Լրահոս
Օրվա լրահոսը

«Թշնամին լկտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է». Տիգրան Արզաքանցյան

Հոկտեմբեր 02,2021 17:50

«Ես որոշել եմ պատմական քայլ կատարել իմ կյանքում, իմ ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար, որն այսօր պաշտպանված չէ, մտնել «Ալյանս» կուսակցություն»,- «Այլանս» կուսակցություն համագումարում ունեցած իր ելույթում հայտարարեց գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը:

Նա հայտարարեց, որ պետք է մյուս կուսակցությունների հետ էլ համագործակցել եւ խոսեց հունիս ամսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից. «Բոլորս լավ գիտենք, արտախորհրդարանական ընտրություններն ինչպես սկսվեց, ինչպես վերջացավ և ինչ է հիմա կատարվում: Կատարվում է այն, ինչ ձև իրենց պլանները կազմել էին: Հին իշխանությունը նորից մտավ խորհրդարան, գործողը դեռ գործում է, ոչ մի փոփոխություն չկա երեք ամսվա ընթացքում, ավելի վատն է գնում: Թշնամին լկտիաբար տիրում է մեր սահմանները, որ կողմից ուզում, մտնում է: Մեր ժողովրդին նույնպես գերի է վերցնում, թեև պատերազմը վերջացել է: Թշնամին ինչ ուզում անում է, մենք աչքերս փակում ենք ջայլամի պես, թե ոչ մի բան չի տիրում մեր երկրում»:

Բանախոսն իշխանություններին հիշեցրեց, որ 2-3 ամիս  էին ուզել գերիների վերադարձը ապահովելու համար, մինչդեռ այսօր մեր թշնամիները արդեն մեր միջպետական ճանապարհն են վերահսկում: Ըստ Տիգրան Արզաքանցյանի, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մեր թշնամիները շրջում են քաղաքացիական հագուստով եւ «շինարարական աշխատանքներ են կատարում»: Տիգրան Արզաքանցյանը նաեւ պատմեց, որ սահմանապահ զինվորների հետ է խոսել, վերջիններս իրեն ասել են, որ  հրաման չունեն կրակելու սահմանախախտներին:

«Իսկապես մեր երկիրը վտանգի տակ է, ժողովուրդ: Ես պրովոկացիայով չեմ զբաղվում: Չէինք հավատում, որ Ալիեւը կգա, թեյ կխմի Շուշիում: Շուշին համարեցինք տխմար քաղաք, կորցրեցինք Ղարաբաղի 78 տոկոսից ավել, կարգավիճակ չունի այսօր Ղարաբաղը»,- ասաց նա՝ հավելելով, որ Արցախի մնացած հատվածում մեր քույրերն ու եղբայրներն են ապրում, պատերազմն էլ չի վերջացել ու չի նշանակում, որ մենք պետք է ամենը մոռանանք:

Մանրամասները՝ տեսանյութում

Տիգրան Արզաքանցյանն անդրադարձավ իր՝ քաղաքականություն կրկին վերադառնալու պատճառներին՝ ասելով, որ երկրում առաջացած օրհասական վիճակն է իրեն ստիպել դա անել. «Ես 2012թ-ից դուրս եկա քաղաքականությունից, բայց ես ստիպված էի վերադառնալ քաղաքականություն, որովհետև ես այս ջրի, հողի պտուղն եմ»:

«Շատերը իմ քյավառցու բարբառը, բառակապակցությունը տարբեր հանաքներով են վերաբերվում, որ գրագետ չեմ խոսում, հայոց լեզուն այն ձևի չեմ տիրապետում, ոնց որ այսօր գեղեցիկ խոսք ասողները, գեղեցիկ ճառ կարդացողները, գեղեցիկ ձևի ոնց են մեր երկիրը հանձնում թուրքին»,-ասաց Տիգրան Արզաքանցյանը՝ հավելելով, որ զինվորական ծառայությունից հետո ապրել, աշխատել եւ սովորել է ՌԴ-ում ու այդ է պատճառը, որ հայերենին լավ չի տիրապետում, բայց եթե բոլորը միավորվեն եւ երկիրն այս իրավիճակից դուրս բերեն, ինքը կարող է «հայերենից փայլուն քննության հանձնել»:

 

Տիգրան Արզաքանցյանը ցավում է, որ մենք այսօր ունենք թույլ իշխանություն, որի պատճառով մարդկանց իրական «դուխը կոտրվել է», բայց հանրությանը հորդորում է միավորվել, կանգնել իրենց կողքին եւ դուրս գալ ստեղծված վիճակից: Նա քննադատեց նախկին իշխանություններին, որ հնարավորություն են ընձեռել Թուրքիայի եւ Ադրբեջանի այսօրվա հաղթանակի համար: Խոսք ուղղեց նաեւ սփյուռքահայերին՝ ֆրանսերենով նրանց ասելով, որ այս միավորումը նպատակաուղղված է ուժեղ եւ ժամանակակից երկիր կառուցելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031