Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդար Հայաստան» կուսակցությունը հաջողության դեպքում կվերականգնի կիսանախագահական կառավարման համակարգը

Մայիս 05,2021 23:00

«Արդար Հայաստան» նորաստեղծ կուսակցությունն այսօր արդարության եւ զգոնության երթ կազմակերպեց մայրաքաղաքում: Երթի մասնակիցները խորհրդանշական կարճատեւ կանգառներ ունեցան նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի եւ կառավարության շենքերի առջեւ:

Կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Aravot.am-ին ասաց, որ իրենք միանշանակ կողմնակից են կիսանախագահական կառավարման համակարգի վերականգնմանը՝ հաստատ համոզմունքով, որ «Դրան զուգահեռ պետք է ձեւավորվեն ուժեղ օրենսդիր, գործադիր մարմիններ եւ իսկապես անաչառ դատական համակարգ, քանի որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ կան լրջագույն մարտահրավերներ: Արցախյան վերջին աղետալի պատերազմը ցույց տվեց նաեւ բանակի ղեկավարման օղակում թույլ տրված խնդիրներն ու սխալները, բացթողումները: Իսկ վերջին երեք տարում կառավարման համակարգի անարդյունավետությունը բերել է մեզ մի հանգրվանի, որտեղ ուղղակիորեն գործող սահմանադրությունը ուղղակի խնդիրներ է ստեղծում եւ չի լուծում պետության առջեւ դրված խնդիրները: Հետեւաբար, մենք կողմնակից ենք կիսանախագահական համակարգի վերականգնմանը եւ միանշանակ համարում, որ Հայաստանին այս պատմական  ժամանակահատվածում անհրաժեշտ է ուժեղ նախագահ, ուժեղ եւ պրոֆեսիոնալ Ազգային ժողով, ուժեղ եւ գործունակ կառավարություն եւ իսկապես ազնիվ ու անաչառ դատական համակարգ»:

Նորայր Նորիկյանը նաեւ ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու տեսական հնարավորություն առկա է: «Մենք վերջնական որոշումը կկայացնենք մայիսի 10-ին ԱԺ իրավունքի ուժով լուծարվելուց հետո, երբ նախագահն իր հրամանագրով կարձակի ԱԺ-ն, ինչը նշանակում է, որ ԱԺ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: Այդ ժամանակ մենք կառավարման խորհրդով կհավաքվենք եւ համապատասխան որոշում կկայացնենք դրան մասնակցելու նպատակահարմարության, իսկ ցանկության դեպքում նաեւ ձեւաչափի մասին: Այդ ժամանակ «Արդար Հայաստան» կուսակցությունը հանդես կգա հայտարարությունով»:

Ձեւաչափի առումով կուսակցությունը, թեեւ այս պահին որոշում չունի, չի բացառում եւ պատրաստ է ընտրություններին մասնակցել թե միայնակ, թե գործընկերային հարաբերությունների մակարդակով՝ չբացառելով որեւէ ձեւաչափի հնարավորությունը:

Նորայր Նորիկյանը տեղեկացրեց նաեւ, որ հաջողության հասնելու դեպքում իրենք ուղղակի սահմանադրական փոփոխությունների միջոցով կլուծարեն վարկաբեկված, հասարակության վստահությունը չվայելող ՍԴ-ն՝ նրա փոխարեն ստեղծելով միասնական ատյան՝ Գերագույն դատարան: «Իսկ ՍԴ շենքը, ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, լինելու է կամ արդարության թանգարան, կամ անարդարության թանգարան»,- հայտարարեց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31