Լրահոս
Օրվա լրահոսը

340 քառակուսի կիլոմետր տարածք ինքնակամ հանձնել են Ադրբեջանին. Հրանտ Բագրատյան

Հունիս 06,2022 21:44 Share

«Այսօր Հայաստանի տարածքն է 28 հազար 900 քառակուսի կիլոմետր, մոտ հազար քառակուսի կիլոմետր պակաս այն թվից, ինչ պիտի լիներ»,-Հայաստանի նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանն այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ մանրամասն անդրադարձավ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, անկլավների թեմային, ինչի մասին 44-օրյա պատերազմից հետո բավական ինտենսիվ եւ պատրաստակամորեն խոսում են: Գնահատելով 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի եւ Արցախի կորուստները, Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության, ընդունել է երկիր՝ 43 հազար 700 քառակուսի կիլոմետր, որից ներկայումս հայերի տրամադրության տակ է 31 հազար 400 քառակուսի կիլոմետր 2 հազար 900 քառակուսի կիլոմետրն Արցախից: Ըստ Հրանտ Բագրատյանի, բացի Ադրբեջանի նվաճած 42 հազար կիլոմետրից, մենք հոժարակամ տվել ենք եվս 340 քառակուսի կիլոմետր տարածք:

Նա ներկայացրեց ՀՀ տարածքները՝ 1920-2022 թվականների դրությամբ. «1918-20 թվականներին հայերը տնօրինում էին 53 հազար քառակուսի կիլոմետր: Սեւրի հաշտության պայմանագրով, Հայաստանը պետք է լիներ 169 հազար քառակուսի կիլոմետր: Բայց մինչեւ 1920 թվականի օգոստոսի 10-ը հայերը կենաց եւ մահու կռիվ էին տալիս այն տարածքներում հաստատվելու համար, որտեղ որ պետք է հաստատվեին»: Պատմական էքսկուրս կատարելով՝ Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ իրավարար վճիռը կյանքի կոչելը հանձնարարված է Վուդրո Վիլսոնին, ով «մատը-մատին» չխփեց. «Էս մեկընդմիշտ իմացեք, որովհետեւ շատ հաճախ ասում են՝ Արեւմուտքը վաղը կգա, ավելի լավ կանի, քան Ռուսաստանը…ես, օրինակ, պրոհայկական կողմնակից եմ, բայց Արեւմուտքը հաստատ ավելի լավ չի անի, քան Ռուսաստանը: Ռուսաստանն ինչքանո՞վ լավ կանի, ես չգիտեմ. այնքանով, որքանով հայերն ամուր կկանգնեն իրենց հողի վրա: Էնպես չի, որ ռուսները կգան՝ կասեն՝ ձեր ցավը տանեմ, ձեր հարցերը լուծում ենք: Վաղը-մյուս օրը մենք իշխանությունը կվերցնենք եւ անընդհատ ձեզ ասելու ենք, որ դժվար է: Որպեսզի ձեզ օգնեն, դուք պետք է արժանի լինեք օգնության. սա աշխարհի կարգն է»:

Հրանտ Բագրատյանի ցուցադրած՝ 1918 թվականի քարտեզներով, Զանգեզուրը՝ Լեռնահայաստանի հանրապետությունը եւ Արցախը Հայաստանի հանրապետության կազմում չէին. Զանգեզուրում Նժդեհն էր իր զորքով, Արցախում՝ Անդրանիկը, երկուսն էլ պայքարում էին Ադրբեջանի դեմ, որը իր էթնիկ զտումների քաղաքականությամբ ցանկանում էր մաքրել տարածքը հայերից եւ յուրացնել այն, բայց դրանց փոխարեն, Հայաստանի հանրապետությանն էին պատկանում Սուրմալուն, Ղարսը եւ այլն՝ 32 հազար քառակուսի կիլոմետր տարածք: Նա այնուհետեւ ներկայացրեց 1920-21 թվականի կռիվները, որոնց արդյունքում Հայաստանը պարտվեց եւ Ղարաբաղը՝ ինքնավար մարզի կարգավիճակով հանձնվեց Ադրբեջանին, իսկ Ալեքսանդր Մյասնիկյանն իր կյանքի գնով պահպանեց Հայաստանի հանրապետությունը, քանի որ իրավիճակն այնպիսինն էր, որ նախատեսված չէր Հայաստանի հանրապետության գոյություն՝ ֆեդերացիայի կազմում: Հրանտ Բագրատյանը խոսեց նաեւ 1926 թվականի իրավիճակի մասին. «Այստեղ կարեւորն այն է, որ կա Հայաստանը՝ շուրջ 30 հազար 500  քառակուսի կիլոմետր եւ ԼՂԻՄ-ի ինքնավար մարզը՝ շուրջ 6000 քառակուսի կիլոմետր՝ Ադրբեջանի տարածքում, Հարավում՝ ԼՂԻՄ-ը եւ Հայաստանը՝ Լաչինի միջանցքով իրար կպած էին՝ Լաչինից-Հադրութ ընկած հատվածում, այստեղ չկար ոչ մի անկլավ: Արծվաշենը ամբողջությամբ կպած էր Տավուշի մարզին. չկա Քյարքի, չկա Բարխուդարլու, չկա Ներքին Ասկեպարա»: 1926-ին, ամռանը Ալեքսանդր Մյասնիկյանի դեմ մահափորձ է կազմակերպվում, նա զոհվում է ավիովթարից: Իսկ արդեն 1928 թվականին, Անդրֆեդերացիան, Սեւանի հյուսիս-արեւելքից Արծվաշենն առանձնացվում է, բայց Հայաստանի հետ միջանցք է պահպանում: Այդ ժամանակ, մոտ 370 քառակուսի կիլոմետր տրվում է Ադրբեջանին: Ադրբեջանն էլ Ջերմուկի եւ Կապանի մոտ փորձում է «խրվել» Հայաստանի տարածք ու այդ կետերն Ադրբեջանի համար շատ ռազմավարական են: 1938-ին արդեն, Կապանի մոտ եւ Ջերմուկից վերեւ, Ադրբեջանին հաջողվում է «խրվել» ՀՀ տարածք՝ Կապան-Մինջեւան երկաթգծի կառուցման արդյունքում:

