Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս էին Հայաստանում վերաբերվում ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին մինչ 44-օրյա պատերազմը եւ հետո

Փետրվար 15,2022 18:00

Երեւանի մամուլի ակումբը, Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետ համագործակցությամբ հետազոտություն է իրականացրել՝ «Արտաքին քաղաքականության առաջնահերթությունների, Եվրամիության եւ ԵՄ անդամ երկրների ընկալումների մասին հանրային դիսկուրսի դինամիկան Հայաստանում», թեմայով: Հետազոտության հիմնական նպատակն է՝ բացահայտել Եվրամիության, ԵՄ անդամ երկրների, որպես ամբողջություն՝ «կոլեկտիվ Արեւմուտքի» նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնության եւ նրա ինտեգրացիոն նախաձեռնությունների համապատասխան ընկալումների հետ համեմատության մեջ։

Դիտարկվել են ազդեցիկ 32 անհատների կողմից ԶԼՄ-ներում եւ սոցիալական ցանցերում տարածված բովանդակությունը, դրան հասարակության արձագանքը։ «Հարցվողները» ներկայացնում են հասարակության չորս պայմանական հատվածներ. նրանք, ովքեր արտացոլում կամ պաշտպանում են Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարության դիրքորոշումները, նախկին իշխանությունների (1998-2018 թթ.) կողմնակիցները, որոնք պայմանականորեն նշված են որպես «պահպանողականներ», հասարակական գործիչներ, որոնք պաշտպանում են «եվրոպականացման», «արեւմտականացման» գաղափարները, դիտորդներ, որոնք ձգտում են օբյեկտիվորեն մեկնաբանել/վերլուծել գործընթացները («փորձագետներ»):

Հետազոտության առաջին փուլում ներկայացված են հանրային տրամադրությունները՝ 2020 թվականին, հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան բախումների նախաշեմին՝ մայիսի 1-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում: Հետազոտության երկրորդ փուլը ներառում է 2020 թվականի հուլիսի 12-ից սեպտեմբերի 26-ը՝ բախումների օրը եւ իրադարձությունների հետագա զարգացումը: Հետազոտության երրորդ փուլը ներառում է արցախյան 44-օրյա պատերազմի շրջանը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 31-ը: Չորրորդ փուլում ամփոփված եմ հետպատերազմյան շրջանի մոտեցումները՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից դեկտեմբերի 31-ը:

Հետազոտության ընդհանուր եզրակացությունները ձեւակերպված են հետեւյալ կերպ.

 

–           արտաքին խաղացողների նկատմամբ հասարակության վստահությունը անկման միտում ունի,

–           զարգացման հարացույցում առկա է անվտանգության մտահոգությունների գերազանցություն,

–           միջազգային համատեքստի վերաբերյալ դիրքորոշումներն ու ընկալումները եղել են ծայրահեղ փոփոխական,

–           հայ հասարակության համար հնարավոր արտաքին գործընկերների հետագա նախապատվությունները մեծապես կախված կլինեն Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների հարցում նրանց միջնորդության արդյունավետությունից,

–           հանրային կարծիքի այն առաջնորդների դիտարկումները, որոնք ձգտում են անաչառորեն ներկայացնել իրադարձությունների պատկերը, ավելի քիչ են գրավում հայկական լսարանի ուշադրությունը, քան քաղաքական որոշակի օրակարգ ունեցողների կարծիքները:

 

Ըստ հետազոտության, 20 ամիս՝ 2020թ. մայիսի սկզբից մինչեւ 2021թ. վերջ, ընդգրկող այս հետազոտության չորս փուլերից երեքի շրջանակներում տեղեկատու խմբի օրակարգը գրեթե ամբողջությամբ կենտրոնացած է եղել անվտանգության խնդիրների վրա: Հայաստանի հարաբերությունները Եվրամիության եւ այլ արտաքին խաղացողների հետ, դիտարկվել են հենց այս տեսանկյունից։ Հետազոտության միայն առաջին՝ 2020 թվականին Տավուշի մարզում հուլիսյան ռազմական գործողություններին նախորդող փուլում է, որ հայ-ադրբեջանական հակամարտության թեման եւ դրա հետ կապված հանգամանքները քիչ թե շատ համակցված էին երկրի զարգացման օրակարգի եւ այս գործընթացում Երեւանի գործընկերների դերի հետ, ներառյալ ԵՄ-ն։ «Այդուհանդերձ, նույնիսկ ազգային շահերի տեսլականի նման երկվության պարագայում, առաջին տեղում, անվերապահորեն, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության խնդիրներն էին»,- ասված է հետազոտության մեջ:

