Լրահոս
Օրվա լրահոսը

Արտառոց իրավիճակ, աղմուկ-աղաղակ ԱԺ-ում. «Հայաստան» դաշինքի պատգամավորները հարվածում էին սեղաններին ու պահանջներ ներկայացնում

Օգոստոս 02,2021 12:38

Ինչպես հայտնել ենք, 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին «Հայաստան» դաշինքի անդամները ակցիա են իրականացնում. խմբակցության պատգամավորները եկել են միեւնույն շապիկով՝ կալանավորված թեկնածուների պատկերներով:

Պատգամավորների անուն ազգանունները կարդալիս ԱԺ մյուս խմբակցությունների անդամները ոտքի էին կանգնում ու հնչում էին ծափեր: «Հայաստան» դաշինքի անդամները ոտքի կանգնեցին ու ծափ տվեցին միայն «Հայաստան» դաշինքի կալանավորված անդամներ, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանի եւ Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի անունները կարդալիս:

Պատգամավորների գրանցումից հետո Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Մեր երկու գործընկերները ապօրինաբար գտնվում են անազատության մեջ: Մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունն ԱԺ-ում, որպեսզի իրենք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»:

Նիստը վարող Կնյազ Հասանովը պատասխանեց. «Դա իմ իրավասության տակ չի, դա իրավաբանների, արդարադատության գործն է: Ես խնդրում եմ, ես իմ պարտականությունները կատարում եմ «Կանոնակարգ» այս օրենքով՝ իմ տարիքից ելնելով: Ես ձեզ ոչինչ չեմ կարող պատասխանել»:

Հետո «Հայաստան» դաշինքից Արմեն Ռուստամյանը հայտարարեց. «Ոչ միայն կանոնակարգն է խախտվում, այլ արտառոց վիճակում ենք: Չի եղել այսպիսի գումարում, որ մենք սկսենք երկու պատգամավոր գործընկերներ գտնվեն կալանքի տակ՝ ազատությունից զրկված: Իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները: Եթե մենք համարում ենք, որ ոչինչ չի եղել, հանգիստ կարելի է այսպես սկսել ու անցնել օրակարգին, անտեսել այս ամեն ինչը, այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի: Իրավունք չունենք կանոնակարգի կոպիտ ոտնահարումով գնալ առաջ: Ամենաթողություն է տեղի ունեցել»:

Ռուստամյանն ասաց, որ այսօր է ԱԺ-ն ձեւավորվում ու այդ պատգամավորները ո՛չ ընտրելու, ո՛չ էլ ընտրվելու իրավունք կունենան, եթե այսօր ներկայացված չլինեն դահլիճում. «Արտառոց վիճակ է, ԱԺ-ի որոշելիք հարցն է: 20 րոպե ժամանակ տվեք՝ քննարկենք այս հարցը, ուզում եք համաձայնությամբ առաջ գնալ՝ գնանք առաջ»:

ՔՊ-ից Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց. «Այո, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի: Բայց տվյալ պարագայում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչեւ մանդատ ստանալը ու որպես թեկնածու՝ նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ-ի որոշումներով: Ես որեւիցե բան չեմ բացառում, բայց այստեղ բոլորս պարտավոր ենք ԱԺ բնականոն գործունեությունն ապահովել»:

Վարդանյանն առաջարկեց ԱԺ մարմինները ձեւավորել, որից հետո քննարկել մյուս հարցերը:

«Հայաստան» դաշինքից Արամ Վարդեւանյանը մեջբերեց Սահմանադրության 96-րդ հոդվածը՝ նշելով, որ մի դատախազ, մի դատավոր չի կարող շրջանցել այն. «Պարոն Զաքարյանը, պարոն Սարգսյանը ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են: Այդ մարդիկ ուզում են գան նիստին ներկա գտնվեն, ոնց դուք եք ներկա, բայց իրենց թույլ չեն տալիս՝ սեղանին դրած այս Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ՝ տրորելով: Ու եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի՝ պատգամավորին առանց համաձայնության կարող են կալանավորել, թող ուղղակի իրավաբանությունից չխոսեն»:

