Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին զանգը Սյունիքում․ դպրոցները հյուրաշատ էին. (Ֆոտոշարք, տեսանյութ)

Սեպտեմբեր 01,2021 23:55

Սյունիքի մարզում գործող 117 դպրոցից 111–ը մարզային ենթակայության են, 5-ը՝ ավագ դպրոց է, 1-ը հատուկ դպրոց։ Նախորդ տարի աշակերտների թիվը 17941 է, իսկ այս տարի 16919։ Մեկ աշակերտով դպրոց մարզում միայն Մեղրիի տարածաշրջանի Լիճք գյուղում է, երկու աշակերտով դպրոց՝ Աղվանի եւ Բալաք գյուղերում։ Մարզի դպրոցներն այս տարի ունեն 1576 առաջին դասարանցի։ 12 գյուղական՝ Շիկահողի, Տավրոսի, Աղվանիի, Ճակատենի, Ներքին Հանդի, Ալվանքի, Սվարանացի, Տանձատափի, Մուցքի, Բալաքի եւ Արեւիսի դպրոցներում առաջին դասարանցի չկա։

Սեպտեմբերի 1-ին՝ ավանդույթի համաձայն, դպրոցները ունենում են բազմաթիվ հյուրեր։ Հաշվի առնելով, որ հոկտեմբերին Սյունիքի մի քանի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են լինելու, ապա այդ առումով էլ այս սեպտեմբերի 1-ն առանձնացավ։ Մեղրի տարածաշրջանի գյուղական դպրոցների մոտ 80 աշակերտի համար նվերներ էր պատրաստել ագարակցի գործարար Խաչատուր Անդրեասյանը, որը նաեւ դպրոցներում էր եղել։ Մեր տեղեկություններով, նա մտադիր է մասնակցել Մեղրիի ավագանու համամասնական ընտրություններին։ «Այո, մտադիր եմ, բայց դպրոցներ այցն ընդհանրապես կապ չունի ընտրությունների հետ։ Ես շատ բարեգործական ծրագրեր եմ արել։ Եկեք այսքանով բավարարվենք»,–մեզ հետ հեռախոսազրույցում ասաց Խաչատուր Անդրեասյանը։

Սահմանամերձ Դավիթ Բեկի դպրոցի աշակերտներին էլ հյուր էր Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։ Չի բացառվում, որ վերջինս մասնակցի Կապանի համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններին՝ գլխավորելով «Քաղաքացիական պայմանագրի» համամասնական ցուցակը։ «Նորից եմ ասում, երբ գա ժամանակը՝ կհայտարարվի այդ մասին։ Ես հիմա պատգամավոր եմ, իմ գործառույթն եմ անում եւ ծանոթանում եմ մարզի խնդիրներին։ Կարծում եմ այստեղ արտառոց ոչինչ չկա»,-ասաց Դանիելյանը։ Նա Սյունիքի մարզպետարանի կրթության վարչության պետ Հայկ Հարությունյանի հետ էր սահմանամերձ գյուղում։

Օրվա խորհուրդը տոնական էր, բայց դպրոցի ուսուցիչները առիթը բաց չթողեցին իրենց հուզող խնդիրները ներկայացնելու պաշտոնյաներին։ Ուսուցիչների ճանապարհածախսի փոխհատուցման գումարներից մինչեւ գրատախտակներ։ «Կավիճը արդեն չի գրում գրատախտակներին, մենք էլ գրասեղան չունենք։ Վախենում ենք հպվել սեղաններին, որ հանկարծ սեղանի ոտը չկոտրվի»,–ասացին դպրոցի մանկավարժները։ Վերջիններս նաեւ բարձրացրին իրենց դրույքաչափերի վերանայման հարցը։ Գյուղական դպրոցների դասարանները տարբեր համակազմով են, ուստի նրանք պարապում են 25 ժամ, բայց վճարվում են 13 ժամվա կտրվածքով։

Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը մեկ առ մեկ գրի առնելով խնդիրները, խոստացավ՝ կրթության, գիտության մշակույթի եւ սպորտի նախարարության հետ քննարկել ու գտնել համապատասխան լուծումներ։ «Մեր պետությունը սկսում է սահմանից, ամուր սահման ունենալու դեպքում կունենանք ամուր պետություն։ Կարեւորում ենք սահմանամերձ համայնքների խնդիրների հրատապ կարգավորումը»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Դավիթ Բեկի դպրոցը 35 աշակերտ ունի, 4 առաջին դասարանցի, բոլորն էլ տղա։

Չնայած գյուղի սահմանամերձ լինելուն, դավիթբեկցի Գրիգոր Ջհանգիրյանի ընտանիքը Երեւանից վերադարձել է հայրենի գյուղ։ 9 տարի առաջ են տեղափոխվել բնակվելու մայրաքաղաքում։ Մինչ այդ Գրիգորը Դավիթ Բեկի դպրոցում պատմության ուսուցիչ էր աշխատում։ Պատերազմի առաջին օրերին զենքը ձեռքին գյուղի սահմաններն էր պաշտպանում։ Տղան դպրոց կգնա, փոքր աղջիկը՝ գյուղի մանկապարտեզ։ Իհարկե, մայրաքաղաքային կյանքը երբեք չես համեմատի գյուղականի հետ։ «Ընդհանուր առմամբ կան արժեքներ, որ մարդը դավանելով դրանց, առաջնայինը տարբերում է երկրորդականից։ Իմ համար երկիրը սկսվում է Դավիթ Բեկից, դրա համար տեղափոխվեցի այստեղ»,-ասում է Գրիգոր Ջհանգիրյանը։ Երրորդ դասարանցի Վահեն չի փոշմանել, որ գյուղ է եկել։ Հոգ չէ՝ որ երեք դասընկեր ունի։ Գյուղի դպրոցում էլ է գերազանցիկ լինելու։ «Շատ եմ սիրում Դավիթ Բեկը, իմ սիրելի գյուղն է»,–ասում է Վահեն։

Սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղը արցախյան վերջին պատերազմում 5 զոհ է տվել, 3-ը՝ դպրոցի շրջանավարտ։ Անմահացած Արեն Ավանեսյանը Մանկավարժական համալսարանում էր սովորում, երազանք ուներ՝ ավարտելուց հետո աշխատել գյուղի դպրոցում։ Սեպտեմբերի 1-ին Արենի ծնողները դպրոցի աշակերտներին ու մանկավարժներին տետրեր նվիրեցին Արենի լուսանկարներով։ «Թող Արենը միշտ սիրելի դպրոցի հետ լինի»՝ ասացին ծնողները, որոնք նաեւ առաջին դասարանցիների համար նվերներ էին պատրաստել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930