Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ոստիկանի դեմ ոչինչ չունեմ, իմ միակ խնդիրը ներկա իշխանությունն է»․ ՀՅԴ ցույցի մասնակից, որի ձեռքը կոտրվել է

Փետրվար 23,2022 17:36

Տարոն Մանուկյանը մեկն է այն երիտասարդներից, որոնք երեկ Հանրապետության հրապարակից բռնի ուժով Ոստիկանության բաժին են տարվել, խուլիգանության հոդվածով էլ մեղադրյալ դարձել: Հիշեցնենք, որ երեկ ՀՅԴ ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանից ժամանած երկու պատգամավորի հյուրընկալման դեմ:

«Ոստիկանության կողմից մեկնաբանվել է՝ ոստիկանական բաժանմունքում խումբը 5 րոպե շարունակ բղավել է «Նիկոլ, դավաճան», բայց այդ ժամանակահատվածը 5 րոպե չէր, այդքան երկար չի տեւել։ Հաստատ տեսաձայնագրվել է ամեն ինչ, երեւում է։ Այդ մեկնաբանությամբ քրեական գործ հարուցելն արդեն շատ երկար ժամանակ վերածվել է խեղկատակության: Բացի ինձնից՝ ում դեմ քրեական գործ է հարուցվել, ոչ մեկս չի ընդունում մեղադրանքը ու հրաժարվել ենք բացատրություն ներկայացնել»,-Aravot.am-ին ասաց Տարոն Մանուկյանը:

Տարոն Մանուկյան

Ըստ նրա՝ ոստիկանների հետ սրացումների պատճառն իրենց հասկանալի չէ. «Այսինքն՝ ակցիան չէինք էլ հասցրել մեկնարկել, ուղղակի հենց «Մարիոթի» մուտքից շատ բիրտ ձեւով սկսեցին բերման ենթարկել։ Ոստիկանական բաժանմունքում էլ պատճառ չի ներկայացվել: Բերման ենթարկելու գործընթացն այնքան բիրտ էր, որ մանր-մունր վնասվածք ստացած ընկերներ եղել են, բացի այն աղջկանից, ում ձեռքը կոտրվել է, այդ գործընթացում ուղղակի հնարավոր չէր անվնաս տեղափոխվել»:

Անդրադառնալով Ոստիկանական բաժանմունքում սեռական բնույթի հայհոյանքներ տալու վերաբերյալ ոստիկանների պնդումներին՝ մեր զրուցակիցը վստահեցրեց, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը չի հայհոյել. «Այն պարագայում, երբ ակցիային մասնակցում էին նաեւ աղջիկներ ու տվյալ պահին բաժանմունքում կային աղջիկներ, երիտասարդներից որեւէ մեկն իրեն թույլ չէր տա ու թույլ չի տվել սեռական բնույթի հայհոյանք տալ: Պաշտոնյաներին թուրք անվանելը չեմ բացառում, որովհետեւ դա քաղաքական որակում եմ համարում ու այդ որակման հետ համաձայն եմ»:

Նարոտ Ղազարյան

ՀՅԴ Հայաստականի երիտասարդական միության անդամ Նարոտ Ղազարյանն էլ ցույցի հենց այն մասնակիցն է, որի ձեռքը քաշքշել ու կոտրել են: Նա մեր զրույցում պատմեց, որ ցանկացել է օգնել ընկերոջը, որին բերման էին ենթարկում ոստիկանները, սակայն օգնելու պահին իրեն էլ են բերման ենթարկել: Նարոտ Ղազարյանն ասաց, որ չի հիշում, թե ձեռքը ոստիկանական բաժանմունքո՞ւմ, թե՞ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց տեղի ունեցած քաշքշոցի ժամանակ է կոտրվել, բայց հիշում է՝ Ոստիկանական բաժանմունքում, երբ ձեռքի ցավի մասին հայտնել է ոստիկաններին, նրանք անմիջապես օգնություն են ցուցաբերել՝ սառը թրջոց են վրան դրել, իսկ երբ ձեռքը սկսել է ուռել, կանչել են շտապ օգնություն, տեղափոխել հիվանդանոց: «Չեմ ուզում բողոքել, ես ոստիկանի դեմ ոչինչ չունեմ, իմ միակ խնդիրը ներկա իշխանությունն է։ Իմ խնդիրը հիմա ոստիկանը չէ, չեմ ուզում ոչ մեկի դեմ բողոք գրել կամ ասել՝ ճանաչում եմ էդ ոստիկանին, որ ձեռքս վնասել է, թե չեմ ճանաչում»: Նարոտ Ղազարյանն ասաց՝ տեղյակ չէ, իր նկատմամբ քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ:

Երիտասարդների շահերի ներկայացուցիչ փաստաբան Սերգեյ Հարությունյանն էլ մեր զրույցում ասաց, որ իր տվյալներով՝ երեկ բերման է ենթարկվել 25 հոգի, բոլորին էլ մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հոդվածով, այլ մանրամասների այս պահին չի տիրապետում. «Որքանով ես հասկանում եմ՝ բոլորի նկատմամբ քրեական գործ կա, իրենց վարչականով բերել են, հետո այնտեղ ոստիկանների մեկնաբանությամբ իբր թե խուլիգանական արարք է կատարվել, 5 րոպեից ավելի հայհոյանք է եղել ժողովրդի կողմից, ինչը ես անհավանական եմ համարում՝ հաշվի առնելով, որ այնտեղ աղջիկներ էին 18-20 տարեկան ու նաեւ բոլորը կրթված երիտասարդներ են, շատերին անձամբ ճանաչում եմ ու չեմ կարծում, որ նման բան իրենց թույլ կտային: Հետեւաբար, կարծում եմ՝ սա հերթական ճնշում գործադրելու միջոցն է ՝ քրեական գործեր հարուցելով»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հ․ Գ․ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել երեկ բողոքի ցույցի մասնակիցներին բերման ենթարկելու վերաբերյալ․ «Ոստիկանության կողմից դաշնակցական ակտիվիստի ձեռքը կոտրելը և «Երկիր մեդիայի» լրագրողին բերման ենթարկելը, մեղմ ասած, անընդունելի է և անցնում է քրեական օրենսգրքով արգելված գիծը: Ցույցի դեմ գործողությունների սահմաններում ոստիկանության կատարած այս երկու արարքները պետք է ունենան քրեադատավարական հետևանքներ:

Չի կարող ոստիկանության ճանապարհին (կամ բաժնում) ակտիվիստի ձեռքը ինքն իրեն կոտրվել: Եվ չի կարող լրագրողը պատահաբար բերման ենթարկվել: Այդուհանդերձ, ցավոք սրտի, Հայաստանի դատաիրավական համակարգը պատշաճ միջոցներ չի ձեռնարկել նախկինում նման արարքներ գործած ուժայիններին պատասխանատվության կանչելու համար, ինչը բացում է իրավունքների դեմ նորանոր ոտնձգությունների դուռը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28