Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական թասիբն ու «Իսկանդերի» զգետնված պատիվը…

Մարտ 14,2021 22:03

Պարադոքսալ, պարադոքսալ երկիր է Հայաստանը: Երկիր, որտեղ մանանեխը մշտապես ճաշից հետո է մատուցվում, իրականությունն էլ՝ պատմական անցյալ դառնալուց հետո է միայն ընկալելի դառնում:

Հայաստանը երկիր է, որի բնակիչների մի ստվար հատված աշխարհին ռուսից ավելի ռուս և յանկիներից ավելի յանկի է փորձում ներկայանալ:

Երկիր, որի «իսթեբլիշմենտը» խաշի պարտադիր ատրիբուտ «փափկանուշ զինգերից» ավելի տեղյակ է, քան տարածաշրջանային զարգացումներից ու երկրի գլխին կախված ռեալ վտանգներից:

Ինչու է այսպես, որոնք են ստեղծված իրավիճակի խորքային պատճառները, որտեղ պիտի փնտրել իրավիճակից դուրս գալու ելքը: Այս ու այլ խնդիրների մասին է զրույցս Արբակ Խաչատրյանի հետ:

Մարդ, որին դեռ Արցախյան առաջին պատերազմի օրերից եմ ճանաչում: Անհատ, որի հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայությունների մասին գիտեն քչերը: Արժանապատիվ հայ, ով մշտապես դեմ է եղել իր անունը բարձրաձայնելուն: Սա, ինչպես ասում են, հուշում լրագրողներին, ում պարտականությունն էլ փորձում եմ այսօր ստանձնել այն պարզ պատճառով, քանի որ այսօրվա քաղաքական ղեկավարությունը, լինի դա նախագահ, թե վարչապետ, իրենց այս կարգի մարդկանցով շրջապատելու, նրանց ծանրակշիռ վարկին ու հնարավորություններին ապավինելու փոխարեն, նեցուկ են ընտրել մարդկանց, ում մսուր-մանկապարտեզում տեսնելը՝ քաղաքական պառնասում հայտնվելուց առավել տրամաբանական կլիներ: Այսպիսին է Հայաստանը, երկիր՝ որտեղ մարդկանց գնահատում են ոչ թե ազգանպաստ գործերով, այլ՝ զբաղեցրած պաշտոնով: Ինչևէ…

Քաղաքական ճշգրիտ կանխատեսումներով հայտնի ընկերոջս եմ դիմում՝ տարածաշրջանում մեկնարկած սրընթաց զարգացումների տրամաբանությունը հասկանալու ակնկալիքով:

– Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը շատերին «Հարսանիք Մալինովկայում» ֆիլմի հայտնի դրվագն է հիշեցնում, երբ հերոսներից մեկին այդպես էլ չի հաջողվում ընտրություն կատարել կարմիրի ու սպիտակի բաժանված յուրայինների միջև: Հետաքրքրիր է, ինչու ենք մենք մշտապես հայտնվում նմանատիպ իրավիճակում: Որն է այս մղձավանջային դեժավյուի պատճառը:

– Թեպետ հրեա չեմ, բայց այս պահին ինձ ուղղված հարցիդ՝ հարցով կպատասխանեմ: Կարո՞ղ ես ասել, թե ինչու, ի՞նչ պատճառով հայերիս դարեր շարունակ այդպես էլ չի հաջողվում կայուն ու հաստատուն պետություն ունենալ: Ինչն է մեր ապաշնորհության, եթե կուզեք՝ անունակության, ինչպես նաև՝ մեր հայրենակիցներից շատերի մոտ նկատվող գաղթի հանդեպ հակվածության  և օտարամեծության պատճառը: Սրանք, ըստ իս, ամենևին էլ հռետորական հարցեր չեն: Հենց այս հարցադրումների ենթաշերտերում է անհրաժեշտ փնտրել պարբերաբար մեզ ներկայացող  թնջուկների պատասխանը:

