Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում էր Դավիթ Բեկ վերադառնալ եւ փոխել մարդկանց կյանքը․ 20-ամյա Արենի երազանքը կիսատ մնաց

Դեկտեմբեր 03,2020 11:19

Ժամկետային զինծառայող դավիթբեկցի Արեն Ավանեսյանը ուղիղ մեկ ամիս առաջ՝ նոյեմբերի 3-ին դարձավ 20 տարեկան։ Առաջնագծում գտնվելու օրերին միշտ Արենն էր զանգում, հարազատները չէին կարողանում զանգել նրան։ Քրոջ՝ Արինեի պատմելով, նոյեմբերի 3-ին զանգեց. «Շնորհավորեցինք, մաղթանքներ ասացինք, Արենն էլ՝ թե մի րոպե հասկանամ, ի՞նչ եք շնորհավորում։ Անգամ չէր հիշում, որ ծննդյան օրն է»,–պատմում է զոհված զինվորի քույրը։

«Հետո ասաց՝ հիմա դրա ժամանակը չի, քիչ մնաց, հեսա հաղթենք, ծնունդս էլ կնշենք»,–ասում է Արինեն։

Չորս երեխա են՝ երկու քույր, երկու եղբայր։ Արինեն միակ քույրն էր, ու երկու եղբայրների հետ որոշում են, որ ծնողները պիտի եւս մի աղջիկ ունենան եւ այդպես էլ լինում է։ «Արինե, Ռազմիկ, Արեն, Ռուզաննա, կարծես զույգեր լինեինք մեր անուններով ու Արենը ինձ մի տեսակ կիսատ թողեց»,–Aravot.am-ի հետ զրույցում ասաց Արինեն։

Հայրենի գյուղի Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցն է ավարտել Արեն Ավանեսյանը։ Խ․Աբովյանի անվան մանկավարժական պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի առաջին կուրսի ուսանող էր։ Անվճար հիմունքներով էր սովորում եւ ավարտելուց հետո պիտի բանակ զորակոչվեր։ Արենը կամավոր դիմում է գրում եւ 2019 թվականի հունվարին զորակոչվում բանակ։ «Ասաց՝ մամ, քանի Ռազը ծառայում ա, գնամ հետը՝ ծառայեմ, ինքը որ տուն գա, ես կգամ ու կգամ։ Ու իրեն էլ տարան Հադրութ՝ մյուս եղբորս մոտ»,–ասում է Արինեն։

Արմավիրում 6-ամսյա նախնական զինպատրաստություն անցնելուց հետո Արենը ծառայությունը շարունակում է Արցախում, Հադրութի զորամասերից մեկում։ Սերժանտ Ավանեսյանը ջոկատի հրամանատար էր, դիրքի ավագ։ Արժանացել է շքանշանի՝ որպես ջոկի լավագույն հրամանատար։

Սեպտեմբերյան պատերազմի օրերին, ելնելով թշնամու առաջխաղացումից, Հադրութից նրանց տեղափոխվում են Ֆիզուլի, հետո՝ Մարտունի։ Ծառայակից ընկերների պատմելով՝ իրենց Կյաժոն (Արենին բանակում այդպես էին անվանում–Ա․Դ․) դժվարին պահերին որպես դիրքի ավագ կարողանում էր ճիշտ կողմնորոշվել։ «Իմացավ, որ իրենց գյուղի՝ Դավիթ Բեկի վրա են թուրքերը կրակել։ Եկավ, ասաց՝ տղերք ես Կապան եմ գնում, մեր գյուղը։ Մի հատ սատկացնեմ էդ անասուններին ու գամ։ Մինչեւ հետ՝ գալս դուք էլ ստեղ կհաղթեք»,–պատմում է ծառայակից ընկերը՝ Արտակը եւ ավելացնում․ «Էնքան լուրջ ասաց, որ բոլորս հավատացինք, հարցրինք բա քանի՞ օրից ես հետ գալու։ Մի քանի րոպեից սկսեց ժպտալ, հետո ծիծաղել։ Յուրահատուկ ծիծաղ ուներ՝ վարակում էր բոլորիս»։

Ամեն անգամ տուն զանգելիս Արենը հույս էր տալիս հարազատներին եւ համոզված ասում՝ «սրանք ովքեր են որ, չվախենաք, քիչ մնաց, էլ չեն կրակի մեր գյուղի վրա, դիմացեք»։ Վերջին անգամ նոյեմբերի 6-ին զանգեց տուն։ Արինեին հորդորեց հեռախոսի բարձրախոսը միացնել, որպեսզի տնեցիները լսեն։ «Բոլորդ լսեք՝ որպես զինվոր եմ ասում՝ հանկարծ Ռուզաննային (փոքր քրոջը–Ա․Դ․) չնեղացնեք, ինչքան ես չարություն չեմ արել, ինքը իմ տեղը պիտի անի»,–ասել էր Արենը։

Այդ օրը բոլորի հետ թեկուզ կարճ, բայց խոսեց։ Ժամանակ չուներ, շտապում էր տղերքի մոտ։ «Ասաց՝ երեխեքս մենակ են, գնամ, որ չվախենան, լավ կացե՛ք, կզանգեմ էլի»,–ասում է Արինեն՝ ավելացնելով, որ դա Արենի վերջին հեռախոսազանգն էր։ Նոյեմբերի 9-ին զոհվեց անօդաչու թռչող սարքի հարվածից․․․

Ծնողները՝ Արամ Ավանեսյանն ու Արմիդա Գրիգորյանը այս օրերին սփոփվում են որդու մասին ծառայակիցների, հրամանատարների հուշերից, Արենի ստացած շնորհակալագրերից ու պատվոգրերից։

Ծրագրեր շատ ուներ, ավարտելուց հետո գյուղ վերադառնալ էր ուզում՝դպրոցում աշխատել ու փոխել մարդկանց կյանքը։ Մանկության տարիներին երազում էր՝ շուտ մեծանալ ու այնքան փող տպել, որ աղքատ մարդիկ չլինեն։ «Բոլորս սրտատրոփ էինք սպասում Արենի վերադարձին։ Պատերազմն ու դավաճանները չթողեցին վայելենք այդ բաղձալի պահը, չենք կարողանում եղբորս մասին անցյալ ժամանակով խոսել։ Երանի կարողանայի հետ տանել ժամանակն ու ջնջել այս մղձավանջը բոլորիս կյանքից»,–մեր զրույցի վերջում ասաց Արեն Ավանեսյանի քույրը՝ Արինեն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031