Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանտարկյալների ուսուցումը հնարավորին չափ պետք է կապակցել երկրում գործող կրթական համակարգին»

Հոկտեմբեր 10,2022 12:00

Հայաստանը միջազգային պարտավորությունների տակ տարիներ ի վեր իր հաստատման կնիքն է դնում, միանում տարատեսակ խարտիաների, իրավապաշտպան, մարդասիրական իրավական փաստաթղթերի, համաձայնագրերի, պայմանագրերի: «Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները», որոնք հաստատվել են, հավանության արժանացել ՄԱԿ-ի տնտեսական ու սոցիալական խորհրդի 1957 թվականի հուլիսի 31-ի 663 C (XXIY) եւ 1977 թվականի մայիսի 13-ի 2076 (LXII) բանաձեւերով, սահմանված է. «Յուրաքանչյուր հիմնարկ պետք է գրադարան ունենա, որը հասանելի լինի բոլոր կատեգորիաների բանտարկյալների համար եւ պարունակի ինչպես զվարճալի, այնպես էլ կրթական բովանդակությամբ գրքեր: Պետք է խրախուսել բոլոր բանտարկյալների գրադարանից օգտվելը»:

«Կրթություն ու հանգիստ» բաժնի 1-ին կետով սահմանված է. «Այն բանտարկյալներին, ովքեր ընդունակ են դրանից օգուտ քաղել, պետք է կրթության հնարավորություն ընձեռել, ներառյալ կրոնական դաստիարակությունն այն երկրներում, որտեղ դա թույլատրվում է:

Անգրագետների եւ երիտասարդների ուսուցումը պետք է պարտադիր համարել, եւ բանտային վարչության մարմինները պետք է հատուկ ուշադրություն դարձնեն դրան: 2) Բանտարկյալների ուսուցումը հնարավորին չափ պետք է կապակցել երկրում գործող կրթական համակարգին, որպեսզի ազատվող բանտարկյալները կարողանան հետագայում էլ սովորել առանց դժվարությունների: Բոլոր հաստատություններում բանտարկյալների համար հարկավոր է հանգստի եւ մշակութային գործունեության հնարավորություն ապահովել` ի շահ նրանց ֆիզիկական եւ հոգեկան առողջության: Հայաստանի Հանրապետության «Քրեակատարողական օրենսգրքի» համաձայն. «Ոչ մի բանտարկյալ չի կարող պատիժ կրել, եթե նախապես չի տեղեկացվել այն զանցանքի մասին, որում մեղադրում են»:

Ուսուցչի օրը տեղեկացանք, որ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանը հեռացվել է: Վերջինս անտեղյակ էր, իսկ հավանաբար, «զանցանքն» այն է եղել, որ հանդգնել էր գրքեր ստանալ, քննություններին նախապատրաստվելու համար…

Ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը օրերս սոցիալական ցանցում տեղեկացրեց, որ իր ուսանողը՝ Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն «չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել»: Ավելին, ըստ նրա, կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել է անհրաժեշտ գրականություն, տեսնելով, որ նրա խափանման միջոցը չի փոխվում, մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել է ռեկտորատ, հայտնել, որ արեւելագիտության ֆակուլտետի դասախոսները եւ ինքը պատրաստ են Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Առաջարկը մերժվել է: Դեկանը հրաժարվել է ստորագրել Տարոն Մանուկյանի՝ ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ` հայտնելով իր անհամաձայնությունը:

Արդարադատության նախարարության ՔԿՀ մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը «Առավոտի» հարցին, թե ներկայումս անազատության մեջ գտնվողներից քանիսն են սովորում բուհերոմ, երեկ պատասխանեց, որ 6-ն են: Ի դեպ, ինքս էլ տարիներ շարունակ մասնակցել եմ բուհերի դասախոսների հետ հանդիպմանը, երբ նրանք այցելում էին անազատության մեջ գտնվող ուսանողներին եւ քննությունները, ստուգարքները վերցնում էին հենց քրեակատարողական հիմնարկում: Անգամ ավարտական տարատեսակ վկայականների հանձնմանն եմ մասնակից եղել: Տեսել եմ, թե ինչպես են ուրախանում անգամ քրեակատարողական հիմնարկում, խրախուսելով կալանավորին, իրենց կողմից լրացուցիչ տեսակցություն տալիս, նվեր: Այսինքն, Տարոնի դեպքում մենք գործ ունենք բուհական համակարգի կամայականության, անօրեն հրամանի հետ:

«Տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի համաձայն, «Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ պետությունները պարտավոր են խրախուսել մարդու իրավունքների եւ ազատությունների հանդեպ համընդհանուր հարգանքն ու դրանց պահպանումը»: Արդյո՞ք մանկավարժական, կրթական բուհի ռեկտորը պահպանել է անհավասար վիճակում գտնվող իր ուսանողի նկատմամբ տարրական հարգանքը, հումանիտար մոտեցումը: Միանշանակ, ոչ: Արդյոք նա տեղյա՞կ էր, գիտե՞ր, պահպանե՞լ է, գիտակցե՞լ է անհատը, որի նկատմամբ պարտավորություններ ունի, համայնքը, որին ինքը պատկանում է, «հետամուտ է սույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը»: Հակամանկավարժական, հակակրթական է չխրախուսել մեկին, ով անազատության մեջ չի կոտրվել, եւ շարունակել է իր ուսումը, հարգանք տածելով դասավանդողների, դասախոսների նկատմամբ, ովքեր խրախուսել են, օգնել, որպեսզի անհավասար պայմաններում անգամ ստանա կրթություն: Կարծում եմ՝ բուհի ռեկտորի հրամանը իրավական գնահատականի պետք է արժանանա, որպեսզի նման բան տեղի չունենա հետագայում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31