Այժմ՝ Հայաստանում ստեղծված խիստ մտահոգիչ իրավիճակի մասին: Ապշել կարելի է. բարիկադի մի կողմում «անմեղսունակ» որակմանն արժանացած պնդերես, «էշից իջնելը այիբ դիտարկող» իշխանությունն է, մյուսում՝ իրենց հույսը ժողովրդի կարճ հիշողության վրա դրած, ռևանշիզմի մեջ մեղադրվող նախկինները: Ու մեկ էլ՝ այս ամենից խորապես զզված, անհայտ կորած  ու գերեվարված զինվորների դարձին սպասող, հողին հանձնված վեց հազարից ավելի զինվորների՝ սփոփանք չգտնող ծնողները: Անկեղծ ասած, ինձ անհեթեթ են թվում նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության հետ կապված «զարգացումները»: Հասկանում եք, այս տրագիկոմեդիան միտում ունի դասագրքային դառնալու:

Հիմա ինձ ասեք, բացատրեք խնդրում եմ, թե ինչու պրոֆեսիոնալ զինվորականները, որոնց ընդունված է «գեներալիտետ» կոչել, չմեկուսացրին ռազմարվեստից արշիններով հեռու Նիկոլ Փաշինյանին ու պատերազմի հենց չորրորդ օրը իրենց ձեռքը չվերցրին  կառավարման ղեկը՝ այդ կերպ կանխելով հազարավոր հայորդիների անիմաստ կորուստը: Չէ որ, եթե ոչ նրանց, ապա էլ ում պիտի քաջ հայտնի լիներ ուժերի հարաբերակցության իրական պատկերը:

Այդպես վարվելու և պատերազմական իրավիճակում միանգամայն ընդունելի խիստ միջոցներ ձեռնարկելու փոխարեն նույն այդ զինվորականները շարունակել են կատարել «բանից բեխաբար» վարչապետի ու նրա «գլխավոր խորհրդական», «Էրատո» զորամիավորման ղեկավարի միջնորդավորված ցուցումները: Ինձ, կարծում եմ նաև ինձ նման շատ-շատերին ապշեցնում է նաև այլ բան: Զինվորականների զայրույթի պատճառն ու նրանց  հրապարակ «ուղեկցողը» ոչ թե վեց հազար երիտասարդների ընդհատված  կյանքն էր, այլ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնանկությունը, իսկ որ ավելի զավեշտալի է, վարչապետի «խիստ» քննադատությանն արժանացած, պատերազմի օրհասական պահին գլուխ պահած «հերմոֆրոդիտը»՝ հնարավորությունների ընդամենը 10 տոկոսն օգտագործած «հայկական ծագման» «Իսկանդերը»:

Ինչ-ինչ, բայց զինվորականությունն այս անարգանքը մարսել  չէր կարող: Հազարավոր հայորդիների անմիտ նահատակությունից առավել, վերջիններիս վրդովեցրել էր համազգեստի զգետնված պատիվը: Սա անհանդուրժելի էր, քանի որ կասկածի տակ էր դրվել ռուսական զենքի աշխարհահռչակ վարկը:

– Ռուսական լրատվամիջոցներում տարիներ շարունակ բարձրաձայնել ես ստրկամտության վնասների և արժանապատիվ, փոխադարձ հարգանքի վրա խարսխված միջպետական հարաբերությունների զարգացման անհրաժեշտության մասին: Օրեր առաջ Վրաստան կատարած այցի ընթացքում, ես անձամբ դարձա դրա ականատեսը: Հայերիս հանդեպ վրացական կողմի ցուցաբերած խորին հարգանքն ու պատկառանքը, հայ և վրացի մտավորականների կողմից կոնֆեդերացիա հիմնելու ցանկությունը ասվածի ապացույցն էին: Այդ փոխվստահությունը, որքան տեղեկացա, գալիս է հնուց, 1990-ականներից, երբ հայ և վրացի նվիրյալների շնորհիվ հնարավոր դարձավ եղբայրասպան պատերազմն ու սովը կանխել:

– Կռահում եմ, թե ինչ ես ակնարկում: Անշուշտ, իրավացի ես: Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, ու մենք պարտավոր ենք ամեն ինչի պատրաստ լինել: Տարածաշրջանին սպառնացող վտանգներին կարող ենք դիմագրավել համատեղ ուժերով, հակառակ դեպքում դատապարտված ենք կործանման: Զրույցի այս հատվածում ցանկանում եմ հանդես գալ ոչ թե իբրև քաղաքական վերլուծաբան, այլ իբրև ռուս իրավապաշտպան և հարց ուղղել Հայաստանին ըստ էության անօգտագործելի հրթիռներ վաճառած ռազմավարական գործընկերոջը: Հետաքրքիր է, էլ ինչքան զոհ էր անհրաժեշտ, որպեսզի արդարացված լիներ «Իսկանդերի» և այլ՝ այդպես էլ օդ չբարձրացած հրթիռների կիրառությունը:

Դուք Հայաստանին պատերազմական իրավիճակների համար նախատեսված գերպիտանի զե՞նք, թե՞ տոնական միջոցառումների օրերին երկնքում սավառնող ու տոնական հրապարակով հպարտ-հպարտ անցնող, թշնամուն ահ  ու սարսափի մատնող բուտաֆորիա եք վաճառել,կհարցնեի նրանց: Հետաքրքիր է, ինչպես կվարվեր Ռուսաստանի ղեկավարությունը: Անհամար զոհեր տալուց հետո նա կշարունակե՞ր հավատարիմ  մնալ զենքի չկիրառման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությանը, թե՞ կգնդակահարեր իր կամազուրկ, հանուն պայմանագրի՝ հազարավոր երիտասարդների կործանմանը  նպաստած գեներալներին:

– Որոշ գնահատականների համաձայն, Հայաստանը  հայտնվել է «ազատ անկման» գոտում: Լիովին կաթվածահար են եղել պետական ենթակառուցվածքները, հանրության շրջանում գնալով խորանում է անորոշությամբ պայմանավորված ապատիան: Կասկածի մթնոլորտը դառնում է դոմինանտ: Ինչ կասեք այս կապակցությամբ:

– Նախ նշեմ, որ աշխարհում է ամեն ինչ փոխվում: Այս առումով Հայաստանը կարելի է դիտարկել իբրև զարգացումների ընթացքը հստակորեն ֆիքսող ինդիկատոր: Վերջին երեքհարյուրամյակում աշխարհի կառավարման լծակների տեր դարձած ֆինանսաբանկային համակարգը խորը ճգնաժամի մեջ է: Վերջինիս մոտալուտ անկումը,սակայն, կասկածից վեր է: Այդուհանդերձ, աշխարհի անթագակիր արքաները փորձում են ամեն գնով հետաձգել համակարգի անխուսափելի հոգեվարքն ու ամեն կերպ երկարաձգել իրենց իշխանությունը: Տամպլիերների վաշխառուական ավանդույթների մերօրյա ժառանգների համար իսկական փորձաքար դարձավ «Covid-19»-ը: Աշխարհին պատուհասած համավարակը յուրօրինակ զգուշացում է մարդկության բնականոն կյանքն ու Երկիր մոլորակի էկոհամակարգը խաթարած ուժերին, որոնց համար նյութական արժեքների կուտակումը դարձել է գերխնդիր:

Ու հիմա, ամեն ինչ փլուզվում է: Մի պահ պատկերացրեք, թե ինչ կերպ կվերաբերեին  օրական տասնյակ հազարավոր հարազատների կորցրած  նյույորքցիները, եթե  ինչ-որ մեկը փորձեր խոսել նյութական արժեքների կարևորության մասին: Ինչու եմ այս մասին խոսում: Արցախյան վերջին՝ հազարավոր զինվորների կյանք խլած ու բազմաթիվ երիտասարդների հաշմասայլակներին գամած պատերազմը վերահաստատեց այն իրողությունը, որ սեփական ժողովրդից թալանված միջոցները միանգամայն անպիտան ու անզոր են ինչ-որ բան փրկելու: Սա նախազգուշացում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե կարող են փրկել թե՛ իրենց սերունդներին,թե՛ իրենց ունեցվածը: Սա մոլորություն է: Ու որքան շուտ այս ամենը գիտակցվեց, այնքան փրկվելու հնարավորությունը կմեծանա:

