Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական զինծառայողները փորձել են գողանալ Վերին Շորժայի արոտավայրի հովվի ձիերը․ Արման Թաթոյան

Հունիս 06,2021 22:28

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին (այսօր)` ժամը 13:30-ի սահմաններում ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը:

Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում:

Ադրբեջանական զինված ծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը:

ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը:
Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ):

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսևորում են բացահայտ հանցավոր արարքներ:

Նրանք, փաստորեն, ուղիղ դիտավորությամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու նպատակով:
Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս հանցավոր արարքները սկսվել են, երբ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք:

Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ:

Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ:

ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:

Արման ԹԱԹՈՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930