Լրահոս
Օրվա լրահոսը

«Queen-ի կիթառահար Բրայան Մեյի հետ միասին ենք սինթեզել «Սթարմուսի» գաղափարը». Գարիկ Իսրայելյան

Մայիս 06,2022 13:52

«Սթարմուսը» գիտության, կրթության, արվեստի շատ մեծ հեղինակություն ունեցող միջազգային փառատոն է, որն առաջին անգամ գալիս է Հայաստան: Այն 5 անգամ եղել է եվրոպական տարբեր երկրներում: 6-րդը կլինի Հայաստանում»,- մեր երկրում «Սթարմուս» փառատոնի անցկացմանը նվիրված ասուլիսում նշեց փառատոնի համահիմնադիր, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը:

Նա հավելեց, որ փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների:

«ԿԳՄՍ նախարարության համար մեծ պատիվ է 2022թ սեպտեմբերի 5-11-ը հյուրընկալել «Սթարմուս VI» միջազգային փառատոնը, որը նվիրված է Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Փառատոնը Հայաստանում կազմակերպելու նախաձեռնությունը սկիզբ է առել 2019թ, երբ ՀՀ նախագահը Ցյուրիխում մասնակցել է «Սթարմուս» V փառատոնին, այնուհետեւ 2020թ հունվարին «Սթարմուս» փառատոնի հիմնադիր, հեղինակ եւ կազմակերպիչ մեր հայրենակից աստղաֆիզիկոս, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն այցելել է Հայաստան ու հանդիպել կառավարության ներկայացուցիչների եւ ՀՀ վարչապետի հետ»,- ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Նախարարը հիշեցրեց, որ Հայաստանում փառատոնը պետք է անցկացվեր 2021 թվականին, սակայն հետաձգվել էր համավարակի պատճառով։

Վահրամ Դումանյանի խոսքով, ակնկալվում է գիտաժողովների ու համագումարների շարք, ինչպես նաեւ այլ տպավորիչ միջոցառումներ, որոնք կմիավորեն արվեստը, գիտությունը, երաժշտությունը ու յուրովի կներկայացնեն հանրությանը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ասաց, որ նախարարությունը կարեւորում է Հայաստանում հատկապես տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը: «Վստահ ենք, որ «Սթարմուս» փառատոնն այն միջոցառումներից է, որը հնարավորություն կտա մեր ծրագրերը սկսելու համար»,-ասաց նախարարը:

Գարիկ Իսրայելյանը հիշեցրեց «Սթարմուսի» ստեղծման նախապատմությունը, ասաց որ փառատոնի գաղափարը պատկանում է իրեն եւ Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին, որը եւ երաժիշտ է եւ աստղաֆիզիկոս: «Շատերը չգիտեն, որ նա աստղաֆիզիկայով է սկսել իր գիտական կարիերան, արդեն պաշտպանում էր, բայց հետո որոշեց երաժիշտ դառնալ: Մենք միասին սինթեզեցինք փառատոնի գաղափարը, որ տեւեց շուրջ 10 տարի: Հետո ստեղծեցինք փառատոնը: «Սթարմուսի» ամենակարեւոր նպատակը ոգեշնչելն է` ոգեշնչել մարդկանց, առաջին հերթին երիտասարդներին, որ գիտությունը շատ կարեւոր է: Առանց գիտության, տեխնոլոգիաների եւ առանց արվեստի, մարդկությունը որպես մարդկություն՝ գոյություն չունի, իմաստ չունի նրա գոյությունը»,-ասաց աշխարհահռչակ գիտնականը:

«Հիմա մենք ուզում ենք գիտության եւ հասարակության միջեւ եղած 3000-ամյա անջրպետը վերացնել: Բոլորը գիտեն, որ Եգիպտոսի քրմերը գաղտնի էին պահում, թե ինչպես են հաշվում Արեւի ու Լուսնի խավարումները: Այսինքն, գիտությունը գաղտնիք է եղել նույնիսկ հասարակությունից: Անջրպետը արհեստականորեն պահվել է, իսկ հետո գիտությունն այնքան բարդացավ… քվանտային ֆիզիկան սկսեց զարգանալ, բիոտեխնոլոգիաները, ու արդեն բարդությունը սկսեց անջրպետ ստեղծել գիտության եւ հասարակության միջեւ: Եվ եթե հատուկ աշխատանք չկատարվի, որ այդ անջրպետը քչանա, հասարակությունը չհասկանա՝ գիտությունն ինչ համար է պետք, չի գնահատվի, հարկեր չի վճարի, գիտությունը կմահանա»,-նշեց Գարիկ Իսրայելյանը:

Նրա բնորոշմամբ, Հայաստանում արտակարգ երիտասարդություն կա, որ ցանկություն ունի կրթվելու. «Իհարկե շատերն ուզում են ծրագրավորող դառնալ, բայց ծրագրավորումից բացի՝ շատ ավելի հետաքրքիր բաներ կան: Ես էլ եմ ծրագրավորմամբ զբաղվել ժամանակին, իմ ծրագրերը ինքս եմ գրել, բայց գրել եմ գիտության, ոչ թե վեբ-կայքեր ստեղծելու համար: Այնպես որ, շատ լավ կլինի, եթե մեր երիտասարդները գիտությամբ հետաքրքրվեին, ինժեներներ դառնային, նոր տեխնոլոգիաներով տարվեին: Մեր նպատակն է ոգեշնչել, մեծ իմպուլս տալ երիտասարդներին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031