Լրահոս
Օրվա լրահոսը

Շան հաչելու պատճառով վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. 3 անձի մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 24,2021 18:09

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի և որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. հուլիսի 9-ին Երևան քաղաքի Արագածի փողոցի տներից մեկում խնջույք է տեղի ունեցել, որի ընթացքում՝ ժամը 22:00-ի սահմաններում, մասնակիցներից երկուսը, գարեջուր գնելու նպատակով, դուրս են եկել տանից: Ճանապարհին վիճաբանություն է սկսվել փողոցում զբոսնող, նույն թաղամասի բնակիչներ, ամուսնական զույգի հետ՝ շան հաչելու պատճառով, որի ընթացքում երիտասարդներից մեկը գարեջրի շշի պարունակությունը լցրել է շան վրա:

Արժանանալով շան տիրոջ դիտողությանը՝ երիտասարդները, չնչին շարժառիթով, խուլիգանական մղումներից ելնելով, իրենց անձի գերակայությունն ընդգծելով, խմբի կազմում, մեկը մյուսի գործողությունները փոխլրացնելով, բռնություն են գործադրել նրա նկատմամբ՝ ձեռքերով հարվածելով նրա դեմքին ու գցելով գետնին:

Այդ ընթացքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով շենքի բակ են մտել խնջույքի այլ մասնակիցներ ևս և խմբի կազմում շարունակելով տղամարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ հայհոյել են, ինչին միջամտել է վերջինիս կինը՝ փորձելով հանդարտեցնել ամուսնուն ծեծի ենթարկող անձանց, սակայն երիտասարդներից մեկը գարեջրի շշով հարվածել է նրա գլխին:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է նաև, որ նշված միջադեպին մասնակից են դարձել նաև նույն ժամանակ և նույն փողոցի մեկ այլ տանն անցկացվող խնջույքի մասնակիցներ ևս, որոնցից մեկը, միջադեպի աղմուկ-աղաղակի և ավտոմեքենայի արգելակման բարձր ձայնը լսելով, կարծել է, թե վրաերթ է տեղի ունեցել, և այդ մասին հայտնել է ներկաներին:

Լուրը լսելուն պես՝ խնջույքի մասնակիցներն իջել են բակ, որտեղ նրանցից մեկը, տեսնելով, որ ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող ընկերն ուզում է մոտենալ բակում հավաքվածներին, փորձել է կանխել, խոչընդոտել նրա առաջխաղացումը, սակայն նա, իր մոտ պահվող դանակով դիտավորությամբ հարվածել է իր գործողությունները խոչընդոտողի կրծքավանդակի ձախ հատվածին: Այս կերպ հաղթահարելով արգելքը՝ տղամարդը մոտեցել է վիճաբանողներին ու խմբի կազմում բռնություն գործադրել նրանց, ինչպես նաև՝ վիճաբանությունը հանդարտեցնողների նկատմամբ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է երկու անձի՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ, շարունակել է վիճաբանել ներկաների հետ, որի ընթացքում բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հարակից շենքերի բնակիչների նկատմամբ՝ հայհոյել են, վախի մթնոլորտ ստեղծել, գարեջրի շշեր են նետել շենքի բակ իջած անձանց ուղղությամբ, վնասել բակում կայանված «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենան: Այդ ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից վերցնելով փայտե մահակը, հարվածել է իրենց նկատմամբ բռնություն գործադրող անձանցից մեկի դեմքին:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ երկու անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, մեկին՝ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով. վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Եվս մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930