Shamshyan.com. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհու հարազատների պնդմամբ՝ դպրոցի ուսուցչուհին դասարանում ֆիզիկական բռնություն է կիրառել երեխայի նկատմամբ։
Shamshyan.com-ի հետ զրույցում երեխայի մորաքույրը փոխանցել է, թե ուսուցչուհին դասարանում հարվածել է երեխային, ինչից հետո վերջինս վախեցած դուրս է վազել դասասենյակից։ Ըստ հարազատի՝ դասարանում այդ պահին մեկ այլ անձ ևս եղել է, որը տեսանելի է նաև առկա տեսագրության մեջ։ Այնուհետև ուսուցչուհին երեխային կրկին դասարան է տարել, որտեղ նորից ֆիզիկական բռնություն է կիրառել նրա նկատմամբ։
«Երբ երեխան տուն է հասել, նրա պարանոցին և ձեռքերին հետքեր են եղել, իսկ աչքերը՝ ուռած։ Երեխան այնքան է լացել, որ ընտանիքը ստիպված է եղել նրան տանը պահել։ Սեպտեմբերի 30-ից հետո նա մի քանի օր դպրոց չի հաճախել»,- պատմեց երեխայի մորաքույրը։
Նրա խոսքով՝ ուսուցչուհու կողմից երեխայի նկատմամբ նախկինում ևս հարվածների դեպքեր եղել են, սակայն նման աստիճանի ֆիզիկական բռնություն առաջին անգամ է արձանագրվում։
Կարդացեք նաև
Սակայն, ըստ հարազատի, ուսուցչուհին հերքել է ծեծի հանգամանքը և զրույցի ընթացքում վիրավորական արտահայտություններ է հնչեցրել երեխայի մոր հասցեին՝ անդրադառնալով նրա ընտանիքին և երեխաների դաստիարակությանը։
Հարազատի փոխանցմամբ՝ ընտանիքը ոստիկանություն չի դիմել, քանի որ մայրը չի ցանկանում, որպեսզի ուսուցչուհու նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի։ Փոխարենը պահանջում են, որ նա հեռացվի դպրոցից և այլևս չաշխատի երեխաների հետ։ Ընտանիքը դիմել է նաև Գեղարքունիքի մարզպետարան, որտեղից, սակայն, պատասխանել են, որ մեկ ծնողի բողոքի հիման վրա ուսուցչին աշխատանքից ազատելն անհնար է, և անհրաժեշտ է առնվազն յոթ ծնողի բողոք։
«Չեմ հասկանում՝ ի՞նչ կապ ունի բողոքող ծնողների թիվը։ Եթե ուսուցչուհին մի քանի երեխայի է հարվածել, դա նորմա՞լ է, իսկ յոթերորդ երեխայի դեպքում նոր պե՞տք է պատասխանատվության ենթարկվի»,- վրդովված նշեց հարազատը։
Նա նաև հայտնեց, որ դեպքից հետո ուսուցչուհին ոչ աշխատանքային օրով՝ շաբաթ օրը, ծնողական ժողով է կազմակերպել և ծնողներին հորդորել երեխաներին ասել, որ իրենք որևէ բան չեն տեսել և չեն լսել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:



















































