Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն այսօր ռուսական տարածք է, որտեղ ապրում է հայկական բնակչություն». Էդգար Ղազարյան

Նոյեմբեր 19,2021 22:35

«Արցախը մենք կորցրել ենք ամբողջությամբ: Արցախում հայկական վերահսկողություն գոյություն չունի, Արցախի մի մասը վերահսկում է Ադրբեջանը, մյուս մասը գտնվում է ռուսական վերահսկողության տակ: Արցախի պատերազմում Ադրբեջանը չի հաղթել: Պատերազմները ավարտվում են մայրաքաղաքում: Ադրբեջանը Ստեփանակերտ չի հասել, բայց Արցախն այսօր ռուսական տարածք է, որտեղ ապրում է հայկական բնակչություն»,- այսօր կազմակերպված հանրային լսումների ժամանակ հայտարարեց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը:

Հիշեցնենք, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը եւ «Ի պաշտպանություն Արցախի հանրապետության» կազմկոմիտեն այսօր հանրային լսումներ էին կազմակերպել՝  «Արցախի եւ Սյունիքի հանձնումը Հայաստանի կործանումն է» թեմայով: Միջոցառման կազմակերպիչները գտնում են, որ Արցախի հիմնահարցի կարգավորման իրավական տարբերակն այլընտրանք չունի եւ Հայոց պետականության պահպանման եւ հզորացման գրավականը ազգային միասնությունն է: Հանրային լսումներն անցան այս երկու օրակարգային հարցերի շուրջ՝ Ազգային միասնության խորհուրդ ձեւավորելու տեսլականով:

Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանի վիճակն այժմ ավելի լավը չէ, քան Հայաստանինը, պարզապես զգացմունքայնությունն ու պաթոսն այդ երկրում այժմ առավել շատ են: Իսկ Ֆիզուլիի օդանավակայանի կառուցումը  եւ այլն, նա համարում է անիմաստ պրոպագանդիստական ծախսեր, որոնք ոչ քաղաքական, ոչ էլ տնտեսական որեւէ նշանակություն չունեն:

Էդգար Ղազարյանը Հայաստանում ստեղծված իրավիճակը համարում է պայթյունավտանգ. նա նկատի ունի Հայաստանով Ադրբեջանին դեպի Նախիջեւան տրամադրվող միջանցքի հնարավորությունը, որը գործող իշխանությունը փորձում է իրագործել: Էդգար Ղազարյանը հիշեցնում է, որ արցախյան կոնֆլիկտի ողջ ընթացքում չի քննարկվել Ադրբեջանը Նախիջեւանին կապելու գաղափար եւ փաստում, որ դա ի հայտ եկավ  թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո եւ հայկական կողմը մինչ այժմ չի հստակեցրել, թե ի՞նչ կապ ուներ Արցախում պատերազմը կանգնեցնելը Ադրբեջանին՝ Նախիջեւանի հետ կապելու հարցի հետ, ինչպե՞ս կարող էր 1964 թվականին կառուցված միջպետական ճանապարհը հանձնվել Ադրբեջանին, որը միմյանց հետ չի կապում ադրբեջանական բնակավայրերը եւ 9 միլիոն ադրբեջանցիները այդ ճանապարհից չեն օգտվելու, որովհետեւ դրանով գնալու տեղ չունեն: Նա նաեւ հստակեցնում է, որ ցանկացած սահման պետք է անցնի անվտանգության գծերով ու հիշեցնում խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ինքն է զորքերը ետ քաշելու հրաման տվել, վաղարշակ հարությունյանն էլ այն կատարել է, մինչդեռ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան հայտարարությամբ էլ ամրագրված է, որ զորքերը մնում են այն դիրքերում, որտեղ այդ պահին կանգնած են:

Էդգար Ղազարյանը գտնում է, որ պետք է կանգնեցնել Հայաստանում պետական մակարդակով իրականացվող հակառուսական հիստերիան: Նա վստահ է, որ նորմալ բանակցողը կարող է իրավիճակը շտկել՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալ հուն վերադարձնելով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930