Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Դումանյանի բարձրախոսն անջատեց․ «Իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է, այն պետք է իրագործել այն պահից, երբ դա հնչում է»

Հուլիս 01,2021 22:22

Այսօր կառավարության նիստում որոշում ընդունվեց ՀՀ հավաքական թիմերին համապատասխան ծանրաձողերով ապահովելու համար թույլատրել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիային անհրաժեշտ գույքը ձեռք բերել հրատապ մեկ անձից գնման ձեւով:

Ըստ նախագծի հիմնավորման, ներկայում հանրապետությունում գործող մարզադպրոցներում եւ ՀՀ հավաքական թիմերում մարզվող մարզիկները մարզվում են համեմատաբար հին մարզագույքով, որոնք չեն կարող համանման լինել այլ զարգացած երկրներում մարզվող մարզիկների մարզագույքին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին մի քանի հարց ուղղեց․ «Առաջին հարցը ծագել էր, երբ ես հանդիպում էի մեր ծանրամարտի հավաքականի մարզիչների եւ մարզիկների հետ: Ինձ համար անակնկալ կերպով իմացա, որ մեր ծանրամարտիկները միջազգային ստանդարտներին համապատասխան ծանրաձողեր չունեն: Այսինքն՝ պարապում են ոչ ստանդարտացված ծանրաձողերով: Սա առաջին հարցն էր, որը մենք ստանձնեցինք լուծել: Մեր այդ հանդիպումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 27-ին, իսկ այսօր 2021 թվականի հուլիսի 1-ն է, եւ եթե ճիշտ եմ հիշում, օլիմպիադան տեղի է ունենալու 2021 թվականի օգոստոսին: Առաջին հարցս՝ ինչո՞ւ է 2 ամիս անց, այս որոշումը կայացվում, եւ հետեւաբար՝ ծանրաձողերը ե՞րբ կլինեն տեղում: Երկրորդ հարցը՝ ես խոստացել էի, որ կլինի 20 լրակազմ ծանրաձող, իսկ որոշման նախագծում 8 լրակազմ ծանրաձող հատկացնելու մասին է»:

Փաշինյանին հուշեցին՝ 7 լրակազմ ծանրաձող։ «Հա, երեկվանից մի հատով պակասեց։ Ուզում եմ պայմանավորվենք՝ ընդհանրապես նման գործելակերպը ես չեմ հանդուրժելու: Այսինքն՝ եթե ասել եմ 20-ը պետք է լինի, ուրեմն պետք է լինի 20-ը, մնացած հարցերը… կառավարությունը, նախարարությունը, աշխատակազմը դրա համար են, որ այդ հարցի լուծումները գտնեն: Հիմա ես ինչքան հասկանում եմ, հավանականություն կա, որ այս ծանրաձողերը օլիմպիադայից հետո՞ են Հայաստանի Հանրապետություն հասնելու»:

Վահրամ Դումանյանն իր տեղից ինչ-որ բան արձագանքեց, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը կրկին հարց տվեց՝ ակնարկո՞ւմ եք, որ կարող է էն մյուս օլիմպիադայից առաջ տեղ հասնե՞ն․ «Եկեք երկար չքննարկենք, հիմա կապահովեք, որպեսզի 20 ծանրաձողն օր առաջ լինի հավաքականի տրամադրության տակ»։

Փաշինյանը հանձնարարեց է որոշման նախագիծն արագ վերաձեւակերպել եւ համապատասխանեցնել իր հանձնարարականներին. «Եվ պայմանավորվում ենք, որ սա վերջին դեպքն է, երբ մենք այսպիսի իրավիճակի ենք բախվում, եւ սա վերաբերում է բոլոր գերատեսչություններին եւ պաշտոնյաներին»:

Վահրամ Դումանյանը փորձեց պարզաբանել, թե ինչու է նման խնդիր ծագել․« Ուզում եմ ասել, որ կարծիք չձեւավորվի, որ ձեր հանձնարարականի հետ կապված խնդիր է եղել։ Ձեր հանձնարարականը մարզիկների հետ հանդիպելուց հետո ապրիլի 30-ին է աշխատակազմից ստացվել, ստանալուց երկու օր անց․․․»։

Փաշինյանն ընդհատեց Դումանյանին․ «Դուք այնտեղ նստած եք եղել, պարոն Դումանյան, ի՞նչ է նշանակում՝ աշխատակազմից ստացվել է․․․»։

«Նկատի ունեմ՝ գրավոր»,-արձագանքեց նախարարի պաշտոնակատարը։

Փաշինյանը շարունակեց․ «Դուք այնտեղ նստած եք եղել, նստած է եղել ձեր տեղակալը, ուրիշ պաշտոնյաներ են նստած եղել։ Այ այդտեղից սկսել է ամեն ինչ։ Իմ հանձնարարականների իրագործումը պետք է սկսել այն պահից, երբ դա հնչում է։ Այսինքն, յուրաքանչյուր պաշտոնյա պետք է մի բան իմանա՝ իմ հանձնարարականն անհետաձգելի գործ է, եթե ես հանձնարարեցի, ուրեմն դա իր համար առաջնահերթություն է՝ անկախ նրանից, թե աշխատակազմից կգնա, չի գնա։ Երեք օր այնտեղ, երեք օր՝ այստեղ, երեք օր հետո, հետո՝ երեք օր առաջ, հետո չորս օր արձակուրդ, հինգ օր վատ եղանակ, հետո՝ չորս օր նախընտրական քարոզարշավ ու արդյունքում լինում է այն, ինչ լինում է»։
Վահրամ Դումանյանն ուզում էր արձագանքել, Փաշինյանն ասաց՝ կներեք, եկեք անջատեմ ձեր բարձրախոսը․ «Ես հանձնարարեցի իրագործել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031