2020 թ․ հուլիսի կեսերից սկսած՝ գերակշռող են դառնում նաեւ հայ-ադրբեջանական ուղղակի առճակատման, Հարավային Կովկասում Թուրքիայի դերի ակտիվացման եւ տարածաշրջանի հանդեպ Արեւմուտքի՝ ինչպես ԵՄ-ի, այնպես էլ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազման թեմաները։ Ըստ հետազոտության, համապատասխանաբար, երկրորդ պլանում էր հայտնվել Հայաստանի փոխգործակցությունը Եվրամիության հետ, որի օրակարգում հիմնականում ընդգրկված էին բարեփոխումները երկրի կենսագործունեության տարբեր ոլորտներում, նրա զարգացումը, որպես ժամանակակից ժողովրդավարական պետություն. «Նկարագրված իրավիճակի վրա որոշակի ազդեցություն ունեցավ նաեւ կորոնավիրուսի համավարակը, ինչը, հայաստանյան իշխանությունների հետեւողականության եւ քաղաքական կամքի բացակայության հետ մեկտեղ խոչընդոտ դարձավ ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման եւ վիզային ռեժիմի շուրջ երկխոսության առաջընթացի համար։ Միեւնույն ժամանակ, չի կարելի չնկատել հենց պաշտոնական Երեւանի խիստ սահմանափակ նախաձեռնողականությունը Բրյուսելի հետ համագործակցության եւ համավարակի դեմ պայքարի, «Team Europe» ծրագրին մասնակցության հարցում»։

Ըստ այս հետազոտության արդյունքների, Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանում, Հարավային Կովկասում Արեւմուտքի դերի «ապաակտիվացման» կարեւոր գործոնը, եղել են նաեւ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները, որոնք թե՛ այդ երկրի առաջատար քաղաքական գործիչների, թե՛ միջազգային հանրության ուշադրությունը շեղեցին ամերիկյան հանրապետականների եւ դեմոկրատների սուր առճակատման վրա։ Հետազոտության գրեթե ողջ ընթացքում տեղեկատու խումբը նշել է Ղարաբաղյան հակամարտության վրա միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ազդեցության թուլացումը։

Հետազոտության արդյունքներով արձանագրվել է հայ հասարակության անկայունությունը, տրամադրությունների եւ համակրանքների փոփոխականությունը. «Սա արտահայտվել էր ինչպես տարբեր տեսակի սոցիոլոգիական ուսումնասիրությունների, հարցումների արդյունքներում, երբ մի քանի ամսվա ընթացքում այս կամ այն օտարերկրյա պետության նկատմամբ դրական վերաբերմունքը կարող էր գրեթե 80%-ից՝ ավելի քան կիսով չափ իջնել, այնպես էլ այս հետազոտության համար ձեւավորված տեղեկատու խմբի առանձին ներկայացուցիչների՝ ԶԼՄ-ներով եւ սոցիալական ցանցերով տարածված դիրքորոշումներում։ Այս առումով հատկապես հատկանշական էր 44-օրյա պատերազմի շրջանը։ Առաջին օրերին հայրենասիրական վերելք էր նկատվում, գոհունակություն արտահայտվում առ այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը ինքնուրույն պաշտպանելու վճռականություն էր դրսեւորել։ Ընդ որում, հանրային կարծիքի առաջնորդները, որոնց տեղեկացվածությունը կասկած չպետք է հարուցեր, լայն հանրությանը ոչ մի կերպ չէին հասկացնում, որ հենց այդ ընթացքում հայկական զինված ուժերը հսկայական կորուստներ էին կրում։ Այս մասին քիչ թե շատ ամբողջական տեղեկատվություն լսարանին հասանելի դարձավ միայն մի քանի ամիս անց։ Արդեն ռազմական գործողությունների մեկնարկից մոտ մեկ շաբաթ անց, շատ ավելի մեծ նշանակություն էր տրվում զինադադար հաստատելու, Ադրբեջանին եւ Թուրքիային զսպելու ուղղությամբ արտաքին խաղացողների ջանքերին։ Իսկ հիմնական հույսերը կապված էին ոչ թե միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Եվրամիություն, ԵԱՀԿ, ՀԱՊԿ), այլ առանձին երկրների՝ առաջին հերթին Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հետ։ Իսկ պատերազմի ավարտին ավելի մոտ ժամանակահատվածում գնալով սաստկացող թերահավատություն կար իրավիճակի վրա արտաքին ազդեցության արդյունավետության նկատմամբ։ Կարելի է ասել, որ թե՛ այս ընթացքում, թե՛ հետագայում բոլոր միջազգային կառույցներից ու օտարերկրյա պետություններից միայն Ֆրանսիային է հաջողվել պահպանել եւ նույնիսկ ամրապնդել իր հեղինակությունը հայկական տեղեկատվական միջավայրում»։

