Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվանից պատրաստվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության պայքարին». հայտարարություն

Մարտ 03,2022 12:50 Share

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը և կոչը՝ ինքնապաշտպանության համակարգի, անկախության համար պայքարի և ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության մասին

ԽՍՀՄ փլուզումից ի վեր աննախադեպ և շարունակվող անկայունացումը միջազգային հարաբերություններում, որն օրըստօրե, միայն ուժգնանալու միտում ունի՝ ավելի քան երբևէ առաջնային է դարձնում՝

– հայ ժողովրդի ինքնիշխանության

– և հայ ժողովրդի անվտանգության գերխնդիրները

«Մարտական եղբայրություն» միաբանությունը կոչ է անում Հայաստանի բոլոր շահագրգիռ ուժերին, կազմակերպություններին, անհատներին, թոթափելով հանցավոր անհոգությունը՝ ջանքերը կենտրոնացնել այդ գերխնդիրներից բխող հարցերի վրա:

Ի մասնավորի.

  1. Հայ ժողովրդի ինքնապաշտպանության համակարգի արմատական փոփոխությունների ծրագրի մշակում և քննարկում:

Դա պետք է վերաբերի Զինված ուժերի բարեփոխմանը, ներառյալ՝

ԶՈՒ կառուցման փիլիսոփայության, բանակաշինության մոդելի և ռազմական դոկտրինի հարցերը,

այլև՝ «Զինված ժողովուրդ» գաղափարին, ներառյալ՝

աշխարհազորի, պահեստազորի նոր մոդելների, ինչպես նաև մարտական զենք կրելու իրավունքի հետ կապված օրենսդրության ու ավանդույթների փոփոխության հարցերը:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ինքնապաշտպանության համակարգը համարժեք լինելու համար նոր իրավիճակին, պետք է աստիճանական անցում կատարի գործող՝ փաստացի սովետական մոդելից դեպի արդիական պայմաններին ու մարտահրավերներին, ինչպես նաև հայ ժողովրդի պահանջմուներին ու բնույթին համապատասխան համակարգ:

Այս թեմայի շուրջ հետագայում հանդես կգանք առանձին հայտարարություններով և նախաձեռնություններով:

  1. Այսօրվանից պատրաստվել Հայաստանի անկախության և ինքնիշխանության պաշտպանության պայքարին՝ քննարկելով և կազմակերպելով անհրաժեշտ քայլերը, հարթակները, ծրագրերը և գաղափարները, այլ ոչ թե սպասել այն պահին, երբ սեղանին կդրվեն Հայաստանի անկախությունը սահմանափակող կանխատեսելի առաջարկները:
  1. Օրակարգային դարձնել Հայաստանի ՀԱՊԿ-ում անդամակցության նպատակահարմարության խնդիրը՝ քննարկելով այս հարցը բոլոր հնարավոր տեսակետներից, դեմ և կողմ փաստարկներով ու հակափաստարկներով:

Վերջին խնդիրը հատկապես կարևոր է դառնում հաշվի առնելով.

– ՀԱՊԿ խնդրահարույց կամ զրո արդյունավետությունը Հայաստանի և հայ ժողովրդի պաշտպանության տեսակետից թե՛ 2020 թ.-ի պատերազմի, թե՛ դրան հետևած շրջանում՝ սահմանային միջադեպերի ու սադրանքների ընթացքում: Ընդ որում այս ամենը չնայած նրան, որ.

ա. Պատերազմի և հետպատերազմյան սահմանային բախումների ժամանակ անմիջապես ներառվել է ոչ միայն Արցախի, այլև ՀՀ տարածքը

բ. Պատերազմի ժամանակ ճակատում Թուրքիայի կողմից վերահսկվող սիրիական վարձկանների առկայությունը հաստատվել է Ռուսաստանի ԱՀԾ-ի (СВР) ղեկավարի պաշտոնական հայտարարությամբ

գ. Պատերազմի ընթացքում թուրքական ռազմական օգնությունն Ադրբեջանին՝ ընդհուպ մինչև թուրքական ռազմական ինքնաթիռների գործարկում՝ հաստատվել է բազմաթիվ վկայություններով, և հաստատապես իմացվել է ՀԱՊԿ բարձր մակարդակում

– Ի հակադրություն ՀԱՊԿ պասիվությանը 2020 թվի հայ-ադրբեջանական պատերազմին և հետևած դեպքերին, նույն այդ կազմակերպության կայծակնային արագությունը ղազախստանյան ներքին բախումներին արձագանքելու հարցում, և Հայաստանի ստիպողական մասնակցությունը Ղազախստանում ներքին բախումների վերացման գործում:

Փաստորեն ՀԱՊԿ-ը գոյություն չունի, երբ պետք է պաշտպանվի Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունը, բայց գոյություն ունի, երբ պետք է հայ զինուժի մասնակցությամբ ճնշվեն ներքին խռովությունները ՀԱՊԿ անդամ երկրներում՝ այդ խռովություններում չհիմնավորված կամ վատ հիմնավորված արտաքին ներգրավման փաստարկով:

– Վերջապես ուկրաինական պատերազմը և դրա համատեքստում Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների աննախադեպ սրումը անկանխատեսելի հետևանքներով ու հեռանկարով, պարտադիր քննարկման թեմա է դարձնում ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության հարցը՝ որքանո՞վ է դա համարժեք և արդյունավետ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գերխնդրին նոր և փոփոխվող պայմաններում:

Շեշտում ենք, որ մենք ոչ թե դնում ենք ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամության դադարեցման խնդիրը, այլ կոչ ենք անում այդ հարցի բազմակողմանի և բացառապես հայաստանակենտրոն քննարկման՝ բոլոր դեմ և կողմ տեսակետների հաշվի առնելով: Հնարավորինս բացառելով որևէ արտաքին կողմնորոշում կամ իդեոլոգիական երանգավորում, բուն քննարկման անհրաժեշտությունը, սակայն, համարում ենք կասկածից վեր:

Շեշտում ենք նաև, որ այդ քննարկումը մենք պատկերացնում ենք միայն վերը նշված ինքնապաշտպանության համակարգի արմատական բարեփոխման ծրագրի, և այլ համակարգային հարցերի հետ անպայման շաղկապված:

«Մարտական եղբայրություն» միաբանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031