Լրահոս
Օրվա լրահոսը

Խնածախում «տեսարժան» վայրերից մեկը ադրբեջանական դիրքերն են. Գյուղ մտնողին խնածախցիները հարցնում են՝ ուզո՞ւմ եք «թուրքի» դիրքերը տեսնել

Փետրվար 02,2022 21:45

«Շա՞տ եք վախեցել պատերազմի օրերին»,-երեխաների ուրախ զրույցն ընդհատելով հարցնում եմ Խնածախի երեխաներին: «Չէ՛»,- միասին բացականչում են փոքրիկները, որոնք դասերը վերջացրել՝  տուն էին գնում: «Լա՞վ եք սովորում, ի՞նչ եք ստացել»,-մինչեւ կպատասխանեն, նորից հարցնում եմ՝ ի՞նչ էիք անում պատերազմի օրերին: «Լացում էինք»,-ասում է փոքրիկներից մեկը: «Չէ՛, ես չեմ լացել, խաղում էի»,-ասում է մյուսը:

«Երբ մեծանաք, ի՞նչ եք դառնալու»,-դասական հարց եմ տալիս՝ պատերազմի թեմայից շեղելու փոքրիկներին:

«Մեծանամ երեք բան եմ դառնալու՝ հոպար, ֆուտբոլիստ ու զինվորի բժիշկ»,-ասում է երեխաներից մեկը: Մյուսն էլ է ասում, որ ֆուտբոլիստ է դառնալու: Հարցնում եմ՝ ո՞վ է քո սիրած ֆուտբոլիստը: «Ալենը»,-ասում է նա՝ ցույց տալով համադասարնցուն ու շարունակում՝ Ալենը շատ լավ ֆուտբոլ ա խաղում:

Այն վայրում, որտեղ զրուցում էի երեխաների հետ` մինչեւ ադրբեջանական դիրք հեռավորությունը մոտ 100 մետր էր:
44-օրյա պատերազմի արդյունքում, սահմանների փոփոխությունից հետո Խնածախի դպրոցն էլ հակառակորդի նշանառության տակ է հայտնվել:


Խնածախում այսօր «տեսարժան» վայրերից մեկը «թուրքի» դիրքերն են դարձել: Գյուղ մտնողին խնածախցիները՝ հարցնում են՝ ուզո՞ւմ եք «թուրքի» դիրքերը տեսնել:

«Ապագա չկա»,-ասում է Խնածախի տարեցներից մեկը՝ մտահոգություն հայտնելով, որ անասնագլխաքանակը կրճատվելուց հետո՝ երիտասարդները լքում են հայրենի գյուղը: Ասում են` մի քանի ընտանիք արդեն հեռացել են գյուղից:
«Մնանք, ինչո՞վ զբաղվենք»,-ասում է 22 ամյա Գալուստը:


«Լավ էինք ապրում, ահագին անասուն էինք բազմացրել, միտք չունեինք արտագաղթելու: Բայց անասուններին ստիպված մորթեցինք, վաճառեցինք: Գյուղն էլ չունի արտովայրեր, ո՞նց պահենք, անասնակերի խնդիր կա»,-ասում է Գալուստն ու թեւաթափ հոգոց հանում. «Սիրում ենք մեր գյուղը, բայց ստեղ էլ ապագա չկա»:


Խնածախցիները մտահոգ էին նաեւ իրենց սահմանը հսկող զինվորների համար: Ասում են պետությունը պետք է կացարանի պայմանները բարելավի, որ տղաները չմրսեն, ապահով լինեն, քանի որ ադրբեջանցիների հետ դիրքերի միջեւ հեռավորությունն ընդամենը մի քանի մետր է:

 

«Որ մեր գյուղերին պետությունը մի քիչ լավ նայի, տրամադրություններս բացվի, լավ կլինի: Բերեն, 5-6 միլիոն փող տան էս գյուղը շենացնեն: Բերում են 100 հազար փող տալիս, դա ի՞նչ ա: Երեւանցին 100 հազարով մի հատ կոֆե ա խմում: Հլա գյուղացուն էլ ծաղրում են: Թող քաղաքացիք հանգիստ քնեն, հենա գյուղացիք սահմանը նայում են էլի»,-ասում է Խնածախի բնակիչ Սուրիկ Անդրյանը:

Սուրիկի եղբայրը զոհվել է արցախյան առաջին պատերազմին: Ասում է, բայց անգամ այդ դժվար տարիներին գյուղը չի լքել, հավատացել է, որ սերունդներին շեն հայրենիք են թողնելու: Հիմա, ասում է, «թուրքը» եկել, գլխներին կանգնել է:

«Վախում ենք թե մի քիչ բարձր թխկոց, դմփոց անենք, մի հատ տրաքոց ա լինում էրեխեքը վեր են թռչում, գիտեն թե կրակում են»,-ասում է Սուրիկը:

«Է՜, ամեն մեռնողին երանի ենք տալիս»,-համագյուղացու խոսքը շարունակում է գյուղամիջում հավաքված տարեց խնածախներից մեկը:

Մեկ ուրիշն էլ կատակում, թե օղի խմելն էլ են մոռացել, որ հանկարծ «չշշկռվեն» ու հայտնվեն ադրբեջանցիների դիրքերում:

Խնածախը, կարելի է ասել, շրջափակման մեջ է հայտնվել: Գյուղը պարուրել են 5-6 ադրբեջանական դիրքեր:

Խնածախը շրջկենտրոն Գորիսից մոտ 9 կիլոմետր հեռավորությամբ է: 2016 թվականին գյուղը խոշորացվել է՝ միավորվելով Սյունիքի մարզի Տեղ համայնքին:

Դիրքերին ամենամոտ տներից մեկը Խնածախի վարչական շրջանի ղեկավարի տունն է: Սեյրան Միրզոյանը, որն ընդամենը մի քանի ամիս է ինչ ղեկավարում է գյուղը, ասում է՝ պատշգամբում նստած՝ ադրբեջանցիներն ամեն ինչ դիտարկում են. «Նրանց դիրքերից մեր տուն 200 մետր էլ չկա»:

Ադրբեջանի հետ սահմանն այստեղ մոտ 25 կիլոմետր երկայնքով է: Վարչական շրջանի ղեկավարն էլ, բնակիչներն էլ գտնում են, որ այս պայմաններում ապրելը շատ դժվար է, եւ պետք է լինի անվտանգության գոտի: Նրանց խոսքով, մութն ընկնելիս երեխաներին դուրս չեն թողնում: Իրենք էլ չեն կարողանում ուշ ժամերի ռիսկով շրջել գյուղում: Ասում են, որ կան գյուղացիներ, որոնց այգիներն անմշակ են, որովհետեւ շատ մոտ են ադրբեջանական դիրքերին:

Այսօր Խնածախում 158 ընտանիք է ապրում՝ մոտ  820 բնակչով:

Որպես սահմանամերձ բնակավայր, Խնածախն էլ ընդգրկված է արտոնություններ ունեցող գյուղերի ցանկում: Գազի, լույսի, ջրի վարձը զեղչով են վճարում: Իսկ հողի, գույքի ու ոռոգման ջրի վարձերից էլ ազատված են: Բայց խնդիրն այն է, որ գյուղը ջուր չունի: Գազի բաժանորդ էլ ընդամենը 15 տուն է: Մարդիկ այստեղ հիմնականում փայտ են վառում: Նրանց խոսքով, սակայն անտառ էլ չունեն, որ փայտ բերեն. Փայտը գնում են: Սեյրան Միրզոյանի խոսքով, Կարմիր Խաչը բոլոր ընտանիքներին, փայտ ու անասնակեր գնելու համար 280 հազար դրամ է հատկացրել: Մի քանի ամսից էլ ջրի հարցը կլուծվի: Ասում է՝ մեկ կիլոմետր ջրագիծ պետք է անցկացնեն: Բայց մինչ այդ ջուրը կրում են ձորում գտնվող երեք աղբյուրների միացման կետից կամ էլ պոմպերով ջուրը վերեւ են բարձրացնում, բայց դրա հնարավորությունը ոչ բոլոր բնակիչներն ունեն:

Խնածախում Արցախից վերաբնակեցված 20 ընտանիք կա: Նրանք տեղավորվել են գյուղում եղած ազատ տներում:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28