Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոր քաղաքացիները օրենքի առաջ հավասար են, սակայն դատավորներն ավելի հավասար են». Ստյոպա Սաֆարյան

Նոյեմբեր 10,2021 23:59

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մինչ բուն ասելիքիս անդրադառնալը, նախաբանի կարգով ասեմ, որ վերնագիրը, անշուշտ, արտացոլում է ստորև նկարագրածս նորմերի և իրավունքների կոլիզիան ՀՀ օրենսդրության մեջ, բայցև ծագեց Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» 1945թ. գրվածքի հայտնի մտքից․ «Բոլոր կենդանիները հավասար են, սակայն խոզերը ավելի հավասար են»:

Ինչպես արդեն հայտարարել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի պաշտպանությունը ստանձնած «Իրավական ուղի» կազմակերպության ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանը, իրենք իրենց պաշտպանյալի անունից դիմել են ԲԴԽ՝ իմ դեմ հայց ներկայացնելու համար այն հիմքով, թե իբր ես խախտել եմ օրենքը հանրությանը հակիրճ տեղեկացնելով, թե ինչ զարգացումներ են եղել Զարուհի Նախշքարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցով Արդարադատության նախարարություն ուղարկած իմ դիմումի հետքերով։ Ես, որպես հանրային գործիչ, տեղեկացրել էի նախարարության կողմից ինձ ուղարկված պատասխանի մասին, մանավանդ որ խոսքը վերաբերում էր Հանրային Խորհրդի նախագահի կարգավիճակում դատական իշխանության ներկայացուցչի կողմից հրապարակային, բաց դատավարության արդյունքում կայացված վճռին, որը մեր անբեկանելի կարծիքով ակնհայտ ապօրինի է, անարդար է, կայացվել է նյութական ու դատավարական նորմեր կոպտագույն խախտումներով, որոնց մի մասը անգամ ճանաչվեց Վերաքննիչ դատարանում՝ մասնակիորեն բավարարելով մեր բողոքը, և որին հանրությունը լայնորեն ծանոթ էր հեռուստաընկերություններից, ԶԼՄ-ներից ու գործի ընթացքում զարգավումների մասին իմ կատարած գրառումներիվ։

Այսօր կայքերից մեկը՝ Փաստինֆոն (ըստ տարբեր աղբյուրներից ստացված չճշտված տեղեկությունների նրա խմբագիրն է կալանավորված նախկին Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախկին խոսնակ Սոնա Տռուզյանը), նրա վրա հղմամբ Առավոտը հանրությանը տեղեկացրել են, որ ԲԴԽ աշխատակազմ հանդիսացող դատական դեպարամենտը, ի դեմս նրա ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Ղազարյանի, իմ դեմ հայց է ներկայացրել վարչական դատարան մինչև ԲԴԽ դիմելը կարգապահական վարույթի մասին տեղեկությունների գաղտնիությունը խախտելու համար։ Փաստինֆո կայքի կողմից տարածված կարճ նյութի ճչացող միակողմանիությունը, դրա կապակցությամբ իմ տեսակետը չհարցնելու ակնհայտ ճչացող փաստը  /ի դեպ այսօր կարծեք թե այդ կայքից լրագրող էր զանգել ինձ այլ թեմայով և համարս գիտեին և կարող էին իմ տեսակետն էլ տեղադրել նյութում/ թերևս ինձ կարող է որոշակի հուշումներ անել, թե որտեղի՞ց, ո՞վ և ինչո՞ւ է այդ տեսքով տրամադրել տեղեկատվությունը։ Բայց դա էական չէ։  Արձանագրված փաստերից հասկանում ենք, որ Իրավական ուղի ՀԿ-ն և յուր պաշտպանյալ Զարուհի Նախշքարյանը հաստատապես դիմել են ԲԴԽ իմ կողմից ենթադրյալ խախտման  գանգատով, որի հիման վրա էլ ԲԴԽ-ն իր աշխատակազմի միջոցով դատարան հայց է ներկայացրել։

Այսպիսով, այս գործից բխում է, որ Հայաստանի օրենքներով դատավորների վերաբերյալ կարգապահական վարույթի վերաբերյալ ոչ մեկ տեղեկություն հրապարակելու իրավունք չունի, հանկարծ ու հանկարծ կխախտվի նրանց անմեղության կանխավարկածը, ստվեր կընկնի իրենց հեղինակության վրա, իսկ, այ, հանրային գործիչների և շարքային քաղաքացիների անունները կարող են հանգիստ տրվել ենթադրյալ ու դեռևս չապացուցված հանցանքի, արարքի համար։

Առայժմ ոչինչ չեմ բացի այս գործով մեր մարտավարությունից, հավատացնում եմ, այն լուրջ բան է լինելու, ուղղակի հետաքրքիր է հանրության կարծիքը՝ ինչո՞ւ պետք է Զարուհի Նախշքարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցելու մասին տեղեկությունները գաղտնի լինեն, իսկ Հանրային խորհրդի նախագահ /դատական գործընթացն ու վճռի ընդունումը տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում/ Ստեփան Սաֆարյանի անունը կարող էր տրվել Զարուհի Նախշքարյանին շատ հոգեհարազատ 5-րդ ալիք, Լայվ նյուզ և այլ կայքերով ու ԶԼՄ-ներով, այն դեպքում, երբ նրա վճիռն օրինական ուժի մեջ չէր էլ մտել, իսկ հետո էլ Վերաքննիչ դատարանը արձանագրելու էր, որ դատավոր Նախշքարյանը նույն գործով կատարել է բացառապես հայցվոր կողմին վերապահված, բայց ոչ անկողմնակալ դատարանի գործողություններ և ուղիղ ստանձնել իմ դեմ հայց ներկայացնողի դերը։

Ի դեպ, կարծեք թե տիկնոջ պաշտպանները կրկին միջնորդել են, որպեսզի դատական նիստը դռնփակ լինի ու ոչ մեկ չիմանա, թե ի՞նչ է քննարկվում, ո՞ւմ մասին և ինչպե՞ս։ Թե ինչո՞ւ է օրենքն այդպես “գերպաշտպանված դարձրել” դատավորներին, իսկ քաղաքացիներին անպաշտպան թողել հենց նույն դատավորներից, շուտով ահռելի մեծաքանակ գիտա-հետազոտական հոդվածներ ու հրապարակումներ կլինեն, որովհետև կարծեք թե վեթինգը շատերին է անհանգստացրել․․․

Այդուամենայնիվ, վեթինգ լինելու է։ Չկասկածեք։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում՝ Հանրային Խորհրդի նախագահի՝ տվյալ դեպքում Ստյոպա Սաֆարյանի իրավունքները և պաշտպանվածությունը պետք է հավասա՞ր, գերակա՞, թե ստորակա՞ լինեն Զարուհի Նախշքարյանի կամ որևէ նման դատավորի իրավունքներից ու սահմանադրական/օրենսդրական պաշտպանվածությունից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930