Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հետ Գեղարքունիքի սահմանը 70 կմ-ից դարձել է շուրջ 200 կմ»․ Սահմանամերձ դարձած համայնքներին կարգավիճակ չի տրվել

Հունվար 16,2024 19:30

Ազգային ժողովի հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը բարձրաձայնեց հարցը, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի շատ բնակավայրեր դարձել են սահմանամերձ ու հայտնվել թշնամու թիրախում։

«Գաղտնիք չէ, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից եւ 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական հերթական ագրեսիայից հետո Հայաստանի բազմաթիվ համայնքներ փաստացի դարձան սահմանամերձ՝ իրենց բոլոր խնդիրներով եւ անվտանգային նոր սպառնալիքներով։ Մասնավորապես, Ադրբեջանի հետ Գեղարքունիքի սահմանը 70 կմ-ից դարձել է շուրջ 200 կմ»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ կառավարության համապատասխան փոփոխություններով մի շարք համայնքներ ավելացվել են սահմանամերձ համայնքների շարքին։ Սակայն մինչ օրս կան փաստացի սահմանամերձ դարձած բազմաթիվ համայնքներ, որոնք այդպես էլ չեն ստանում համապատասխան կարգավիճակ եւ, բնականաբար, նաեւ իրենց հասանելիք պետական աջակցությունը։

«Մասնավորապես, խոսքը վերաբերում է Վարդենիս խոշորացված համայնքի հետեւյալ բնակավայրերին՝ Փամբակ, Դարանակ, Արեգունի, Գեղամասար, Տրետուկ, Ավազան, Արփունք, Կախակն, Կուտական եւ Ախպրաձոր համայնքներին։ Ընդ որում, վերջին չորս բնակավայրերը 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայից հետո գտնվում են ադրբեջանական հրոսակների ուղիղ նշանառության տակ։ Փաստորեն, չնայած նրան, որ նշված բնակավայրերը դարձել են սահմանամերձ, գտնվում են թշնամու ուղիղ նշանառության տակ, առաջացել են անվտանգային լրջագույն սպառնալիքներ, սոցիալական, գյուղատնտեսական բազմաթիվ նոր խնդիրներ, սակայն կառավարությունն այդպես էլ չի շտապում այդ բնակավայրերին տրամադրել օրենքով նախատեսված կարգավիճակը եւ դրանից բխող՝ փոխհատուցվող աջակցությունները»,- ահազանգեց Արման Ղազարյանը։

Ըստ նրա՝ սահմանապահ բնակավայրերի հազարավոր բնակիչներ՝ առանց պետական հասանելի աջակցության, միայնակ են մնացել իրենց հին ու նոր բազմաբնույթ խնդիրների առջեւ։ Սա պետական կառավարման անհետեւողական, անպատասխանատու եւ փնթի վարքագիծ է, որի հետեւանքներն ամեն օր իրենց ուսերին զգում են սահմանապահ բնակավայրերի մեր հազարավոր հայրենակիցները։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031