2020 թվականի նոյեմբերի 9-ին զինադադարի մասին եռակողմ (Ադրբեջան, Հայաստան, Ռուսաստան) հայտարարության ստորագրումից հետո, չնայած երկրի եւ նրա քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգների շարունակականությանը, ըստ հետազոտության, մեդիա դիսկուրսի կիզակետը տեղափոխվեց ներքին քաղաքականություն ոլորտ․ «Դավաճանության մեղադրանքներ եւ հրաժարականի կոչեր՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջ, իշխող թիմի հիմնական այլընտրանքի դերի համար մրցակցություն… Ճիշտ է, ընդդիմախոսների փաստարկները հիմնականում վերաբերում էին արտաքին քաղաքական խնդիրներին. Հայաստանի սուբյեկտայնության ամրապնդումը արտաքին աշխարհի հետ հարաբերություներում, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրերի հեռանկարները, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի ապագան, միջազգային գործընկերություն առաջնահերթությունները։ Սակայն կարեւորագույն հարցը մնում էր երկրում իշխանության պահպանումը կամ փոփոխությունը՝ որպես խնդիրների լուծման միակ ճանապարհ։ 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները մի փոքր նվազեցրին այս հարցի արդիականությունը։ Կոսմետիկ փոփոխությունների ենթարկված ՀՀ ղեկավարությունը շատ շուտով հայտնվեց խորհրդարանական եւ առավել ակտիվ արտախորհրդարանական ընդդիմության քննադատությունների նոր ալիքի խաչաձեւ կրակի ներքո։ Առաջինները Նիկոլ Փաշինյանին եւ նրա արտաքին քաղաքականությանը մեղադրում էին Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքից հեռանալու մեջ, իսկ երկրորդներն էլ, ընդհակառակը, քննադատում էին Մոսկվային լիակատար ենթակայության եւ դրսից՝ առաջին հերթին ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից (Ֆրանսիայի առանձնահատուկ դերակատարությամբ հանդերձ) եկող եւ երկրի համար նոր հնարավորություններ բացող ազդակներն անտեսելու համար: Ընդ որում, երկու կողմերն էլ, ինչպես եւ ընտրություններից առաջ, համազգային վերածնունդը բացառապես կապում էին Փաշինյանին եւ նրա թիմին իշխանությունից հեռացնելու հետ»։

Ըստ հետազոտության, միայն 2021 թվականի վերջին, երբ տարածաշրջանում հետպատերազմական իրողությունների ուրվագծերը համեմատաբար ավելի պարզորոշ դարձան, արտաքին քաղաքականության բովանդակային բաղադրիչը սկսեց հավասարակշռել ներքին իրավիճակը. «Դրան նպաստեցին ինչպես Ռուսաստանի միջնորդությամբ բանակցությունները, այնպես էլ հայ-ադրբեջանական կարգավորման գործում ԵՄ եռանդուն ներգրավվածությունը՝ ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ակտիվ աջակցությամբ»։

Ի դեպ, այս երկու գործընթացների համադրությունը սույն հետազոտության համար ձեւավորված տեղեկատու խմբի տարբեր հատվածների կողմից խիստ հակասական գնահատականի է արժանացել. «Խորհրդարանական ընդդիմության կողմնակիցները հերթական անգամ դատապարտել էին Փաշինյանին՝ խնդիրների լուծման որոնման ժամանակ Մոսկվային «դավաճանելու» համար՝ «պատժի» վտանգի տակ դնելով Հայաստանն ու Արցախը։ Հետազոտության «հարցվողներից»՝ «արեւմտամետներ» պայմանական կատեգորիան տեղի ունեցողում տեսնում էր Հարավային Կովկասի համար Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ կատաղի մրցակցության նոր դրսեւորում եւ կոչ էր անում խաղադրույք կատարել Բրյուսելի, Փարիզի եւ Վաշինգտոնի նախաձեռնությունների վրա։ Եվ վերջապես, երրորդ դիրքորոշումը, որը նկատվում էր «հարցվողների» խմբի մի մասի գնահատականներում, այն էր, որ Մոսկվայի եւ Բրյուսելի դերերը ոչ թե հակասում, այլ լրացնում են միմյանց։ Եթե Ռուսաստանն իր ռազմական ներկայությամբ ապահովում է ձեռք բերվող պայմանավորվածությունների «ուժային հիմքը», ապա ԵՄ-ն իր դիվանագիտական մեթոդներով եւ հնարավոր ներդրումներով խթաններ է ստեղծում հակամարտող կողմերի համաձայնության համար։ Ինչեւէ, Եվրամիության գործնական ներգրավվածությունը Բաքվի եւ Երեւանի միջեւ հետպատերազմյան գործընթացներում, ըստ հայկական լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի հայկական հատվածի հրապարակումների, Հարավային Կովկասում որոշակի «ինքնամեկուսացումից» դուրս գալու հեռանկարներ էր բացում այս արտաքին խաղացողի համար։ Այս առումով, գոնե առայժմ, ավելի նվազ որոշակիություն կար ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովից ակնկալիքների առնչությամբ, որին հրավիրված էր նաեւ Հայաստանը։ Այնուամենայնիվ, այս հետազոտության մեջ արձանագրվել են նաեւ կանխատեսումներ տարածաշրջանում ԱՄՆ դերի ակտիվացման մասին, թերեւս, ԵՄ-ի հետ միասին»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28