Հրանտ Բագրատյանը մանրամասն խոսեց Նախիջեւանի՝ Ադրբեջանին հանձնելու, ապա Տիգրանաշենի՝ ադրբեջանական անվանումը՝ Քյարքի, կտրելու, Արցախում՝ Շահումյանի, Աղդամի կտրելու մասին՝ նկատելով, որ այնպիսի իրավիճակ են ստեղծում, որ Հայաստանում եւ Արցախում Հյուսիսից-Հարավ հնարավոր չլինի գնալ:

Ապա, Հրանտ Բագրատյանը մանրամասնեց արդեն 1961 թվականին Գորիս-Կապան-Ճակատեն ճանապարհի շինարարության պատմությունը՝ նկատելով, որ դա այն ճանապարհն է, որ Նիկոլ Փաշինյանը 2020 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնեց «Վաղարշակ Հարությունյանի ստոր ստորագրությամբ»: Նա տարակուսեց՝ ինչպե՞ս կարող էր այն ժամանակ հայկական ԽՍՀ նախարարների խորհուրդը ադրբեջանական հողը հողահատկացում անել ու հարց հնչեցրեց՝ «բա մենք ի՞նչ անենք Վաղարշակ Հարությունյանի հետ, որը վախից, 42 կմ տալիս է ադրբեջանցիներին»: Ավելին, նա նկատեց, որ ըստ 1961 թվականի քարտեզների, ոչ միայն այդ ճանապարհն էր Հայաստանին պատկանում, այլ Գորիսից ձախ՝ մի հսկայական հատված: Ապա, ցուցադրեց քարտեզներ, որոնց վրա առանձնացված էին այն հատվածները, որոնք մինչեւ 1985 թվականն Ադրբեջանը «կսմթել» է Հայաստանից ու դրանց մասին ապացույցներ չկա, բացի Ադրբեջանում հրապարակված քարտեզներից: Նա նաեւ նկատեց, որ անգամ այդ «կսմթած» տարածքների մեջ չկան այն հատվածները, որոնք 2020 թվականից հետո հանձնել է Նիկոլ Փաշինյանը՝ Սոթք-Խոզնավար հատվածը, Սեւ լճի շրջանում զիջումները, Գորիս-Կապան-Ճակատեն հատվածը: Նա նաեւ Արցախի կորուստները մանրամասն ներկայացրեց:

«Մենք բավական խորացել ենք եւ գտել ենք Ադրբեջանի քարտեզները՝ մինչեւ 1975 թվականը, ադրբեջանական պատմության դասագրքերը 1972 թվականի, ըստ որոնց Քուռից էլ աջ հայկական էր: Բայց ժամանակներն անցնում են, նրանք փոխում են անվանումները՝ դարձնում ադրբեջանական»,- ասաց Հրատ Բագրատյանը՝ կատարվածը սովորական թուրքական էքսպանսիա անվանելով:

Այս մանրամասները Հրանտ Բագրատյանը ներկայացրեց՝ հերքելու համար իշխանության թեզը, թե անկլավների փոխանակություն է տեղի ունենալու, քանի որ կա չորս անկլավ, չորսն էլ հայկական են: Սա նա հեշտ խնդիր չի համարում, բայց չի կարողանում հասկանալ այն, որ ՀՀ իշխանությունն է խաբում իր ժողովրդին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930