Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլը ոչ թե թշնամի է, այլ դավաճան, սեփական ժողովրդին վախեցնելով՝ պետական հանցագործություն է գործում»․ Շանթ Հարությունյան

Ապրիլ 13,2024 20:44

«Շանթ դաշինք» կուսակցության համագումարում կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ «Այն, որ ինքը դավաճան է, դա միանշանակ է։ Միայն այն փաստը, որ ինքը նոյեմբերի 9-ին ստորագրել էր կապիտուլյացիան եւ որպես արդարացում՝ ասել, որ եթե ես դա չստորագրեի, 25 հազար զինվոր շրջապատման մեջ էր մնալու, նման հայտարարությունն արդեն պետական դավաճանություն է։ Աշխարհի որեւէ պատերազմող երկրում պետության ղեկավարը նման հայտարարություն չի անում, դա բարոյալքող հանցագործություն է, որովհետեւ պատերազմի ժամանակ ամեն իրավիճակ էլ լինում է։ Այսինքն՝ իր արարքը ոչ միայն բարոյական դաշտում է եղել դավաճանություն՝ իր խայտառակ կապիտուլյացիան ստորագրելով ու փորձելով հիմնավորել, այլ ինքը դավաճանության իրավական հնարավորություն է ստեղծել։ Աշխարհում սեփական ժողովրդին վախեցնողն ինքն արդեն հանցագործություն է կատարում։ Նորմալ պետությունները երբեք չեն մասնակցում թշնամու կողմից քարոզվող հոգեբանական դիվերսիային կամ պատերազմին։ Նիկոլը, սեփական ժողովրդին վախեցնելով, արդեն իսկ պետական հանցագործություն է գործում»,- ասաց Շանթ Հարությունյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը «պատմական եւ իրական Հայաստան» թեզով կեղծ օրակարգ է թելադրում։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ համաձայնեցված քարտեզ չկա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատում-սահմանագծում իրականացնելու համար, Շանթ Հարությունյանն ասաց․ «Ասում է՝ մի քարտեզ չկա, որով ամբողջ սահմանը կճշտվի։ Ասում է՝ այսինչ թվի քարտեզով այս մի գյուղն է ադրբեջանցունը, մյուս թվի քարտեզով՝ այն երկու գյուղն է ադրբեջանցունը, այսինք՝ միասնական քարտեզ չկա։ Մեր պետական քաղաքականության տրամաբանությունն ամբողջապես պետք է փոխվի, սա դավաճանական քաղաքականություն է, անկախ նրանից, թե նրա դավաճանությունը որտեղ մեծ կորուստներ կբերի, որտեղ՝ փոքր կորուստներ, միեւնույն է, տրամաբանությունն է սխալ ու դավաճանական։ Ես առաջարկում եմ հետեւյալը՝ Լենին-Քեմալ պայմանագրով Հայաստանը մասնատեցին, ավելի քան 60 հազար քկմ տարածքի մի մասը տվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս մասը մնաց բոլշեւիկացած Հայաստանին։ Ես առաջարկում եմ, որ եթե  առաջնորդվում ենք ԽՍՀՄ քարտեզներով, հայկական կողմը պետք է պնդի 1920-ականների քարտեզները։ Այդ ժամանակ Հայաստանն ավելի քան 30 հազար քկմ է եղել։ Մենք պետք է ելակետ վերցնենք 1920-1921 թվականների քարտեզները, պետք է հայտարարել, որ բոլշեւիկները եկել գրավել են Հայաստանը, օկուպացիա է եղել։ Սովետական Հայաստանը, որը 31,5 հազար քկմ է եղել, դրա վրա պետք է հենվենք: Ամեն ազատասիրական գործողության համար Մոսկվան մեզ պատժել է՝ մեկ տարածք պոկելով։ Ես չեմ խոսում Ղարաբաղի մասին, Նախիջևանի մասին, ասում եմ՝ բուն Սովետական Հայաստանի տարածքը 31,5 հազար քկմ է եղել»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հասարակությանը պատերազմով վախեցնելու հայտարարություններին՝ Շանթ Հարությունյանն ասաց, որ աշխարհի տարբեր երկրների վրա հարձակումներ եղել են եւ լինում են, բայց որեւէ երկրի ղեկավար իր ժողովրդին չի ասում՝ «հեսա կռիվ է լինելու, ես էլ գիտեմ՝ արդյունքն ինչ է լինելու»։ «Ո՞վ կարող է կանխատեսել, թե արդյունքն ինչ է լինելու, միայն պետության դավաճանը, որը գիտի, որ ինքը գիտակցված պրավալ է տալու, որ ժողովուրդը պարտվի։ Իմիջիայլոց, պատմության մեջ այդպիսի դեպքեր եղել են, որ թշնամին կարողացել է դնել իր գործակալին, հետո պարտության տանի ու բերի ստորագրել տա։ Վախի ուժգնացման տակ արժեքներ են կոտրում, ամենահարմարը վախի տակ է, որ բարոյական մարդուն կարողանում են անբարոյական սարքել, դա գիտականորեն ապացուցված է, պետությունների քաղաքականություններում ապացուցված է։ Հիմա Նիկոլն այդ թշնամական գործողությունն է անում, բայց քանի որ ինքը թշնամու քաղաքացի չէ, մեր միջից է, ուրեմն ինքը դավաճան է։ Շատերն ասում են՝ ինքը դավաճան չէ, թշնամի է։ Իրենք փաստորեն Նիկոլին փրկում են մեծ պատժից, որովհետեւ թշնամին միջազգային ասպարեզում ունի կարգավիճակ, եթե թշնամին գերի է ընկնում, միջազգային նորմեր կան, որ պետք է կիրառվեն, բայց դավաճանը չունի պաշտպանողական որեւէ բա, հետեւաբար, Նիկոլին ասելով թշնամի՝ նրա վիճակը հեշտացնում են»։

Շանթ Հարությունյանը հավելեց, որ հեռանկարում Ռուսաստանը հարց լուծող չի լինելու տարածաշրջանում․ «Գուցե կարճաժամկետ դեռ կարողանալու է այստեղ դեր խաղալ, բայց մեզ պետք է մինիմալ կորուստներով կարողանանք այս փուլն անցկացնել, բայց դրա համար անհրաժեշտ է, որ Նիկոլը որպես դավաճան ընկալվի ժողովրդի կողմից»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ասֆալտին պառկեցված says:

    Հարգելի Շանթ, նիկոլը վաղուց է ժողովրդի կողմից դավաճան ընկալվում, խնդիրը ընդդիմության անհամերաշխությունն է և երկերեսանիությունը, որ չեն համախմբվում և կարգին ձևով պայքարում թշնամու ծրագրերը սպասարկող այս թյուրիմածություն-իշխանության դեմ։ Օրինակ, խորհրդարանական ընդդիմությունը հաճույքով պարգևավճարներ է ստանում նիկոլից, նրան հարգալից դիմում է “պարոն վարչապետ”-ով և իբր սուր հարցեր է տալիս, երբեմն ձևական վիրավորում են քպ-ականներին և բնականաբար հակադարձ պատասխաններ են ստանում այդ լկտիներից։ Մի խոսքով, մանկապարտեզ են խաղում կամ ինչպես նման դեպքերում ասում են – “յուղ են վառում”։
    Ժողովուրդը հայրենիքի նվիրյալների ու պայքարողների առաջնորդության կարիք ունի, և ոչ թե ընդդիմություն խաղացողների։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930