հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Ստեփանակերտի բնակիչ Ինգա Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց, որ ադրբեջանցիները հայերի բնակության վայրերում հիմնականում հայտնվում են գաղտնի ճանապարհներով. «Գյուղարանքներ են գտնում, երբ հայերը, ռուս խաղաղապահները բռնացնում են նրանց ու հարցնում են՝ ինչպես եք հայտնվել այս տարածքում, ասում են՝ մոլորվել ենք, բայց ակնհայտ սուտ է, որովհետեւ իրենց հաստատված տարածքներից մեզ չեն կարող այդքան կիլոմետրեր գալ ու մոլորվել: Եղել են դեպքեր, երբ հասարակական տրանսպորտի՝ ավտոբուսների մեջ ենք ադրբեջանցիների հանդիպել, խանութներում»:

Մեր զրուցակցի պատմելով՝ Արցախում հայերը ադրբեջանցիների կողմից անընդհատ տարբեր սպառնալիքներ են ստանում. «Այդ սպառնալիքները նաեւ կրակոցների ձեւով են, անընդհատ Շուշիի կողմից օդ են կրակում, իսկ հայերին տեսնելիս ձեռքերով ու ժեստերով հայհոյանքներ, ատելություն են ցույց տալիս, ամեն ձեւ բացատրում են, որ ատելություն ունեն հայերի նկատմամբ: Ամեն ձեւ հասկացնում են՝ մենք ձեզ վերացնելու ենք: Ստեփանակերտ գնալիս ավտոբուսով անցնում էինք ադրբեջանցիների շարասյան մոտով, շարասյան ամբողջ անձնակազմը ձեռքերով հայհոյում էր մեզ, հետո տեսախցիկներով անպայման նկարում են հայերի շարժը, գրանցում գնացող-եկողների քանակը»:

Ինգա Գրիգորյանի խոսքով, երբ հայերը ադրբեջանցիների սպառնալիքների ու հայհոյանքների մասին գանգատվում են ռուս խաղաղապահներին, վերջիններս հանգստացնում են՝ դարդ մի արեք. «у него голова не работает». «Երբեմն էլ խոստանում են ադրբեջանցիների հրամանատարներին տեղեկացնել, որ այլեւս նման բան չկրկնվի: Ստացվում է ՝ամեն անգամ պետք է գնաս, գանգատվես, դու քո երկրի տերը չես: Արցախում պատերազմից հետո լավ մթնոլորտ չէ, վախենում ես մեկին խոսեցնես, բոլորը հարազատներ են կորցրել, բոլորը սգի մեջ են, տրամադրություն չկա, կյանք չկա, դժոխք է դարձել: Մարդկանց շրջանում նաեւ ինչ-որ առումով վախի մթնոլորտ է: Երեկոյան ժամերին մարդիկ մտնում են իրենց տները, բանալիով դռները փակում, վախենում են դուրս գալ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031