Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները. Մենուա Սողոմոնյան

Հունիս 06,2022 20:35 Share

Նիկոլ Փաշինյանի քայլերը՝ իր իշխանության գալուց ի վեր, եւ 44 –օրյա պատերազմի վերլուծությունները ցույց են տալիս, որ իրադարձությունները միտված են ՌԴ-ին Հարավային Կովկասից դուրս մղելուն: Այս մասին այսօր, Ֆրանսիայի հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «5165 շարժման» անդամ Մենուա Սողոմոնյանը՝ մանրամասն ներկայացնելով՝ թե ինչպե՞ս է դա կյանքի կոչվելու:

Ըստ այդմ, թեեւ ՀՀ իշխանությունները հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, սակայն, փաստացի, երեք նախապայմաններից երկուսն արդեն բավարարված են՝ ստորագրությամբ իշխանությունը հանձնել է Արցախի ազատագրված հողերը, հանձն են առել Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս եւ հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հանել են ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգից: Ինչ վերաբերվում է երրորդ նախապայմանին, բանախոսը հիմնավոր կասկածներ ունի, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում, ՀՀ Սահմանադրության նախաբանը փոխելը կամ հանելն է, քանի որ այն հղում է անում 1990 թվականի անկախության Հռչակագրի 11-րդ կետին, որտեղ նշված է՝ Արեւմտյան Հայաստան, որը ոսկոր է Թուրքիայի բկին:

Գործող իշխանությունը նաեւ հայտարարում է, որ գնում են Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորման. Մենուա Սողոմոնյանը հարցնում է՝ ինչպե՞ս է դա հնարավոր, երբ երկկողմ հարաբերություններում բազմաթիվ չկարգավորված շերտեր կան եւ օրինակ է բերում, որ Հայաստանին սահմանակից Կարսի, Արդահանի եւ Իգդիրի նահանգներում, վերջին տասնամյակներին, հայերի ու Հայաստանի հանդեպ բնակչության մեջ խիստ բորբոքված է ատելությունը, կամ, երբ առկա են պատմամշակութային ժառանգության բազմաթիվ հարցեր, երբ առկա են ինքնությանը վերաբերող բազմաթիվ հարցեր: Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն, ըստ Մենուա Սողոմոնյանի, Հայաստանը նաեւ գնում է ոչ կոմպետենտ մարդկանցով:

Բանախոսը չի ընդունում եւ պրիմիտիվ է համարում այս խնդիրների մասին բարձրաձայնողներին տրվող հարցերը՝ դեմ ե՞ք Թուրքիայի հետ հարաբերություններին, հրահրե՞նք Թուրքիայի, լարե՞նք Թուրքիայի հետ հարաբերությունները: Ասում է՝ ոչ դեմ են Թուրքիայի հետ հարաբերություններին, ոչ առաջարկում են լարել հարաբերությունները կամ հրահրել Թուրքիային: Իր պատկերացմամբ, ՀՀ իշխանությունները պետք է դիվանագիտական ճանապարհով եւ ամեն գնով հասնեն նրան, որ Թուրքիան ետ կանգնի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Բաքվի հետ համաձայնեցնելուց, հրաժարվի բոլոր հարցերը մեկ փաթեթով լուծելուց՝ տարանջատելով հարաբերությունների կարգավորման եւ հաշտեցման գործընթացները, այս փուլում միայն կարգավորման խնդիրներ պետք է դրվեն, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է անել ինստիտուցիոնալացված ձեւով եւ կոմպետենտ մասնագետների միջոցով՝ Հայաստանում եւ Սփյուռքում առկա պատկերացումները ներառելով բանակցային գործընթացի մեջ: Այս քայլերը, ըստ բանախոսի, գործող իշխանությունը չի կարող անել:

Նա նաեւ հորդորեց՝ Ֆրանսիայի հրապարակում ընթացող պայքարն աթոռակռիվ չհամարել, քանի որ կա հստակ օրակարգ եւ չնպաստել նիկոլիզմի վերարտադրությանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930