Վլադիմիր Վարդանյանն էլ ի պատասխան հորդորեց հարգանքով վերաբերվել դատարանի որոշումներին ոչ միայն այն դեպքում, երբ իրենց ձեռնտու է ու հաճելի է: Նա առաջարկեց այդ հարցը քննարկել արդարադատության մարմնում, որովհետեւ սա ԱԺ-ն է, իսկ ԱԺ-ն չի կարող լինել հա՛մ օրենսդիր մարմին, հա՛մ դատական:

«Հայաստան» դաշինքի անդամները սկսեցին աղմկել, պահանջել, որ վարման կարգով իրենց էլ ձայն տան: «Դե հիմա որ բոլորին ձայն տամ, նստենք մինչեւ առավոտ, վարման կարգին չափ կա»,- դժգոհեց Հասանովը:

«Հայաստան» դաշինքից Գեղամ Մանուկյանը փորձեց ազդել էմոցիոնալ դաշտով՝ հիշեցնելով Հասանովին, թե ինչպես են երկար տարիներ քուրդ քաղաքապետերի, բազմաթիվ պատգամավորների նկատմամբ թուրքական իշխանության հետապնդումների դեմ պայքարել միասին. «Հիմա դուք ինչպե՞ս եք շարունակելու նիստը, երբ մեր գործընկերները ձերբակալված են»:

«Հայաստան» դաշինքի խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հորդորեց ընդմիջում հայտարարել, որպեսզի խմբակցությունները միասին կազմակերպեն Մխիթար Զաքարյանի, Արթուր Սարգսյանի ազատ արձակումը կամ այդ ուղղությամբ ԱԺ-ի անելիքները: Չի բացառվում նաեւ գլխավոր դատախազի՝ ԱԺ հրավիրելը եւ նրանից պարզաբանում ստանալը;

Հասանովը անվերջ խնդում ու հորդորում էր այսպես ասած իրեն հանգիստ թողնել. «Ես իմ պարտականությունները կատարում եմ՝ որպես ավագ աշխատող՝ կանոնակարգի համաձայն»: Նա փորձեց անցնել օրակարգի հարցերի քննարկմանը՝ հաշվիչ հանձնախմբի ստեղծում, մշտական հանձնաժողովների ստեղծում: Պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին ու աղմուկ բարձրացնել: Հասանովը փորձում էր կարգի հրավիրել. «Այստեղ միտինգի տեղ չի, այստեղ խորհրդարան է, ամբողջ աշխարհը մեզ է նայում: Եկեք վերջացնե՛նք, այդ հարցերը ուրիշ ձեւով կլուծենք»:

«Պատիվ ունեմ» դաշինքից Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք միանում են «Հայաստան» դաշինքի պահանջին ու պահանջում, որ ընտրված պատգամավորների ներկայությունն ու բնականոն աշխատանքն ապահովել:

«Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Խաչատրյանն էլ հայտարարեց, որ եթե Հասանովը թամադա լինի մի տեղ սեղանի շուրջ ու մեկին ձայն չտա՝ դա կընդունի, բայց չի կարող չարաշահել ժամանակավոր պաշտոնը եւ լռեցնել պատգամավորներին, որոնք վարման կարգով իրավունք ունեն խոսել: Հասանովը շարունակում էր խնդրել. «Ժամանակավոր պաշտոն եք ինձ տվել, խնդրում եմ իրար հասկանանք, դուք բոլորդ գրագետ, հասկացող, ինձանից տասը անգամ ավել հասկացող մարդիկ եք, ինչի՞ եք խանգարում: Ինչի՞ եք խառնվել իրար, մի րոպեում ուզում եք ամեն ինչ լուծե՞ք»:

Ի վերջո, ընդդիմությունը հասավ, նրան, որ հայտարարվեց 20 րոպե ընդմիջում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031