Լրահոս
Օրվա լրահոսը

«Սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ». Գրել է Արցախյան պատերազմում անմահացած երիտասարդը

Հունիս 18,2021 23:20

Մետրո թատրոնում կայացավ Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած, հերոս Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանող Շանթ Նավոյանին նվիրված երեկո, նաեւ ներկայացվեց նրա հեղինակած «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գիրքը: «Այս գրքույկի հրատարակումը հոգու պարտք է, կորստի, ցավի՝ ոչ միայն ծնողական, այլեւ մի ողջ ազգի մորմոքի, ինչպես նաեւ շնորհավորանքի, անշուշտ հիշատակի հավերժացման»,-գրված է գրքի շապկին: «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գրքի հասույթը տրամադրվելու է «Շանթ Դելտա Նավոյան» բարեգործական հիմնադրամին:

Շանթի մայրը՝ Էլեն Նավոյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ գրքի գաղափարը ծագել է Շանթի զոհվելուց մի քանի օր հետո, երբ իր դարակներից գտել են որդու ձեռագրերը. «Հասկացանք, որ դրանք նյութեր են, որոնք շատ արժեքավոր են: Այս գիրքն ամիսների արված աշխատանք է»:

Էլեն Նավոյանը նշում է, որ պատերազմի նոթատետրում որդին հետաքրքիր տողեր է թողել. «Այն մասին, որ սաղավարտը մարմնի մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել, որով մեզ ապահով էինք զգում»: Հերոսի մայրը ցույց տվեց որդու սաղավարտը, որը զորամասից իրենց են փոխանցել որպես թանկ մասունք:

Ինչ վերաբերվում է գրքի վերնագրին, դա Շանթն է գրել, այդպես վերնագրված է եղել իր ինստագրամյան լուսանկարներից մեկը, նկարը, սակայն, բայց խաղաղ օրերի էր:

Էլեն Նավոյանը տեղեկացրեց, որ ստեղծվել է բարեգործական հիմնադրամ, եւ գրքի վաճառքից ստացված հասույթն ուղղվելու է «Շանթ Դելտա Նավոյան» հիմնադրամին, որը կրթական ծրագրեր է իրականացնելու: Դրանում ներգրաված կլինեն եւ զոհված, եւ վիրավոր զինվորների քույրերն ու եղբայրները եւ հենց իրենք:

«Սա առաջին հերթին Շանթին ապրեցնելու եւ Շանթի կյանքը նման ձեւով շարունակելու նպատակ ունի»,-ասաց հերոսի մայրը:

«Մենք սիրեցինք Շանթին, նրա ընտանիքը եւ մինչեւ կյանքի վերջը աղոթելու ենք նրա համար, մենք սիրեցինք նրա բոլոր ստեղծագործությունները, պատկերավոր ու գեղեցիկ մտքերը..Աստված չի ասում դու լավագույնը եղիր այս հողակտորի վրա, բայց Աստված կամենում է, որ ինչքան ապրենք, մեր կյանքում լավագույնն անենք»,- միջոցառման ժամանակ նշեց Տեր Հարություն քահանա Ավագյանը՝ ընդգծելով, որ երիտասարդ տարիքում արդեն Շանթը անուն է թողել:

Հոգեւորականը ցավով նշեց, որ 44 օր մեզ խաբել են. «Երբ տեսա, որ Ալիեւը մեր պապենական տան պատշգամբում նստած թեյ է խմում Հադրութի Տող գյուղում, չհասկացա, թե ինչ կատարվեց ինձ հետ: Երբ տեսա, թե Շուշիի եկեղեցին, որի առաջին պատարագը ես եմ մատուցել մաքրելուց հետո, չհասկացա՝ ինչ կատարվեց ինձ հետ…Երբ տեսա Հադրութի եկեղեցին, որի բացումը ես եմ արել, առաջին պատարագը մատուցել, չիմացա թե ինչ խոսեմ…Երբ տեսա Դադիվանքում տարօրինակ մարդիկ են ու այնտեղ չգիտեմ ինչ են ասում, զարմացա…Մի՞թե այսքան թույլ ենք Շանթն այսօր բոլորիս պարտադրում է մաքրել հայրենիքը, ամուր պահել սրբությունները, ազգերը հզոր են ընտանիքով:

Եթե սերը մտնում է ընտանիք, ո՞վ կարող է այն քանդել…եթե մտավ բանակ, կունենանք հաղթանակ, եթե մտնում է եկեղեցի, մարդիկ իմ աչքի առաջ շնորհ են ստանում…Ամեն կիրակի ես տեսնում եմ՝ աշխարհի ամենաուրախ տեղը եկեղեցին է, բայց մենք պետք է երջանիկ լինենք մեր հայրենիքում, մեր տան մեջ: Շանթը միշտ մեզ հետ է, միշտ լինելու է»:

Գրքի խմբագիր եւ Շանթի հորաքույր Ռուզաննա Պետրոսյանը պատմեց, թե ինչպես է իր եւ Շանթի ծնողների մոտ միմյանցից անկախ ծնվել գրքի գաղափարը: «Ամբողջ աշխատանքի ընթացքում Շանթը մեզ օգնել է, Շանթը մեզ հետ է եղել…Շանթի խոսուն լռությունն իր գիրքն է , այնտեղ նա ամեն բան ասել է…Անկեղծորեն եմ ասում՝ Շանթն անգամ մեզ համար դարձավ հայտնություն, չէինք պատկերացնում, որ նա այսքան խելոք է, խելացի, իմաստուն…»:

Խոսելով Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած տղաների մասին, Ռուզաննա Պետրոսյանն ասաց. «Այդ տղաներն իսկապես լուսավոր էին..Դա մի բացառիկ սերունդ էր, սերուցքն էր, որը դժբախտաբար գլխատվեց»:

Հավելենք, որ 2021թ հունվարի 28-ին Կապանի զորամասում, ի հիշատակ գնդի 26 զոհերի, խաչքար է տեղադրվել, Շանթն ու մյուս քաջերը հետմահու պարգեւատրվել են Մարտական ծառայության շքանշանով

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930