Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ 2030թ 3-5 տարեկանների թիվը կնվազի 15,3 %-ով, դպրոցահասակներինը՝ 6-ով․ կրթության փորձագետ

Հոկտեմբեր 10,2022 16:29

Կրթության համաշխարհային գործընկերության հիմնադրամի տրամադրած կրթության ոլորտի զարգացման ծրագրի դրամաշնորհի շրջանակում՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) կազմակերպել էր «Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծություն» և «Հանրակրթական դպրոցների ղեկավարման և կառավարման մոտեցումների իրագործելիության վերլուծություն» թեմայով հետազոտություններ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Արման Գասպարյանը «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նշեց, որ հետազոտությունների վրա 6 հետազոտական խմբեր աշխատել են մեկ տարի, փորձել են վեր հանել հանրակրթության եւ նախադպրոցական կրթության ոլորտների հիմնական խնդիրները։ Հայտնեց, որ փորձելու են կառավարության եւ մասնավորապես ԿԳՄՍ նախարարության համար առաջարկներ ներկայացնել, որպեսզի պետական մակարդակով ի հայտ եկած խնդիրներին կարողանան քաղաքական որոշումների ձեւով պատասխան տալ․ «Բազմաթիվ խնդիրներ ենք բացահայտել, որոնց վերաբերյալ հասարակության ներսում ձեւավորված որոշումներ կան, վերհանել ենք նաեւ որոշ խնդիրներ, որոնք նոր չեն, բայց փորձել ենք ավելի ապացուցահեն մոտեցում ցուցաբերելով՝ հետազոտական արդյունքների հիման վրա փաստագրել այն կարծիքները, որոնց մի մասը վավեր է, մյուսները՝ ոչ այնքան»։ Հավելեց, որ ներկայումս էլ աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ՝ գործողությունների ծրագիրը հղկելու եւ ավարտին հասցնելու համար։

Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար Հասմիկ Կյուրեղյանն ասաց, որ իրենց հետազոտության ընթացքում դիտարկել են ուսուցիչների կառավարման համակարգը․ «Դիտարկել ենք ուսուցիչների եւ ուսուցչական մասնագիտությանն առնչվող բոլոր իրավական փաստաթղթերը, որոնք այդ պահին առկա էին։ Գիտեմ, որ ընթացքում կառավարությունը եւ ԿԳՄՍ նախարարությունը մշակում էին հավելյալ փաստաթղթեր կամ փոփոխություններ էին անում։ Դիտարկել ենք նաեւ, թե ինչպես են առկա փաստաթղթերը կիրառման մեջ երեւում։ Դիտարկել ենք ուսուցիչների հավաքագրման գործընթացները, աշխատանքի մեջ մնալու գործընթացների հետ կապված փաստաթղթերը, նաեւ մասնագիտական զարգացման գործընթացները կարգավորող իրավական փաստաթղթերը։ Մեր հետազոտությանը մասնակցել է 1225 ուսուցիչ եւ տնօրեն»։

Նրա խոսքով, թեեւ Հանրակրթության մասին օրենքով հստակ սահմանված է, թե ով կարող է ուսուցիչ աշխատել, սակայն եւ տնօրենները եւ ուսուցիչները փաստում են, որ դա չի երաշխավորում լավագույն մասնագետների ընդունումը․ «Պատճառները մի քանիսն են․․․Ամենակարեւորը, որ նշվել է՝ պրակտիկ բաղադրիչ պակասն է այդ գործընթացում։ Շատ դեպքերում թեկնածուները կարողանում են հաղթահարել թափուր տեղի համար հայտարարված մրցույթի փուլերը՝ գրավոր թեստն ու հարցազրույցը, սակայն գործնական դասավանդման ընթացքում չեն կարողանում աշխատել աշակերտների հետ։ Երբ հետազոտությունը վերլուծում ես, առաջինը, այո պրակտիկ բաղադրիչի բացն է գործընթացում, երկրորդը՝ դպրոց մտնող նոր ուսուցիչների համար ներածական եւ մենթորության գործընթացի բացակայությունը։ Վերջինս հենց այն կետերից է, որի վերաբերյալ մեր հետազոտությունը առաջարկ է ներկայացրել»։ Ըստ Հասմիկ Կյուրեղյանի, նոր ուսուցիչները հավելյալ աջակցության կարիք ունեն, որը շատ դպրոցներում չի տրամադրվում ու չի կարգավորվում։

Անդրադառնալով որակյալ ուսուցիչների պակասին, Հայաստանում ուսուցիչների կառավարման համակարգի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավարը նշեց մի քանի էական պատճառ․ «Ցածր աշխատավարձի խնդիրը կա, ուսուցչական մասնագիտության ցածր կարգավիճակը, ուսուցիչ դառնալու համար համապատասխան որակի ցածր լինելը։ Այս բոլոր գործոնները նպաստում են նրան, ու ուսուցչի մասնագիտությունը գրավիչ չլինի Հայաստանում։ Բայց այնպես չէ, որ այս խնդիրը միայն Հայաստանում է, պարզապես մեզանում ավելի ակնառու է երեւում։ Ընդ որում, խնդիրն ավելի ընդգծված է հատկապես մարզերում եւ սահմանայինն համայնքներում»։

Հայաստանի կրթության ոլորտի վերլուծության փորձագիտական խմբի ղեկավար Սևակ Հովհաննիսյանի խոսքով, կրթությունն առնչություն ունի բոլոր ոլորտների հետ: Նա ընդգծեց, որ իրենց հետազոտությունը մի քանի ուղղություններով է գնահատել կրթության իրավիճակը։ Մասնավորապես ասաց, որ շատ կարեւոր է կրթության ռազմավարության պլանավորման մեջ հաշվի առնվեն ժողովրդագրական փոփոխությունները։ Ասաց, որ մինչեւ 2030թ-ի համար կատարված իրենց կանխատեսումներով՝ 3-5 տարեկան բնակչության թվաքանակը կնվազի 15,3 տոկոսով, դպրոցահասակների թիվը՝ 6 տոկոսով։ Եվ այդ փոփոխություններն, ըստ նրա համասեռ չեն ողջ Հայաստանի տարածքում, քանի որ Երեւանն ու մարզերը շատ տարբերվում են միմյանցից։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները` Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31