Սոցիալական բևեռացումն ու քաղաքական շրջանակների միմյանց հանդեպ անհանդուրժողականությունը կարող են հանգեցնել եղբայրասպան պատերազմի՝  այս ամենին անվրդով հետևող թշնամիներին հնարավորություն ընձեռելով՝ մեզ՝ հայերիս աշխարհին ներկայացնել իբրև ամեն ինչի մեղավորներ: Ցավալի է, սակայն մեր կողմից դրսևորվող այսօրինակ վարքը, կասկածի տակ կարող է առնել նաև 1915-ի իսկությունը…

Ես միշտ պայքարել եմ, որ իմ ազգը լինի անկախ, սակայն եթե ազգը ունի ստրուկի հոգեբանություն, ապա կարևոր չէ ՌԴ-ի, Եվրոպայի, թե Թուրքիայի հովանավորության տակն է այն:( Այս մասին Արբակ Խաչատրյանը խոսել է նախկինում իր՝«Եթե դու փալաս ես, ապա ինչ նշանակություն ունի, թե ում տակն ես՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի, թե մեկ ուրիշի» հոդվածում):

Այսօր, եթե Հնդկաչինում կամ աֆրիկյան որևէ երկրում աղետ պատահի ու մարդիկ մահանան, ցավոք սրտի մենք այդ մասին կամ չենք իմանա, կամ էլ դրան անտարբերությամբ կվերաբերվենք: Ու գիտե՞ք ինչու, քանի որ կատարվածը անմիջականորեն մեզ չի առնչվում, քանի որ այդ երկրների հետ հոգևոր-մշակութային կապն է խզված, այլ կերպ՝ համակեցության տիեզերական կարգն է խախտված: Մինչդեռ այդ կապը խիստ կարևոր է՝ «Ուրիշի ցավ չի լինում» աքսիոմատիկ ճշմարտության լիարժեք գիտակցման առումով։ Աշխարհաքաղաքական խորշակների խաչմերուկում գտնվող Հայաստանի համար՝ փրկօղակներից մեկը կարող է դառնալ ՌԴ-ի և Վրաստանի հետ հոգևոր-մշակութային կապերի սերտացումը։

-Կոնկրետ առաջարկ ունե՞ս: Հետաքրքիր է, կա՞ այնպիսի ունիվերսալ առաջարկ, որը համընդունելի կլինի շատ ու շատ երկրների համար: Ավելի հակիրճ. որն է լինելու առաջարկվող համակարգի հենքը, անկյունաքարը:

– Անկեղծ ասած, դա առանձին խոսակցության նյութ է, որին առաջիկայում առավել հանգամանալի կանդրադառնան մեր գործընկերները՝ հայ- վրացական կոնֆեդերացիայի ներկայացուցիչները։ Բավարարվեմ միայն մեկ հիշեցումով. Ի սկզբանե մարդկությունն առաջնորդվել է  Աստծո սահմանած բնական օրենքներով, որոնք , սակայն, հազարամյակների ընթացքում  ձևախեղվել են (աշխարհում ընդունված սահմանադրություններն ու մյուս օրենքները նկատի ունեմ) և մարդու իրավունքները պաշտպանող մանդատից վերածվել՝ մարդկանց ստրկացնելու գործիքի՝ ծառայելով օրվա իշխանություններին։ Դա անզեն աչքով անգամ նկատվում է թե՛ Հայաստանում, և՛ թե ամբողջ աշխարհում:

Իմ խորին համոզմամբ, մարդկության փրկության ճանապարհը մեկն է՝ Աստվածային օրենքները կրկին դնել մարդկանց իրավահարաբերությունների հիմքում։

 

Գագիկ ՄԱՆԱՍՅԱՆ

«Մտավոր սեփականության պաշտպանության ֆեդերացիայի» նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031