Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապիկիս մասին հայոց պատմության գրքերում գրում են որպես անկախության պայքարի առաջամարտիկ, բայց նրան անգամ ՀՀ քաղաքացիություն չտվեցին». Շահեն Հարությունյան

Սեպտեմբեր 12,2021 00:15

«1966-ի ապրիլի 24-ին հենց Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցած հավաքից հետո է սկսվում անկախական պայքարի քաղաքական ընթացքը։ Խորհրդային իշխանությունները հավաքը ցրեցին և մասնակիցներից շատերին ձերբակալեցին»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շանթ Դաշինք» կուսակցության նախագահ, խորհրդային հայտնի քաղբանտարկյալ Շահեն Հարությունյանի թոռը՝ Շահեն Հարությունյանը՝ պատճառաբանելով, թե ինչու իր պապիկի՝ Շահեն Հարությունյանի հիշատակի հանդիպումը տեղի ունեցավ Կոմիտասի անվան պանթեոնում:

Բանտախցում ծանոթացել են Հայկազ Խաչատրյանը, Ստեփան Զատիկյանն ու Շահեն Հարությունյանը: Նրանք ազատ արձակվելուց հետո շարունակեցին հանդիպել և միակուսակցական ԽՍՀՄ-ում հիմնեցին Հայաստանի անկախության և հայ ժողովրդի ազատության համար պայքարող Ազգային Միացյալ Կուսակցությունը (ԱՄԿ):

Շահեն Հարությունյանն ընդգծեց. «ԱՄԿ-ն ամբողջ Խորհրդային Միության մեջ միակ կուսակցությունն էր՝ մանավանդ հակակոմունիստական»:

Շահեն Հարությունյանը մահացել է սեպտեմբերի 8-ին՝ ԱՄՆ-ում՝ 84 տարեկան հասակում: Նա հուղարկավորվել է ԱՄՆ-ում՝ Դրախտ կոչվող գերեզմանատանը՝ ամերիկյան զինվորականների նախկին պանթեոնում: Ավագ Շահեն Հարությունյանը բանտարկվել է 2 անգամ և այնուհետև 1985-ին, երբ խորհրդային բանտերում էին նրա եղբայրը՝ Մարզպետ Հարությունյանը և որդին՝ Շանթ Հարությունյանը, հեռանում է Հայաստանից՝ բնակություն հաստատելով ԱՄՆ-ում: 1 տարի անց ԽՍՀՄ Գերագույն Սովետի Նախագահության նախագահ Գրոմիկոյի և Նախագահության քարտուղար Մենթեշաշվիլու որոշմամբ Շահեն Հարությունյանը զրկվում է ԽՍՀՄ քաղաքացիությունից՝ ԽՍՀՄ-ի դեմ թշնամական գործունեություն ծավալելու համար, որի արդյունքում էլ զրկվում է Հայաստան վերադառնալու հնարավորությունից:

ԱՄՆ-ում Շահեն Հարությունյանը շարունակում է պայքարը՝ ստեղծելով Սովետահայ քաղբանտարկյալների պաշտպանության հանձնախումբը, ինչպես նաև հրապարակում Երկունք թերթը՝ հիմնականում աջակցելով Պարույր Հայրիկյանի գլխավորած ԱԻՄ-ին և Հայաստանի անկախության համար պայքարին: Շահեն Հարությունյանը պապիկի կենսագրությունից առանձնացրեց այս դրվագը. «Պապիկս ռուս ակադեմիկոս Յուրի Օռլովի և հետագայում Իսրայելի ներքին գործերի նախարար՝ Անատոլի (Նաթան) Շառանսկու հետ ընդունելության է արժանացել Սպիտակ տանը՝ հանդիպելով ԱՄՆ նախագահ՝ Ռոնալդ Ռեյգանին: Հանդիպման ընթացքում նա Ռոնալդ Ռեյգանին խնդրել է միջամտել խորհրդահայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու հարցում»:

Շահեն Հարությունյանի հիշատակի հանդիպմանը ներկա էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Յոթ հայրենասերների» խմբի միակ ողջ անդամ Մերուժան Հովհաննիսյանը, համախոհներ, ընկերներ:

Ներկաները հուշեր պատմեցին ավագ Շահեն Հարությունյանի մասին: Պարույր Հայրիկյանն ասաց, որ Շահեն Հարությունյանն այն բացառիկ մարդն էր, որ մի անձնուրացություն է արել, ինչն իրեն դարձնում է ֆանտաստիկ մարդ, սակայն միևնույն ժամանակ ասաց, որ ցավալիորեն դա մինչև գերեզման պիտի տանի իր հետ. գուցե Շանթ Հարությունյանին մեծ տարիքում կասի, թե ինչ անձնուրացության էր գնացել իր հայրը:

Հիշատակի հանդիպումից հետո ներկաները ծաղիկներ դրեցին հայ մեծերի գերեզմաններին, խնկարկեցին: Շահեն Հարությունն ասաց. «Դա պապիկիս մահվան առիթով էր, բայց պայքարի ոգով, իրենց գործը շարունակելու պատրաստակամությամբ»:

Իր ու պապի հարաբերությունների մասին Շահեն Հարությունյանն ասաց. «Իմ ու պապիկի միջև, ցավոք, չկան պապ ու թոռ հարաբերություններ: Ես իրեն երեք անգամ Երևանում եմ տեսել փոքր հասակում: Ոչինչ չեմ հիշում: Ինքն էլ շատ կարճ ժամանակ է եղել ՀՀ-ում՝ 10-12 օրով, և պապ ու թոռ հարաբերությունները չեն եղել: Սակայն ինքն ինձ համար որպես անկախության պայքարի մարտիկ, հիմնադիր է եղել»:

Շահեն Հարությունյանը հիշեց՝ Բուդապեշտի պետական արխիվում ԱՄԿ-ի մասին հետաքրքիր նյութեր է գտել: Իր ընկերներից մեկը, ում հետ ծանոթացել է Դրեզդենում, այնտեղի արխիվն է ուսումնասիրել, և այնտեղ էլ ԱՄԿ-ի մասին տեղեկություններ գտել:

Շահեն Հարությունյանը ցավով նշեց՝ սակայն ԱՄԿ-ի մասին շատ նյութեր Հայաստանում չկան ու շարունակեց. «Լուսահոգի Արտակ Մովսիսյանն ինձ ասաց՝ 60-ականների մասին  ուզում էինք մեծ աշխատանք գրել, դիմեցինք ԱԱԾ, որ նյութեր տրամադրեն, իրենք ասացին, որ 60-ականների անկախական, ԱՄԿ շրջանի բոլոր նյութերը ՀՀ-ից դուրս են հանվել և գտնվում են Մոսկվայում: Դա այնքան կարևոր շրջան է մեր իրականության  մեջ, որ ցավոք, մենք չենք գնահատում այդ ամենը: Այդ մարդկանց արածի մասին խոսելիս այնպես չէ, որ այդ անձանց անձի կարևորությունն է: Պապիկս անգամ ՀՀ-ի քաղաքացի չդարձավ: Պատկերացնում եք՝ հայոց պատմության գրքերում իր մասին գրում են, որպես անկախության պայքարի առաջամարտիկ, բայց նրան անգամ քաղաքացիություն չտվեցին. քանի անգամ էլ փորձեց: Պապիկս այդպես էլ ԱՄՆ-ում ապրեց, այնտեղ մահացավ: Մեծ հաշվով  էական էլ չէր՝ քաղաքացի էր, թե՝ ոչ: Դափնիների կարիք չուներ: Ինքը գիտեր, որ գոնե մի քիչ նպաստել է անկախությանը: Այդ մարդկանց ոչ թե անձն են արժևորվում, այլև արժևորվելու էր անկախության գաղափարը, իրենց գործը, պայքարը: Եթե արժևորվեին անկախության պայքարի առաջամարտիկները, այսօր մենք այս օրին չէինք լինի: Մոլդովայում, Ուկրաինայում, Վրաստանում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում իրենք մեծարեցին անկախական մարդկանց, պաշտոնապես մեդալներ են տրամադրել նրանց անկախության համար պայքարելու առիթով: Մեծարելով նման մարդկանց՝ մեծարում են անկախության գաղափարը: Իսկ Հայաստանում նման բաներ չեն լինում, դրա համար էլ այսպիսի ծանր իրավիճակում ենք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930